Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչպես էին «անմեղսունակ»

Մայիս 15,2009 00:00

Սամվել Նիկոյանը դրա պատասխանը չունի

«Անկեղծ ասած, ինձ մոտ եւս տարակուսանք առաջացրեց այն ձեւակերպումը, որ հանցագործության կատարման պահին նա եղել է անմեղսունակ: Ես չեմ կարող դրան հստակ «այո» կամ «ոչ» ասել: Ես այն կարծիքին չեմ, որ մասնագետ եմ եւ կարող եմ մարդու հետ շփվելուց վստահաբար ասել՝ նա այդ պահին անմեղսունա՞կ էր, թե՞ առողջ էր, բայց ես քրեակատարողական հիմնարկում այցելության եմ գնացել Շանթին, հանդիպել եմ նրա հետ, եւ բավականին երկար զրուցել ենք. նա շատ մարտական, իրեն հատուկ, որովհետեւ մինչ այդ էլ եմ իրեն ճանաչել, իր ոճի մեջ վարքագիծ ուներ եւ, անկեղծ ասած, իմ կարծիքով՝ կալանավայրի, կալանքի այդ ծանր իրավիճակն ամենաթեթեւ տանողներից էր»,- երեկ «Առավոտի» հետ զրույցում արձագանքելով մեր տարակուսանքին՝ կապված Շանթ Հարությունյանին ազատ արձակելու դատահոգեբանական փորձաքննության արդյունքների հետ, ասաց «մարտի 1-ի» խորհրդարանական հանձնաժողովի նախագահ Սամվել Նիկոյանը: Անկախ ամեն ինչից՝ Սամվել Նիկոյանը ուրախ է, որ «մեկ հոգի եւս ազատության մեջ է»: Հետաքրքրվեցինք՝ արդյոք որեւէ մեկը պե՞տք է պատասխանատվություն կրի «անմեղսունակ» մարդուն մեկ տարուց ավելի անազատության մեջ պահելու համար, եւ, ի վերջո, այդ ընթացքում տվյալ անձը նաեւ նյութական ու առավել եւս՝ բարոյական վնասներ է կրել, որեւէ մեկը պատասխանատվություն պե՞տք է կրի այդ ամենի համար: «Միգուցե ժամանակին այդ խնդիրներն այդ սրությամբ չեն առաջացել: Ես մամուլով հետեւել եմ Շանթի առողջական վիճակի վերաբերյալ հրապարակումներին՝ տարբեր թեւերի, նրա կնոջ հոդվածն էլ եմ կարդացել ու հասկացել եմ, որ նրա առողջության հետ կապված որոշակի խնդիրներ կային: Երբ ընդդիմադիր լրագրողներն են ասում, որ առողջական խնդիր կա՝ ես հակված եմ նրանց հավատալու»,- ասաց պարոն Նիկոյանը: Մինչդեռ, պարոն Նիկոյանը բնավ հակված չէ հավատալու մարտիմեկյան իրադարձությունների վերաբերյալ ընդդիմադիր մամուլի հրապարակումներին: Ամեն դեպքում՝ «Ես կուզենայի, որ Շանթն այլ ձեւակերպմամբ ազատ արձակվեր»: «Առավոտի» դիտարկմանը, որ Շանթի առողջական վիճակի վատթարացման մասին լուրերը վերջին շրջանում ասպարեզ եկան, մեր զրուցակիցը համաձայնեց եւ վերահաստատեց, որ իրենց հանդիպման ժամանակ Շանթի առողջական վիճակի հետ կապված հատկանիշներ կամ հայտանիշներ ինքը չի նկատել: Ինչ վերաբերում է բարոյական վնասի փոխհատուցմանը՝ «Ո՞ր բարոյական վնասի համար: Խնդիրն այն է, որ եթե ինքն իրոք հիվանդ է եղել եւ այդքան երկար պահել են, կարող եք ասել՝ պարտավոր էիք հայտնաբերել: Բայց կարող են պատասխանել՝ սրացում, որպեսզի կարողանանք ուղարկել հետազոտության, եղել է այդ ժամանակ, եւ հայտնաբերելուն պես քայլեր ձեռնարկեցինք: Այդ հարցում որեւիցե մեկին չես կարող մեղադրել՝ գիտեիք եւ չէիք արել: Նույն հարցը ինձ կարող եք տալ, բայց ես ասում եմ, որ նրան տեսել եմ, իմ կարծիքով, ամբողջովին առողջ վիճակում»:

Հետաքրքրվեցինք՝ հնարավո՞ր է Շանթն «առաջին ծիծեռնակն է», եւ, անկախ ձեւակերպումներից, մոտ ժամանակներս ազատ կարձակվեն նաեւ սույն գործով մնացյալ կալանավորված անձինք: «Համաներման հետ կապված ես մնում եմ իմ կարծիքին՝ համաներման մասին ինչքան խոսում են մարդիկ, որոնք որեւէ առնչություն, գործ եւ դերակատարում չունեն, այնքան հետաձգում են կամ անհնարին են դարձնում համաներման գաղափարը: Իշխանությունը պարտավոր է լինել մեծահոգի, զիջող, հանդուրժող, ներող, բայց իշխանությունը չի կարող պարտվել: Քանի դեռ դուք ուզում եք պայքարով հաղթել դատաիրավական համակարգին՝ խոսել համաներման մասին, նման պարագաներում ճիշտ չէ: Իմ պատկերացումներով՝ համաներման մասին կարող ենք խոսել դատական պրոցեսների ավարտից հետո»: «Առավոտի» դիտարկմանը՝ ո՞ւմ չի կարող իշխանությունը պարտվել, հենց ձեր վկայակոչած դատական գործընթացներում իշխանությունն ինքն արդեն իրեն պարտվում է, որովհետեւ դատարաններում չափից ավելի ակնհայտ բաներ են կատարվում, Սամվել Նիկոյանն արձագանքեց. «Դուք տալիս եք ձեր գնահատականը: Ցավոք, մարտիմեկյան իրադարձությունները զարգանում են՝ ով ում կարող է հաղթել, ով է պարտվելու, տրամաբանության մեջ: Դուք ուզում եք իշխանությանը հաղթել եւ համաներում՝ չի լինելու»:

Իրավապաշտպան Վարդան Հարությունյանն էլ այս առիթով «Առավոտին» փոխանցեց. «Մենք ոչ թե պետք է խոսենք այն մասին, թե՝ ով է մեղսունակ, ով՝ անմեղսունակ, որովհետեւ կարծում եմ, որ Շանթը մշտապես շատ էլ լավ մեղսունակ է եղել, եւ նրա նկատմամբ հոգեբուժական եւ հոգեբանական ոտնձգություններն ընդամենը նպատակ ունեին նրան ընկճելու: Մենք պետք է խոսենք այն մասին, որ ՀՀ քաղաքացին ընդամենը մեկ հրապարակային ելույթի համար ձերբակալվում է եւ պահվում մեկուսարանում մեկ տարուց ավելի: Այս դեպքում, իհարկե, պետք է պատասխան տան եւ պատասխան են տալու այն մարդիկ, ովքեր շինծու մեղադրանքներով մարդկանց բանտերում են պահում»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել