Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՆԿԱԶՄԱԿԵՐՊ ՈՒ ԹՈՒՅԼ ՔԱՐՈԶԱՐՇԱՎ

Մայիս 15,2009 00:00

Քաղաքական տեխնոլոգ Արմեն Բադալյանն այսպես գնահատեց Երեւանի ավագանու թեկնածուների մինչ այս վարած քարոզարշավը:

Երեւանի ավագանու ընտրություններում թեկնածու 6 կուսակցությունների եւ 1 դաշինքի քարոզարշավին մնացել է ընդամենը երկու շաբաթ: Քաղաքական տեխնոլոգ Արմեն Բադալյանին խնդրեցինք գնահատել թեկնածու ուժերի քարոզարշավը: Նրա համոզմամբ, Երեւանի ավագանիում այս կամ այն ճանապարհով կարող են բավականին կարեւոր տեղեր զբաղեցնել 7 թեկնածուներից միայն երեքը՝ ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն եւ ՀԱԿ-ը: «Չեմ գնահատի ՕԵԿ-ին, որովհետեւ Արթուր Բաղդասարյանի անցյալ տարվա հայտնի գործելակերպից հետո հուսալ, թե ՕԵԿ-ը կարող է ավագանիում տեղ ունենալ, եւ առավել եւս՝ Հեղինե Բիշարյանն էլ կդառնա քաղաքապետ, միանշանակորեն լուրջ չէ: Չեմ գնահատի ՀՅԴ-ին, որովհետեւ ընտրությունների ժամանակ մարդիկ ընտրում են իրենց ենթագիտակցության մեջ ձեւավորված կերպարին, որը մասնագիտական լեզվով կոչվում է գերակա ստերեոտիպ: ՀՅԴ-ն ասում է, որ ինքը դուրս է եկել իշխանական կոալիցիայից եւ հիմա ընդդիմություն է: Բայց հասարակությունը ունի ընդդիմության իր պատկերացումը՝ ընդդիմադիր կուսակցության անդամներին ձերբակալում են, նրանց բիզնեսը խլում են, ընդդիմության հեռուստաընկերությունը փակում են, նրանց հանրահավաքները արգելում են, նրանց անդամներին ծեծում են, թույլ չեն տալիս Հյուսիսային պողոտայով քայլել եւ այլն: Եթե մարդիկ տեսան, որ այդ ուժը չի համապատասխանում իրենց այդ պատկերացումներին, ապա ոչինչ անել չի հաջողվի: ՀՅԴ-ն փորձում է խաղալ, այսպես կոչված՝ բողոքավոր էլեկտորատի վրա, բայց Հայաստանում այդպիսի անդեմ էլեկտորատ չկա, եւ դա, գոնե այս պահի համար, սխալ հաշվարկ է: Տիգրան Կարապետյանի գլխավորած ԺԿ-ն չեմ կարծում, թե լուրջ տոկոս կհավաքի, թեեւ չեմ զարմանա, եթե այդ կուսակցությունը ավելի շատ ձայն հավաքի, քան ՕԵԿ-ն ու ՀՅԴ-ն»,- ասաց Ա. Բադալյանը:

Խոսելով առաջիկա ընտրություններում, իր ձեւակերպմամբ, ռեալ գործոնների՝ ՀՀԿ-ի, ԲՀԿ-ի եւ ՀԱԿ-ի մասին՝ քաղաքական տեխնոլոգիաների մասնագետն ասաց, թե այդ երեքից «ընդամենը համեմատաբար, ինչ-որ չափով ակտիվ է ՀԱԿ-ի վարած քարոզարշավը, բայց այն ընդհանուր առմամբ թույլ է ու անկազմակերպ: Կան բավականին տեխնոլոգիաներ, որ ՀԱԿ-ը չի կիրառում: Այսօր Երեւանի ավագանու անդամ դառնալու երկու գործոն կա. կա՛մ պետք է ունենալ բարձր վարկանիշ, կա՛մ տիրապետել վարչական ռեսուրսին, կա՛մ երկուսն էլ միասին: Օրինակ, ՀՀԿ-ն ինչ-որ չափով վարկանիշ ունի, կա նրան ձայն տվող ընտրազանգված: Թե այդ ընտրազանգվածի ո՞ր մասն է հակալեւոնական, ՀՀԿ-ական, կամ ո՞ր տոկոսն է, որին այս կյանքը ձեռք է տալիս, այլ խնդիր է: ՀՀԿ-ն տվյալ դեպքում ե՛ւ որոշակի էլեկտորատ, ե՛ւ վարչական ռեսուրսներ ունի, բայց հաջող քարոզարշավ չի վարում: Ես նոր ասացի, որ թեկնածուին ընտրում են ըստ արդեն ձեւավորված կերպարի: ՀՀԿ նախընտրական շտաբն այդպես էլ չկարողացավ ձեւավորել իր թեկնածուի՝ Գագիկ Բեգլարյանի կերպարը: Նա չկարողացավ ընտրողին բացատրել, թե հանուն ինչի մարդը պետք է ձայն տա Գ. Բեգլարյանին՝ ինտելեկտի՞, ընդգծված ուժեղ կերպարի՞, լավ մենեջեր լինելո՞ւ, թե՞ այլ արժանիքի համար: Հիմա կասեք՝ նա ի՞նչ կերպար է, որ կարողանային ներկայացնել: Դա կապ չունի: Եթե թեկնածուն ունի որոշակիորեն ընդգծված բնորոշ գիծ, ապա պետք էր դա զարգացնել, իսկ Գ. Բեգլարյանը լրիվ զրոյական կերպար չի»:

Ինչ վերաբերում է ԲՀԿ թեկնածու Հարություն Քուշկյանին, ապա նրա քարոզչությունը փորձագետն է՛լ ավելի վատ գնահատեց. «Ես, իհարկե, հասկանում եմ, որ նա մեր քաղաքական դաշտում այն կշիռը չուներ եւ նրան պետք էր ներկայացնել Գագիկ Ծառուկյանի վարկանիշի միջոցով, որպեսզի նա հավակնի ավագանիում բավականին զգալի տեղ ստանալուն: Բայց դա էլ չափ ու սահման պիտի ունենա: Երկու օր առաջ հեռուստացույցով նայում էի ԲՀԿ-ի հանդիպումը համայնքներից մեկում: Քաղաքապետի թեկնածու Հ. Քուշկյանն ասում է՝ ձեր ձայնը տվեք Գ. Ծառուկյանին, դուք բոլորդ նրան ճանաչում եք: Թեկնածուն ինքն է կոչ անում ձայնը տալ Գ. Ծառուկյանին՝ փոխանակ մյուսները կոչ անեն քվեարկել Քուշկյանին: Իմ կարծիքով, ԲՀԿ-ն մտածում է, որ սրանք խորհրդարանական ընտրություններ են: Իհարկե, ե՛ւ ԱԺ, ե՛ւ ավագանու ընտրություններին կուսակցություններ են մասնակցում, բայց եթե դու ԱԺ ընտրությունների ժամանակ ընտրում ես կուսակցությունը, չես մտածում, որ այդ ցուցակի առաջին տեղում եղած մարդը դառնալու է ԱԺ նախագահ, երկրորդը՝ վարչապետ եւ այլն: Ընտրողն ընտրում է կուսակցությունը: Իսկ այս ընտրություններում ցուցակում առաջինը դառնալու է քաղաքապետ: ԲՀԿ-ի մոտ այս տարբերությունը չի ընկալվել: Նրանք քաղաքապետի իրենց թեկնածուին չկարողացան ներկայացնել: Ի վերջո, ո՞վ է Հ. Քուշկյանը: Չբացահայտվեց, որ նա որոշակի առավելություն ունի, օրինակ՝ Գ. Բեգլարյանի կամ մյուս թեկնածուների համեմատությամբ, մինչդեռ նա՝ որպես առողջապահության բնագավառի ներկայացուցիչ, գուցեեւ, լավ մենեջեր է, բարեփոխումներ է արել, մեծ ծրագրեր ունի եւ այլն: ԲՀԿ-ի քարոզարշավի մեխն այս ողջ ընթացքում Գ. Ծառուկյանն էր»: Ըստ քաղաքական տեխնոլոգի, այլ կլիներ, եթե Ծառուկյանը քարոզարշավի փուլում ներկայանար ընդամենը որպես ԲՀԿ կողմից քաղաքապետի թեկնածուին աջակցող գործիչ. «Ի վերջո, մրցակից թիմը կարող է ճշտում անել, թե՝ երեւանցինե՛ր, մի խաբնվեք, դուք քաղաքապետ եք ընտրելու ոչ թե Ծառուկյանին, այլ Քուշկյանին, ու ԲՀԿ-ի քարոզարշավի ամբողջ տրամաբանությունը կփլվի: Հիմա դա ուղղել արդեն չի ստացվի. քարոզարշավին մնացել է 15 օր»:

Ա. Բադալյանի դիտարկմամբ. «ՀԱԿ դաշինքի առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի կերպարը համապատասխանում է նրանց քարոզարշավի տրամաբանությանը, նա ընդգծված քաղաքական գործիչ է, եւ մարդիկ հասկանում են, որ նա պայքարում է այս իշխանությունների դեմ, ու եթե նրան հաջողվի ավագանիում մեծամասնություն ստանալ եւ դառնալ քաղաքապետ, ապա նա հենց այն կերպարն է, որ կարող է հակակշռել իշխանությանը: Նրա կարգախոսը՝ «Փոխենք Հայաստանը, սկսենք Երեւանից», ՀԱԿ-ի թեկնածուի օգտին ինչ-որ չափով աշխատում է: Իհարկե, այդ կերպարն ունի նաեւ թույլ կողմեր: Նրա՝ որպես համակարգն աշխատեցնող լավ մենեջերի կերպարը այս քարոզարշավի ընթացքում չի ընդգծվել, իսկ այն, որ նա եղել է երկրի նախագահ, դեռ բավարար չէ, որովհետեւ երկրի նախագահն ու Երեւանի քաղաքապետը, ի վերջո, տարբեր գործառույթներ ունեն»: Մասնագետը նաեւ նկատեց, որ հիշյալ բոլոր երեք ուժերի վարած քարոզարշավն էլ անհամեմատ պասիվ է, անկազմակերպ ու թույլ, նրանք մինչեւ հիմա օգտագործել են քաղաքական տեխնոլոգիաների շատ սահմանափակ ձեւեր. «Մենք տեսել ենք հանրահավաքներ, երթեր, բակային հանդիպումներ, հեռուստատեսությամբ մի քանի րոպեանոց քարոզչական հոլովակներ, մեկ-երկու բուկլետ եւ նույնքան մեծադիր պաստառներ, որն ունի ԲՀԿ-ն: Անցյալ ընտրությունների ժամանակ, օրինակ՝ DVD-ներ, թռուցիկներ, բուկլետներ կային: Այս անգամ միայն ՀԱԿ-ը թռուցիկներ ունի, այն էլ՝ իրազեկման: Անցած ընտրությունների ժամանակ նույն Լ. Տեր-Պետրոսյանի թիմը տարածում էր թռուցիկներ՝ «Հաղթելու ենք» մակագրությամբ եւ այլն: Տպավորություն կա, թե այս անգամ բոլոր թեկնածուները կամ ալարել են դա անել, կամ ֆինանսներն են ափսոսում, կամ էլ մտածում են՝ դե, Երեւանն է, էլի, բոլորը գիտեն: Դա սխալ է, որովհետեւ թեկնածուի ուժեղ կերպարը ձեւավորվում է նաեւ նրանով, թե արդյոք նա քարոզչական բոլոր նիշանե՞րն է զբաղեցնում: Սա թեկնածուին կարող է բերել ընդամենը 1 տոկոս, բայց երբ ընտրողը տեսնում է, որ դու ամեն տեղ կաս, նրա մոտ նաեւ այդ թեկնածուի ուժեղության եւ վստահության մասին կարծիք է ձեւավորվում: Այս ֆենոմենն անտեսելը ճիշտ մոտեցում չէ»:

Մի խոսքով, քաղաքական տեխնոլոգ Ա. Բադալյանը Երեւանի ավագանու երեք ֆավորիտ համարվող թեկնածուների քարոզարշավն էլ գնահատեց անբավարար: Նա անգամ դժվարացավ ասել՝ ՀԱԿ-ը կկարողանա՞ պահել այդ ընտրությունների արդյունքում ստացած քվեները, թե՞ ոչ: Փոխարենը կարծիք հայտնեց, թե հետընտրական պրոցեսների վրա հույս դնելը եւս ռացիոնալ չէ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել