Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՌԱՋԻՆ ԱՐԳԵԼՔԸ ՀԱՂԹԱՀԱՐՎԵՑ

Մայիս 14,2009 00:00

\"\"Արշակյան քույրերը առայժմ տասնյակում են

Երեկ Մոսկվայի «Օլիմպիյսկի» մարզահամալիրում կայացավ «Եվրատեսիլ-2009» երգի միջազգային մրցույթի առաջին կիսաեզրափակիչը: Վաճառվել էր 16000 տոմս: Ռուսական ԶԼՄ-ների հաղորդմամբ, այս «Եվրատեսիլը» ամենաթանկարժեքն է 54-ամյա մրցույթի ողջ պատմության ընթացքում. բյուջեն գերազանցում է 24 միլիոն եվրոն:

Կիսաեզրափակիչը վարում էին թոփ-մոդել Նատալյա Վոդյանովան եւ սկանդալային հեռուստահաղորդավար Անդրեյ Մալախովը, որոնց հումորներն առանձնապես փայլուն չէին:

17 երկրների մասնակիցների թվում 6-րդ համարի տակ ելույթ ունեցան Հայաստանը ներկայացնող Անուշ եւ Ինգա Արշակյանները: Բարեբախտաբար, հայտնվեցինք տասնյակում՝ Թուրքիայի (Հադիսե, «Dum Tek Tek»), Շվեդիայի (Մալենա Երնման, «La Voix»), Իսրայելի (Նոա եւ Միա Ավադ, «Must Be Another Way»), Պորտուգալիայի («Flor-de-Lis» խումբ՝ «Todas As Ruas Do Amor» երգով), Մալթայի (Կյառա, «What If We»), Ֆինլանդիայի («Waldo\’s People» խումբ, « Lose Control»), Բոսնիա-Հերցեգովինայի («Regina» խումբ, Bistra Voda երգով ), Ռումինիայի (Ելենա Գեորգե, «The Balkan Girls») եւ Իսպանիայի (Յոհաննա, «Is It True») հետ:

Արշակյան քույրերը բավական հաջող հանդես եկան «Ջան-ջան» երգով, որի երաժշտության հեղինակն է Մանե Հակոբյանը, հայերեն եւ անգլերեն խոսքերինը՝ Ավետ Բարսեղյանն ու Վարդան Զադոյանը, գործիքավորումը՝ ինչպես միշտ, Արա Թորոսյանինն է: Բեմականացման, պարի, հագուստների, դիմահարդարման եւ սանրվածքի վրա աշխատում է FRESH ART ընկերությունը: Չնայած վերջինս համագործակցում է ռուսական շոու-բիզնեսի ամենավառ ներկայացուցիչների հետ, բայց մեր աղջիկների բնական հմայքը, կարծում ենք, տուժել էր FRESH ART-ի «թեթեւ ձեռքով». հագուստի, բեմական առատ գրիմի չափազանց մուգ գույներն ու մռայլադեմ պարուհիները հաստատ Ինգայի եւ Անուշի համար չէին…

Նշենք, որ երկրորդ կիսաեզրափակիչի ժամանակ՝ մայիսի 14-ին, ի թիվս այլ երկրների, հանդես կգա Ադրբեջանը: Մայիսի 16-ի եզրափակչում էլ ելույթ կունենան, այսպես կոչված, «մեծ քառյակի» երկրները՝ Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Ֆրանսիան, Իսպանիան եւ Ռուսաստանը՝ որպես հաղթած երկիր:

Փաստենք, որ ռուսները ջանք չէին խնայել իրենց «հարկի ներքո» գունեղ ու հատկապես ռուսական շնչով «Եվրատեսիլ» անցկացնելու համար: Օրինակ, առաջին կիսաեզրափակիչի սյուժեն կառուցված էր ռուսական հեքիաթների հիման վրա, մրցույթի գլխավոր հերոսն էլ ԻՈՐ-տՑՌՓՈ-ն էր, որի հայկական համարժեքը Հազարան բլբուլն է:

Երգերը, սակայն, առանձնապես տպավորիչ չէին եւ բոլոր առումներով զիջում էին նախորդ տարիների ստեղծագործություններին: Արտիստների մեծամասնությունը երգում էր սիրային թեմաներով, եղան նաեւ նմանակումներ: Օրինակ, Չեխիան ներկայացնող «Ավե Ռոմալե» գնչուական խմբի տղան «ֆրեդիմերկուրիացել» էր, իսկ Բելգիայի ներկայացուցիչը որոշել էր Էլվիս Պրեսլի դառնալ ու անգամ նրանից լավ երգել, ինչը, բնականաբար, չհաջողվեց: Շվեդիան որոշել էր զարմացնել իր մեցցո սոպրանոյով, թեթեւ շպարով հմայիչ էր ու հաջող ելույթ ունեցավ 19-ամյա իսլանդուհին, իսկ տասնյակում հայտնված Բոսնիա-Հերցեգովինայի «ժողովուրդն» ավելի լավ նվագում էր, քան երգում: Աշխույժ էր Թուրքիայի երգը, որն իր հայրենիքում բուռն քննադատությունների է արժանացել «բաց» բեմադրության համար:

Ըստ մամուլի հրապարակումների, տարբեր բուքմեյքերական ընկերություններ Արշակյան քույրերի հաղթանակի հնարավորությունը բավականին բարձր են գնահատում: Բացի Ինգայից եւ Անուշից, այս տարվա «Եվրատեսիլի» ֆավորիտներից են Նորվեգիան ներկայացնող Ալեքսանդր Ռիբակը, հունաստանցի Սակիս Ռուվասը, Թուրքիայից՝ Հադիսեն, Բոսնիա-Հերցեգովինայից՝ Regina-ն: Չնայած «Եվրատեսիլի» ապաքաղաքական սկզբունքներին, այն միշտ էլ քաղաքականացված մրցույթ է եղել, եւ մրցանակներ տրվել են ամենեւին էլ ո՛չ վոկալ տվյալների կամ հրաշալի բեմադրության համար: Նույնը սպասվում է նաեւ այս տարի, դեռ ավելին՝ ժյուրիի նախագահը իր հայատյացությունը երբեք չթաքցնող Ֆիլիպ Կիրկորովն է, որին ժամանակին Persona non grata հայտարարեցինք Հայաստանում:

Հ. Գ. Ինչպես եւ սպասվում էր, Արշակյան քույրերի ելույթին հիստերիկ անդրադարձ է կատարել day.az-ը, «փաստելով», որ «ջան» բառից սկսած՝ ամեն ինչը նրանց երգում ու բեմական կերպարում ադրբեջանական է, որ հայերը սովոր են իրենցից գողանալ, այդպես վարվել են նաեւ դուդուկի ու տոլմայի պարագայում: Եվ սա այն դեպքում, երբ հայերենը հնդեվրոպական լեզվաընտանիքի առանձին ճյուղ է ու աշխարհին հայտնի իր հարուստ բառագանձով: Ինչ վերաբերում է որոշ փոխառություններին, դրանք բնական երեւույթ են եւ առկա՝ ցանկացած լեզվում:

day.az-ի հեղինակը նույն հոդվածում նաեւ ինքնամխիթարվել է, թե Ադրբեջանը «Եվրատեսիլի» ֆավորիտներից» է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել