Լրահոս
Օրվա լրահոսը

ՊԱՇՏՊԱՆՈ՞ՒՄ ԵՆ

Մայիս 15,2009 00:00

Երեկ ՀՀ գլխավոր դատախազությունը հաղորդագրություն է տարածել, որով հերքել է «Յոթի գործով» անցնող վկաների հանդեպ ճնշումներ գործադրելու մասին տեղեկությունները. «Վկայի՝ դատարան, նախնական քննության մարմիններ ներկայանալուն կամ նրանց ցուցմունք տալուն խոչընդոտելը, սուտ ցուցմունք տալուն հարկադրելը արդարադատության դեմ ուղղված հանցագործություններ են եւ համարվում են քրեորեն հետապնդելի արարքներ»: Ըստ դատախազության, «որոշ վկաների գործողություններ գտնվում են կոնկրետ քաղաքական ուժի մշտական ճնշման ներքո, ինչն անընդունելի է արդարադատության իրականացման եւ օրինականության տեսանկյունից»: Հաղորդագրության մեջ նշված է նաեւ, թե «որոշ քաղաքական ուժեր իրենց իրավունք են վերապահում հանդես գալ վկայի խոսափողի դերում եւ հայտարարություններ անել նրանց փոխարեն՝ կանխորոշելով եւ ուղղորդելով վկաներին, պարտադրելով հանդես գալ իրականությանը չհամապատասխանող հայտարարություններով, ցուցմունքներով»: Սա վերաբերում է ՀԱԿ-ի՝ մայիսի 13-ին արած հայտարարությանը, ըստ որի, վկա Խաչիկ Դավթյանը, մայիսի 13-ին հրավիրվելով ՀՔԾ՝ հարցաքննության, երեք ժամ փաստաբանի հետ միասին «հոգեբանական ճնշման է ենթարկվել, նրան փորձել են ահաբեկել, սպառնացել են կալանավորել»: Այս հայտարարությունը գնահատելով որպես, հերթական ապատեղեկատվություն՝ դատախազությունը վկայակոչել է վկայի փաստաբան Վարդուհի Էլբակյանին, որը հերքել է այդ տեղեկատվությունը: Ըստ հաղորդագրության, բազմաթիվ վկաներ ահազանգել են իրենց նկատմամբ առկա ճնշումների եւ սպառնալիքների մասին, ոմանք միջնորդել են իրենց պաշտպանել, ինչը եւ արվում է օրենքով սահմանված կարգով:

Հիշեցնենք, որ ԱԺ պատգամավորներ Սասուն Միքայելյանի եւ Մյասնիկ Մալխասյանի գործերով վկա Ռաֆայել Բալբաբյանն ինքն է երեկ հայտարարել ոստիկանության, դատախազության, «քննչականի», նաեւ Չարենցավանի քաղաքապետի կողմից իրեն ճնշումների ենթարկելու մասին՝ «ամեն օր տանում-բերում են, համոզում են Մ. Մալխասյանի մասին տված ցուցմունքները հիմք ընդունեմ ու ստորագրեմ, դրանից հետո կպրծնեմ դատարանից: Ասել եմ՝ ոչ»: Ի դեպ, ո՛չ նա եւ ո՛չ էլ Ս. Միքայելյանի գործով վկա Թաթուլ Կարապետյանը չեն դիմել իրենց անվտանգությունը ապահովելու համար: Ավելին, նրանք բողոքում են հենց իրավապահների կողմից գործադրվող ճնշումներից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել