Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՐԲ ՄԱՅԹՈՎ ՔԱՅԼՈՒՄ ԵՍ ՈՒ ՆԱՅՈՒՄ ՄԱՐԴՈՒ ԱՉՔԵՐԻ ՄԵՋ

Մայիս 15,2009 00:00

\"\"Քաղաքապետի ՀՅԴ թեկնածուն քարոզարշավի համար ընտրում է ոչ ավանդական վայրեր՝ շուկաներ, գետնանցումներ եւ այլն:

ՀՅԴ համամասնական ցուցակը գլխավորող Արծվիկ Մինասյանն ավագանու ընտրությունների քարոզարշավի ընթացքում կիրառում է մի մարտավարություն, որը 1999-ին վարչապետ նշանակվելուց հետո իրականացրել էր Վազգեն Սարգսյանը: Հիշեցնենք, որ նրա առաջին այցերից մեկը «ֆայլաբազար» էր, որտեղ զրույցի բռնվեց բանվորների հետ:

Իսկ քաղաքապետի թեկնածու Արծվիկ Մինասյանը մայիսի 10-ին Արաբկիրի շուկա է այցելել՝ վաճառողների հետ հանդիպելու, զրուցելու նպատակով: Եվ ըստ ՀՅԴ ցուցակը գլխավորողի նախընտրական www.qaghaqapet.am կայքէջի՝ լսել է «քաղաքի խնդիրների լուծմանը վերաբերող նրանց առաջարկները»: Իսկ մայիսի 11-ին եւ 12-ին այցելել է մետրոյի «Գարեգին Նժդեհ» ու «Բարեկամություն» կայարաններին հարող գետնանցումներ, եւ ըստ նույն կայքէջի՝ այդ «հանդիպումները թեկնածուի համար նաեւ ճանաչողական էին:

Թեկնածուն լսեց ու պատասխանեց քաղաքացիներին հուզող հարցերին, ծանոթացավ նրանց աշխատանքային պայմաններին, ներկայացրեց իր բարեփոխումների ծրագիրը»:

«Առավոտի» հարցին, թե ո՞րն է նման այցերի նպատակը՝ Արծվիկ Մինասյանը պատասխանեց. «Մենք որոշեցինք այցելել նման հանրային վայրեր՝ մի հիմնական պատճառով. այս վայրերում աշխատողները զբաղվածության պատճառով, բնական է, չեն կարող այցելել այնպիսի միջոցառումների, որոնք նախատեսված են բակային կամ այլ՝ ավելի ընդգրկուն ձեւաչափով: Եվ հետեւաբար՝ որոշեցի, թե ավելի ճիշտ կլինի, որ անձամբ այցելեմ իրենց, ողջունեմ ու ծանոթանամ այն խնդիրներին, որոնք իրենք կարեւորում են»:

ՀՅԴ ցուցակը գլխավորողը նաեւ կարծում է, թե քաղաքապետի յուրաքանչյուր թեկնածու ինքը պիտի հոգա, որ Երեւանի բնակիչները ճանաչեն իրեն, ծանոթ լինեն իր ծրագրերին ու ճիշտ կողմնորոշվեն քաղաքապետի ընտրության հարցում:

Մեր հարցին, թե ինչպես են անցնում այս հանդիպումները՝ Արծվիկ Մինասյանը պատասխանեց. «Հանդիպումներն անցնում են շատ բարձր ու լավ տրամադրությամբ: Անտարակույս՝ հնչում են նաեւ մտահոգություններ, մտորումներ, որոնք ես հաշվի եմ առնում: Եվ առաջիկայում, երբ արդեն ավելի մեծ ձեւաչափով հանդիպումների ժամանակ ելույթներ ունենամ՝ կներկայացնեմ նաեւ այդ հիմնախնդիրներն ու դրանց լուծման ուղիները»:

Հետաքրքրվեցինք, թե առաջիկայում նման էլ ի՞նչ վայրեր այցելելու ծրագրեր ունի, եւ Արծվիկ Մինասյանը պատասխանեց. «Բազմաթիվ են դրանք: Գիտեք, հանրային վայրը նաեւ պարզապես մայթով քայլելն է, երբ քայլում ես եւ ուղիղ նայում մարդու աչքերի մեջ, ներկայանում ու փորձում լսել իր տեսակետը թե՛ ընտրությունների, թե՛ ընդհանրապես մայրաքաղաքի կառավարման իրենց պատկերացումների վերաբերյալ: Ընդհանուր առմամբ՝ կարծում եմ, որ այդ պահվածքը՝ հասարակության մեջ հայտնվելն ու մարդկանց հետ զրուցելը պետք է միշտ հատուկ լինի հանրային եւ առավել եւս՝ քաղաքական գործչին»:

Նշենք, որ Արծվիկ Մինասյանը մայիսի 7-ի ասուլիսում հայտնել էր, թե ծրագրում է կիրառել «Տնից տուն» մարտավարությունը: Այն ժամանակ «Առավոտը» հետաքրքրվել էր՝ մենա՞կ է այցելելու, թե՞ քարոզչական խմբով՝ հաշվի առնելով, որ ճգնաժամի պայմաններում հայ ընտանիքներին դժվար կլինի նրանց հավուր պատշաճի հյուրընկալելը: Ի պատասխան՝ ՀՅԴ թեկնածուն ասել էր. «Եթե այդ մեխանիզմը կիրառվի (ես ասացի, դա որպես ծրագիր է հիմա քննարկվում), ես կարծում եմ, որ Փառք Աստծո, մեր ավագանիի ցանկում ընդգրկված են մարդիկ, որոնցից ամեն մեկը կարող է այդ բեռն իր վրա վերցնել եւ այցելել առանց ուտելիքի: Ի դեպ՝ մի մոռացեք, ես նաեւ 2003 թվականին մեծամասնական ընտրակարգով թեկնածու եմ եղել եւ շրջանի գյուղերում բավական մեծ փորձ ունեմ մենակ պտտվել, առանց սննդի»: Երեկ հետաքրքրվեցինք՝ կիրառո՞ւմ են «տնից տուն» մարտավարությունը, եւ Արծվիկ Մինասյանն ասաց. «Այո, այն ներկայումս իրականացվում է: Եվ մեր ավագանու թեկնածուները, բնականաբար, ընդգրկված են այդ ծրագրի մեջ»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել