Լրահոս
Օրվա լրահոսը

ՓՈԽԱԴԱՐՁ ՀԱԿԱԳՐՈՀՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ

Մայիս 14,2009 00:00

\"\"ՀՖՖ-«Արարատ» ակումբ շարունակվող դիմակայությունը, ֆուտբոլային լեզվով ասած, գնալով անզիջում է դառնում: Սակայն չէինք ասի, թե այդ պայքարն անցնում է դիտարժան՝ հաճելի լարվածության մեջ պահելով հանդիսականներին, որի դերը տվյալ պարագայում պարտադրված է լրագրողներին:

Վերջին օրերին փոխադարձ գրոհներն ավելի սուր բնույթ են ընդունել: Ո՞վ կխփի ոսկե գոլը, հայտնի չէ: Մի քանի օր առաջ «Արարատ» ակումբի ղեկավարությունը մամուլի ասուլիս էր հրավիրել եւ իրենց բոլոր անհաջողությունների համար մեղադրում էր ՀՖՖ-ին՝ ի դեմս ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանի: Դրան հետեւեց Ռուբեն Հայրապետյանի հանդիպումը լրատվամիջոցների հետ, որի ժամանակ նա ներկայացրեց հակառակն ապացուցող փաստարկներ: Թվում է, թե ներսում կուտակված մաղձը թափելով՝ կրքերը պետք է հանգստանային: Բայց՝ ոչ, այդպես չէ:

Երեկ «Արարատի» ղեկավարությունը կրկին լրագրողներին հրավիրել էր հանդիպման, համոզված, որ իր ասուլիսում ակումբի եւ դրա ղեկավարության հասցեին հնչեցրած քննադատությունը եւ «Արարատին» ՈՒԵՖԱ-ի լիցենզիայից զրկելու որոշումը դժգոհության ալիք է բարձրացրել ֆուտբոլասերների մեջ:

Առաջինը ելույթ ունեցավ ակումբի նախագահ Հրաչ Կապրիելյանը: Նա խոսեց անգլերեն, քանի որ ասելիքը հայերեն չի կարողանում ճշգրիտ ձեւակերպել: «Տեսեք, թե ինչ է կատարվում: Արդարություն չկա,- ասաց նա:- Ամենը կրկնվում է: Հարձակում են գործել «Արարատի» վրա, որը մեր անցյալն է, ներկան: Հարձակում են գործել Հայաստանի հպարտության վրա: Նրանք ցանկանում են ազատվել «Արարատ 73»-ից: Բայց ոչ ոքի դա չի հաջողվի: Ոչ ոք չի կարող փոխել պատմությունը: Ասվել է, որ Արկադի Անդրեասյանն ադրբեջանցի է, իսկ ես՝ թուրք: Հայտարարում եմ ու լսեք. ես հարյուր ու մի բան էլ ավելի՝ հազար տոկոսանոց հայ եմ: Ես չէ, որ Հայաստան-Թուրքիա խաղից առաջ Հայաստանի մարզաշապիկի վրայից վերցրել եմ Արարատի սիմվոլը: Ես այդպիսի բան չէի անի: Ես չէ, որ դա գետնով եմ տվել: Այն, ինչ նա արեց, մտել է պատմության մեջ: Ես չեմ հարձակվում, այլ, պարզապես, փաստերն եմ իրազեկում: Ինչ վերաբերում է Ձորաղբյուրի մեր մարզաբազային, մենք դա կավարտենք: Հիմա կոնկրետ ասում եմ. «Արարատը» չի, որ ազդում է հայկական ֆուտբոլի վրա, այլ նա: Նայեք ազգային հավաքականին: Ի՞նչ վիճակում է, սարսափելի ի՞նչ դիրքում է հայտնվել: Պատճառն այն է, որ նա անընդհատ հարձակում է գործում «Արարատի», «Միկայի» եւ մնացած թիմերի վրա: Միայն «Փյունիկ», «Փյունիկ», «Փյունիկ»… Նա է քանդում ազգային հավաքականը, «Արարատը», այլ ոչ թե մենք: Նա թուրքական ԶԼՄ-ներից մեկին ասել է, թե իր բյուջեից $2 մլն է ծախսել: Թող մեզ, ողջ ազգին դա ցույց տա, տպագրի թերթերում: Նա պատասխանատու է 15 միլիոն հայերի առջեւ՝ ազգն այդքան վարկաբեկելու եւ պախարակելու համար»:

– Ասուլիսում արտահայտություն է արվել, թե կարող եք ասֆալտին հայտնվել: Պատասխան ունե՞ք:

– Ես այդ մակարդակին գալ չեմ ուզեր: Կրնամ ըսել, որ պապերնիս ինդոր կռիվ անում էին, թեքե-թեք՝ ուզած ձեւի գամ՝ կռիվ ընեմ: Բայց ադիկա ես չեմ ուզեր:

– ՈՒԵՖԱ-ի գավաթից «Արարատին» զրկելու մասին ֆեդերացիան ասում է, թե փաստաթղթերն ուշ եք ներկայացրել: Վերջնաժամկետ կար: Բացի դա, փաստաթղթերում թերություններ են եղել, որոնցով ՈՒԵՖԱ-ի կանոնակարգով չի թույլատրվում մասնակցել: Ի՞նչ կասեք:

Հարցին պատասխանեց ակումբի՝ արտոնագրման հարցերով պատասխանատու Արթուր Կարապետյանը:

– Ոչ մի ժամանակացույց չի խախտվել: Եթե այդպես լիներ, փաստաթղթերն ընդհանրապես չէին ընդունի: Փաստաթղթերը, այդ թվում նաեւ՝ ակումբի կանոնադրական կապիտալի մեծացման՝ պետռեգիստր ներկայացվածի մասին վերջինի տված տեղեկանքը, ես հանձնել եմ ճիշտ ժամանակին, մինչեւ նիստն սկսվելը: Դրա ստացականն էլ կա՝ իրենց արտոնագրման բաժնի պետի ստորագրությամբ:

– Ֆինանսական խախտումների մասին է խոսքը:

– Ֆինանսական խախտումներ չեն եղել:

Ակումբի համասեփականատեր եւ փոխնախագահ Արկադի Անդրեասյանը միջամտեց. «Մենք ֆեդերացիային փաստաթուղթ ենք ներկայացրել, որ մեր կանոնադրական կապիտալը պատրաստվում ենք մեծացնել, եւ որ գործն ընդունվել է նրանց վարույթ, ու մենք սպասում ենք պատասխանին»:

Արթուր Կարապետյանը շարունակեց. «Մենք պետռեգիստրից արդեն ստացել ենք հաստատված փաստաթուղթը եւ այսօր այն ներկայացրել ենք արտոնագրման ծրագրի ղեկավարին, բաժնի պետին: Ու չնայած դրա համար հինգ օր ժամանակ ունեինք, գործն ավարտել ենք արդեն երկրորդ օրը: Այնպես որ, ժամկետը խախտելու կամ ուշացման մասին խոսք լինել չի կարող»:

– Այսինքն՝ ֆեդերացիայի լիցենզավորման բողոքարկման կոմիտեն մայիսի 26-ին կայանալիք նիստում ձեզ մերժելու որեւէ հիմք չի՞ ունենա:

– Ինչ հիմքով, որ մեզ մերժել էին, բոլորը լրացրել ենք:

– Մտավախություն ունե՞ք, որ հնարավոր է որեւէ նոր փաստարկ գտնվի ու կրկին մերժվի:

Պատասխանեց Արկադի Անդրեասյանը:

– Իհարկե: Չե՞ք տեսնում: Ամեն բան արվում ու ասվում է: Օրինակ, իմ մասին: Ես ամաչում եմ այդ մասին խոսել: Ոչ թե վախենում եմ, այլ ամաչում, որ ֆեդերացիայի այդպիսի նախագահ ունենք, որն ազգն է ներկայացնում: Ասում է, թե ոչ մի ֆուտբոլիստ չեմ պատրաստել, վնաս եմ տվել: Ես «Արարատ» թիմն եմ պատրաստել: Ինչո՞վ կարող եմ վնաս տալ հայկական ֆուտբոլին: Ինքն է ղեկավարում ու թող նայի, թե ինքն ինչո՞վ է վնաս տալիս: Ինչո՞ւ մեր ֆուտբոլն առաջ չի գնում: Ստացվում է՝ ղեկավարում է ինքը, բայց Անդրեասյա՞նն է մեղավոր: «Արարատն» այսօր գոլ չի՞ խփում: Ընդունեցինք, որ մեր վատ աշխատանքն է: Եթե ֆեդերացիայի նախագահն այդքան սիրում է մեր թիմը, թող պայմաններ ստեղծի, այլ ոչ թե իմ աճեցրած ֆուտբոլիստներին՝ Աղվան Մկրտչյան, Ալիկ Թադեւոսյան, Գալուստ Պետրոսյան, առանց ոչ մի բանի տանի «Փյունիկ»: Հիմա էլ դարպասապահ Պրազյանի մասին է մտածում: Այդ տղային ես եմ վերցրել, երբ դեռ 14 տարեկան էր: Հիմա նա ֆուտբոլիստ է դարձել: Ու ֆեդերացիայի նախագահն սկսել է մտածել նրա մասին եւ ուզում է նրան է՞լ տանել: Իսկ ես այն ժամանակվանից էի մտածում: Թող մտածի, թե ինչո՞ւ 86 թվականի տղաները՝ Էդգար Մանուչարյանը, Ժորա Հովհաննիսյանը, մյուսները ֆուտբոլիստ չդարձան: Պատճառն ո՞վ էր: Դրսի մարզիչները, որոնք եկան, 15-16 տարեկաններն սկսեցին շտանգա բարձրացնել, ողնաշարները վնասեցին: Էլի՞ Անդրեասյանն է մեղավոր: Ես մեծացել եմ ֆուտբոլով, ինքը՝ ուրիշ տեղ: Հիմա ով՝ ո՞ւմ է խանգարում: Կարդում ենք, որ «Արարատի» նախկին աշխատողները բողոքում են, թե փող չեն ստացել: Նայեք: Ոչ մարզական պահվածքի, արած անվայել արտահայտությունների համար Գագիկ Թամրազյանը, Վարուժան Սուքիասյանը, Տիգրան Ասլանյանը եւ ուրիշներ տուգանվել են 100-150 հազարական դրամ: Ո՞վ պետք է նրանց փոխարեն վճարի, ակո՞ւմբը: Ոչ՝ իրենք: Ուզում են փողերն ստանան ու թռնե՞ն: Հայաստանում գցոցի է: Պիտի ճիշտ գիծ վերցնել ու առաջ գնալ: Անդրեասյանը երբեք հավաքականի ավագ մարզիչ չի եղել: Ի՞նչ եք ուզում: Մեզ համար աշխատում ենք: Էդ էլ չանե՞նք: Ամեն մեկը պիտի անի էն, ինչ որ ինքը կարող է:

Արկադի Անդրեասյանը ֆեդերացիայի նախագահին մեղադրեց նաեւ նրանում, որ վերջինս ժամանակին տարբեր ակումբների նախագահներին հորդորել է իրեն ազատել թիմերի գլխավոր մարզչի պարտականությունից՝ դրա դիմաց անգամ չեմպիոն դարձնելու խոստումներ տալով: Ու նաեւ խոստացավ, որ կստանձնի «Արարատի» գլխավոր մարզչի պարտականությունը, եւ «այն ժամանակ կերեւա՝ Ռուբեն Հայրապետյանը հայկական ֆուտբոլի համա՞ր է պայքարում, թե՞ Անդրեասյանի դեմ»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել