Լրահոս
Օրվա լրահոսը

Թեստերը «ժամանեցին»

Մայիս 14,2009 00:00

Երեկ, ժամը 00:05-ին, Լոնդոնից ՀՀ «ժամանեց» միասնական քննությունների թեստերի առաջին խմբաքանակը` հայոց լեզու եւ գրականություն առարկայից: Մեկ անգամ սոսնձվող փակ ծրարներով լի թեստերի արկղերը մաքսազերծվեցին եւ «Հայինկասացիայի» ուղեկցությամբ տարվեցին «Արարատ» բանկի պահոց: Բազում դիմորդների համար այս շրջանում շատ անհրաժեշտ այդ բանալին միայն երկու անձի տրամադրության տակ է՝ ԿԳ փոխնախարար Մանուկ Մկրտչյանի եւ ԳԹԿ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Արմեն Փաշայանի: ԳԹԿ մամուլի քարտուղար Գայանե Մանուկյանը «Առավոտին» տեղեկացրեց. «Թեստերը տպվել են «Ստեֆան Աուսթին» տպագրատանը, որտեղ տպվում են շատ այլ երկրների թեստերը, նաեւ մասնավոր ընկերությունների գաղտնի փաստաթղթեր: Այս տպագրատնից երբեւէ ինֆորմացիայի արտահոսք չի գրանցվել, ինչի պատճառով էլ որոշեցինք թեստերը տպագրել հենց այս տպագրատանը»: Իսկ Մ. Մկրտչյանը հուսաց. «Կգա ժամանակ, երբ մեր հասարակությունն ավելի հանգիստ կվերաբերվի ընդունելության քննություններին, եւ համակարգի նկատմամբ վստահության աստիճանը կբարձրանա: Ու մենք արդեն ստիպված չենք լինի այլ երկրում տպել մեր թեստերը: Իսկ պետական ավարտական քննությունների թեստերն այս տարի տպվել են ԳԹԿ-ի տպարանում»: «Առավոտի» հարցին՝ հնարավո՞ր է նախորդ տարվա պես թեստերում որոշ վրիպակներ լինեն, Մ. Մկրտչյանը պատասխանեց. «Երբ երեխաները գրում են թեստերը, զուգահեռաբար ԳԹԿ-ի մասնագետները լուծում են այդ թեստերը: Ուստի որեւէ վրիպակի հանդիպելու դեպքում դրա մասին միանգամից կհայտարարվի, եւ դա չի ազդի գնահատականների վրա»: Թեստերի մնացած 5 խմբաքանակը ՀՀ կժամանի մինչեւ մայիսի 20-ը: Իսկ արդեն քննությունից մեկ օր առաջ «Հայինկասացիայի» ուղեկցությամբ թեստերը «Արարատ» բանկի պահոցից կտեղափոխվեն մասնաճյուղեր: Յուրաքանչյուր քննության օր, ժամը 6-ին, կրկին «Հայինկասացիայի» ուղեկցությամբ, թեստերը կտեղափոխվեն քննական կենտրոններ, որտեղ կբացվեն երեխաների ներկայությամբ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել