Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունների հետ նախօրոք ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, մայիսի 13-ին ԵԱՀԿ-ի առաքելությունը պլանային դիտարկում է անցկացրել ԼՂՀ-ի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի՝ Մարտակերտի շրջանի Թալիշ բնակավայրից հյուսիսային ուղղությամբ: ԼՂՀ-ի Պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացնում էին ԵԱՀԿ-ի գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականներ Փիթեր Քինը (Մեծ Բրիտանիա), Իրժի Աբերլեն (Չեխիա) եւ Ժասլան Նուրտազինը (Ղազախստան): Հակառակ կողմից դիտարկման խումբը գլխավորում էր ԵԱՀԿ-ի գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը: Ինչպես նշված է ԼՂՀ ԱԳՆ մամուլի ծառայության հաղորդագրությունում, դիտարկումն անցել է ըստ սահմանված գրաֆիկի: Դիտարկման ժամանակ կրակի դադարեցման ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել: Դիտարկման առաքելությանը ղարաբաղյան կողմից ուղեկցում էին ԼՂՀ-ի արտգործնախարարության եւ պաշտպանության նախարարության ներկայացուցիչները: