Լրահոս
Օրվա լրահոսը

«ԱՅՍ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՄԵՆՔ ԹՇՆԱՄԻ ՉՈՒՆԵՆՔ»

Մայիս 15,2009 00:00

\"\"Վստահեցնում է ԲՀԿ խմբակցության անդամ, ԱԺ կրթության, գիտության, մշակույթի, սպորտի եւ երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Նաիրա Զոհրաբյանը:

– Գրեթե երկու-երեք օրը մեկ ինչ-որ ընդհարումներ են տեղի ունենում մայրաքաղաքի այս կամ այն համայնքում, որին մասնակցում են ՀՀԿ-ականները եւ ԲՀԿ-ականները: Ի՞նչն է պատճառը, որ կուսակցական ակտիվիստները թաղերում իրար հետ յոլա չեն գնում:

– Ես չէի ցանկանա այդկերպ դրամատ իզացնել իրավիճակը: Ընտրություններին մասնակցող բոլոր կուսակցություններն ունեն իրենց քաղաքական շահը, եւ հնարավոր են ինչ-ինչ տարաձայնություններ համայնքներում՝ շտաբների աշխատողների մակարդակով, ինչը քաղաքականացնել եւ ներկայացնել որպես կուսակցությունների միջեւ առճակատում, անլուրջ է։ Դուք ակնարկում եք Զեյթունում տեղի ունեցածը, որի վերաբերյալ ոստիկանությունը հանդես է եկել պարզաբանմամբ։ Չեմ կարծում, թե իմաստ ունի անձնական ինչ-ինչ հարաբերությունները՝ տարբեր կուսակցությունների շտաբների աշխատողների միջեւ, ընդհանրացնել եւ ներկայացնել որպես ԲՀԿ-ՀՀԿ հակամարտություն: Նման բան չկա. այս ընտրություններում մենք թշնամի չունենք, ունենք մրցակիցներ, եւ ընտրություններին մասնակցող բոլոր քաղաքական ուժերը մեր մրցակիցներն են։

– Սակայն Երեւանի ավագանիում մեծամասնություն ունենալու նպատակով իրար դեմ են աշխատում հատկապես իշխանական ուժերը, եւ ինչքան էլ ասեք, որ այդ կռիվները անձնավորված են եւ տեղական նշանակության, ակնհայտ է, որ քաղաքական ուժերը ձգտում են ավելի շատ ձայներ եւ լիազորություններ ստանալու խնդիր լուծել:

– Ես միանգամայն բնական եմ համարում, որ երկրի քաղաքական դաշտում լուրջ ազդեցություն ունեցող ԲՀԿ-ն, ՀՀԿ-ն եւ այլ ուժեր աշխատում են լուրջ ներկայացվածություն ունենալ Երեւանի քաղաքային իշխանությունում: Այո, «Բարգավաճ Հայաստանն» իր առջեւ խնդիր է դրել լուրջ ներկայություն ունենալու Երեւանի քաղաքային իշխանությունում: Մենք հստակ գիտենք երեւանցիների նախապատվությունները, եւ դա մեզ հիմք է տալիս եզրակացնելու, որ ԲՀԿ-ն կարող է ստանալ երեւանցիների առավելագույն քվեն: Թե՛ ընտրություններից առաջ եւ թե՛ հիմա պարբերաբար հարցումներ ենք անցկացնում, եւ մեզ համար տեսանելի են հիմնական ֆավորիտները, որոնք կվիճարկեն հաղթողի դափնին:

– Դրանց թվում անշուշտ կնշեք ԲՀԿ-ն եւ ՀՀԿ-ն, չնայած, ՀՅԴ-ն եւս կարծես լուրջ ակնկալիք ունի, համենայնդեպս՝ այդպես է ներկայացվում:

– Այլ կուսակցությունների ակնկալիքների մասին թող խոսեն իրենք։ Ես կարող եմ խոսել մեր կուսակցության անունից ու կրկին պիտի ասեմ, որ մենք ունենք Երեւանի սոցիալ-տնտեսական զարգացման բավականին լուրջ ծրագիր, բազմաթիվ չեզոք փորձագետներ հենց մեր ծրագիրն են համարել պոպուլիզմից զերծ եւ ռեալ լուծումներ առաջարկող: Մինչ ծրագիրը կազմելը՝ հարցումներ ենք անցկացրել երեւանցիների շրջանում՝ պարզելու, թե ինչ խնդիրներ են այսօր առաջնահերթ հուզում մայրաքաղաքի բնակիչներին: Այդ հիմնախնդիրների պատասխաններն էլ ներառել ենք մեր ծրագրում:

– Փաստորեն, «չեզոք» փորձագետներ դեռ կան:

– Քիչ, բայց դեռ կան: Երբ լրատվամիջոցում, որը երբեւէ քո շահը չի պաշտպանել, հանդիպում ես փորձագետի կարծիքի, որը, անկողմնակալ գնահատելով առաջադրված ծրագրերը, գտնում է, որ ԲՀԿ-ի ծրագիրը զուրկ է անիրականանալի խոստումներից, ապա չես կարող դա չգնահատել որպես չեզոք գնահատական: Մենք կարող էինք մեր ծրագրում գրել, որ մեկ շաբաթում Երեւանը դարձնելու ենք Շվեյցարիա, բայց հասկանում ենք, որ յուրաքանչյուր խոստում պիտի հնարավոր լինի կատարել, ուստի փորձել ենք լինել համեստ եւ իրատես։

– ԲՀԿ-ի քարոզարշավը, իմ տպավորությամբ, ամենաճոխն է. ամենից շատ մարդիկ են բերվում, ծաղիկներ, դրոշներ, կարծես ոչ թե ավագանու, այլ նախագահական ընտրության եք պատրաստվում: Բոլոր ելույթ ունեցողները զբաղված են կուսակցության առաջնորդի գովաբանությամբ, երբ նրա անունը չկա էլ ցուցակում:

– Նախ, մեր հանրահավաքներին մարդիկ չեն բերվում, մարդիկ գալիս են: Ինչ վերաբերում է նրան, որ մեր քարոզչական մարտավարության հիմնական բրենդը Գագիկ Ծառուկյանի կերպարն է, կարծում եմ, դա բավական աշխատող տեխնոլոգիա է. ապացույցն է այն, որ օրեցօր մեր հանրահավաքները շատ ավելի ակտիվ են դառնում, մարդկանց հոսքը մեծանում է: Նաեւ որպես լրագրող ուզում եմ կողքից գնահատել մեր քարոզարշավը. կարծում եմ՝ մեզ հաջողվում է ճիշտ օգտագործել քարոզչական արսենալի բոլոր գործիքները՝ լինեն բակային հանդիպումներ, թե հանրահավաքներ: Ամեն օր մեր ակտիվիստները բակային հանդիպումներ են ունենում թաղերում, ներկայացնում են ծրագիրը, լսում երեւանցիների առաջարկությունները, եւ մեր վերլուծական խումբը ողջ նյութը օրվա ավարտին շտաբում ամփոփում է, եւ հաջորդ հանրահավաքում փորձում ենք մեր ելույթները կառուցել հենց այդ վերլուծությունների հիման վրա:

– Ընտրական հանձնաժողովներում ԲՀԿ-ի տեղերի մասին ասել էիք, որ ձեր ունեցած տեղերը բավարար են, եւ «Ժառանգությունից» որեւէ բան չեք ուզել: Իրո՞ք չեք ուզել:

– Մենք կարողացանք ձեւավորել պրոֆեսիոնալների թիմ, որոնք հստակ տիրապետում են անհրաժեշտ օրենսդրությանը եւ կարող են գրագետ աշխատել հանձնաժողովներում: Կազմակերպել ենք թրեյնինգներ հանձնաժողովների մեր անդամների, վստահված անձանց համար… Իսկ մեղադրանքները, որ հնչել են, թե, իբր, փորձ է արվում գնել «Ժառանգության» տեղերը, կրկնում եմ՝ ես կառաջարկեի «Ժառանգության» ներկայացուցիչներին տիրություն անել հանձնաժողովների իրենց անդամներին եւ անպատասխանատու հայտարարություններ չանել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել