Լրահոս
Տնկվել է շուրջ 2500 ծառ
«Իբր պետություն»
Օրվա լրահոսը

Ադիբեկյանն առյուծի սիրտ է կերել

Մայիս 15,2009 00:00

Սոցիոլոգը շարունակում է հրապարակավ հեգնանքով խոսել Գագիկ Ծառուկյանի մասին

«Սոցիոմետր» կենտրոնի ղեկավար Ահարոն Ադիբեկյանը երեկ «Դե ֆակտո» ակումբում ներկայացրեց ավագանու ընտրությունների նախընտրական արշավի արդյունավետության գնահատման վերաբերյալ մայիսի 8-9-ին անցկացրած սոցիոլոգիական հարցման արդյունքները: Հիշեցնենք, որ նրա հետազոտության պատվիրատուներից մեկը ՀՀԿ-ն է:

Եվ ըստ այս հարցման՝ ընտրություններին 36,5% մասնակցության դեպքում ձայների հավանական բաշխումն այսպիսին է. ՀՀԿ՝ 55%, ԲՀԿ՝ 21%, ՀԱԿ՝ 14%: Հավանական է նաեւ 4-րդ ուժի ավագանի անցնելը, սակայն դեռ պարզ չէ՝ դա ՀՅԴ-ն է, թե՞ ՕԵԿ-ը: Ըստ Ահարոն Ադիբեկյանի՝ կոալիցիայից դուրս գալը դրական հետեւանք չունեցավ ՀՅԴ-ի համար. «Քանի որ կորցնելով իշխանությունը՝ նա կորցնում է ընտրողների այն մասը, որը հակված է իշխանական կուսակցությանը ձայն տալուն։ Ու նա չի հասցնի այս ժամանակահատվածում հանդես գալ որպես ընդդիմադիր, որովհետեւ տարաձայնությունները մենակ 1-2 հարցի վերաբերյալ են՝ թուրք-հայկական հարաբերություններ եւ մեր դատի խնդիրը։ Մնացած հարցերում ոնց որ թե կոալիցիայի եւ ՀՅԴ-ի միջեւ տարբերություն չկա, այնպես որ նա չի էլ ընկալվում որպես ընդդիմություն: Հետեւաբար նրա ձայների շատ դանդաղ աճը նրանից է գալիս, որ այս դեմարշը քաղաքական դիվիդենդներ չբերեց»։

Ըստ «Սոցիոմետրի» ղեկավարի՝ ճանաչվածության առումով ԲՀԿ-ն մոտեցել, նույնիսկ հավասարվել է ՀՀԿ-ին, Քուշկյանի առաջադրման մասին իմացողներն աճել են 2,5 անգամ: Թեեւ նաեւ դիտողություն արեց. «Հզոր Ծառուկյանի կրծքի հետեւից չի երեւում Քուշկյանը, նա նրա ստվերում է: Քուշկյանին առաջ մղելու փոխարեն՝ Ծառուկյանն իրեն է առաջ մղում: Գուցե դա նրանց քարոզարշավի մարտավարությունի՞ց է գալիս»:

«Առավոտի» հարցին, թե ո՞րն է ԲՀԿ-ի վարկանիշի նման աճի պատճառը՝ գուցե հզոր Ծառուկյանի առյուծների վանդակում հայտնվելու հեռանկա՞րը՝ Ահարոն Ադիբեկյանը պատասխանեց. «Եթե միացնում ենք ցանկացած հեռուստաալիք՝ ո՞ւմ ենք տեսնում. Բեգլարյան ենք տեսնում եւ Ծառուկյան: Մեկ-մեկ տեսնում ենք Լեւոն Տեր-Պետրոսյան: Կարապետյանը եւ սոցիալիստական կուսակցության առաջին համարը ընդհանրապես չեն երեւում»: Ընդմիջենք՝ նշելու համար, թե Տիգրան Կարապետյանին անշուշտ հնարավոր չէ տեսնել որեւէ ալիքով՝ անգամ ԱԼՄ-ով: «Ծանոթության վարկանիշը դեռ ոչինչ չի նշանակում, ու դրա մեջ ինչ-որ նման միտում գտնելն, ինձ թվում է, անհիմն է»,- մեր հարցին ի պատասխան՝ եզրափակեց Ահարոն Ադիբեկյանը:

«Լրագրի» թղթակիցը հիշեցրեց, որ Միջազգային եվրոպական շարժումը «Տարվա լավագույն եվրոպացի» մրցանակին արժանացրեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահին: Մինչդեռ դրանից մի քանի օր առաջ Ահարոն Ադիբեկյանը Գագիկ Ծառուկյանին բնութագրել էր որպես «ռեստորանային մտածողություն ունեցող գործիչ»: Հարցին՝ «Այդ երեւույթն օգնե՞ց փոխել Ձեր կարծիքը Գագիկ Ծառուկյանի մասին»՝ Ահարոն Ադիբեկյանը պատասխանեց. «Չէ, այդ երեւույթն ինձ համոզեց, որ եթե ես մի 20 հազար դոլար ունենայի, նույն պաշտոնը ես կգնեի: Դրանք վաճառվող պաշտոններ են: Նման վարկանիշային զանազան հիմնադրամներ կան աշխարհում. եթե գումար ես տալիս, նա քեզ դարձնում է այդ խմբի, ոնց որ թե ակումբի անդամ: Ուղղակի նման պաշտոն ինձ պետք չի: Եթե ինձ շա՜տ պետք լիներ, գուցե այդ գումարը կճարեի, ես էլ կդառնայի լավագույն եվրոպացի»: Ճշտմանը, թե մնո՞ւմ է նույն կարծիքին, որ Ծառուկյանը «ռեստորանային մտածողություն կրող գործիչ» է՝ սոցիոլոգն այսպես արձագանքեց, թե կատարվածից հետո «պարզվեց, որ նա չի էլ փորձում հասկանալ, թե իրողությունն ինչ է: Ես մի 3 ամիս առաջ առաջարկեցի չափել նրա իմիջը: Կոչվում է սեմանտիկ դիֆերենցիալ՝ դա սոցիալ-հոգեբանական հատուկ չափում է, սոցհարցում չի: Հայաստանում մի քանի լիդերներ կան, որոնց էդ ծառայությունը մենք մատուցել ենք մի քանի անգամ՝ ֆիքսելով, թե նրա իմիջը ոնց է փոխվում իմիջմեյքերների գործունեության հետեւանքով: Նույն բանն առաջարկեցի, նա ոնց որ թե ասաց՝ լավ, կանենք: Բայց քանի որ նրա խոսքը գործ է՝ նրա խոսքը գործի չանցավ: Հա, հետո ասացին, որ նա իբր ինձ չի տվել սոցհարցում՝ ես մուռ եմ հանում: Տենց բան չկա: Վարսավիրը ո՞նց կարող է էն մարդուց, որը չի ուզում, որ իր գլուխը դու հարդարես՝ նեղանա կամ դառնա թշնամի: Չես ուզում՝ չես ուզում: Մնա քո մակարդակին: Ամենակարեւորը՝ թագավորին շրջապատն է ստեղծում. դա հին ասացվածք է։ Իր շրջապատը գավառական, կիսագրագետ է։ Դժբախտաբար եմ ասում, որովհետեւ եթե նա ունենար նորմալ շրջապատ, նա կարող է լրիվ ուրիշ որակների կրող լինել»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել