Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱԿ-Ն ՈՒ ՀՀԿ-Ն ԽՈՍՏԱՆՈՒՄ ԵՆ

Մայիս 14,2009 00:00

\"\"ԲՀԿ-ն արհամարհում է, իսկ ՀՅԴ-ն ու ՕԵԿ-ը՝ խորամանկում

Յոթ քաղաքական կուսակցությունները, որոնք պայքարում են մայիսի 31-ին կայանալիք Երեւանի ավագանու ընտրություններում առավելագույն ձայներ ստանալու համար, երեւանցիներին փորձում են «գրավել» իրենց նախընտրական ծրագրերում կամ բանավոր խոսքում զետեղված խոստումների ճոխությամբ՝ եւ քանակի, եւ որակի առումով: Ինչպես ասում են՝ «լեզվին ոսկոր չկա», կամ ավելի դիպուկ ասել են դեռ նախորդ դարում՝ «ամենից շատ ստում են ընտրություններից առաջ եւ ձկնորսությունից հետո»: «Ով ավելի շատ, ճոխ, բազմազան…». այս ոճով են կազմված նախընտրական ծրագրերը, որոնցում շոշափվում է նաեւ կրթական թեման: Բայց՝ ոչ բոլորի մոտ:

Օրինակ, «Բարգավաճ Հայաստանն» ընդհանրապես անտեսել է կրթության բնագավառը: ԲՀԿ-ի նախընտրական ծրագրում ոչ մի տող չկա կրթության մասին:

Հայ ազգային կոնգրեսի ծրագրում կրթությունը միավորված է երիտասարդական հարցերի եւ մշակույթի հետ մի բաժնում: Մասնավորապես, Կոնգրեսը խոստանում է. «Երիտասարդների համար կկառուցվեն թաղամասեր, որտեղ, բացի մատչելի բնակարաններից, կլինեն նաեւ համապատասխան ենթակառուցվածքներ՝ կինոթատրոն, մշակույթի կենտրոն, գրադարան, մարզահրապարակներ, երիտասարդ ընտանիքների հոգսերը թեթեւացնող բազմազան ծառայություններ (մանկապարտեզ, զվարճանքի, երեխաների որակյալ խնամքի կենտրոններ): Երեւանի բյուջեի միջոցների հաշվին կապահովվի համաշխարհային առաջնակարգ կրթահամալիրներում արդար մրցութային կարգով ընտրված երեւանցի ուսանողների ուսման ծախսերի վճարումը: Երեւանի անապահով ընտանիքների ուսանողների համար կսահմանվեն անհատական կրթաթոշակներ, իսկ շնորհալի ուսանողներին կտրվեն պարգեւավճարներ: Երեւանի քաղաքապետարանում եւ քաղաքապետարանի ենթակայության տակ գործող կազմակերպություններում թափուր հաստիքները կհամալրվեն իրապես թափանցիկ մրցույթների միջոցով: Երեւանի քաղաքապետարանի աջակցությամբ երիտասարդ մասնագետներին հնարավորություն կընձեռվի այլ պետություններում բարձրացնել սեփական մասնագիտական որակավորումը: Երեւանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող մասնագիտացված կրթօջախներում (երաժշտական, պարարվեստի, գեղանկարչական եւ այլն) եւ մարզադպրոցներում ուսումը սաների համար կդառնա անվճար: Ուսման (մարզումների) եւ դպրոցների պահպանման ծախսերը կհոգա քաղաքապետարանը: Էականորեն կբարձրացվեն դասավանդողների եւ մարզիչների աշխատավարձերը, կրթօջախները կհամալրվեն նոր գույքով»: Համաձայնեք, գեղեցիկ խոստումներ են, շա՜տ գեղեցիկ՝ իրականություն լինելու համար:

«Օրինաց երկիր» կուսակցությունն ավելի խորամանկ է գտնվել. փոխանակ հաստատական տոնով գրելու՝ «կբարձրացվեն, կկառուցվեն, կստեղծվեն» եւ այլն, ՕԵԿ-ը ընդամենը նշել է «ոլորտի հրատապ խնդիրները»: Դրանք են. «1.Երեւան քաղաքի կրթության համակարգի զարգացման համալիր ծրագրի մշակումը եւ իրականացումը, կրթության բնագավառում պետական ներդրումների ամենամյա պարբերական աճի ապահովումը: 2. Մանկապարտեզներին, դպրոցներին, ուսումնարաններին, քոլեջներին, բուհերին եւ գիտական հաստատություններին պատկանող շենքերի եւ շինությունների սեփականաշնորհման բացառումը: 3. Նախադպրոցական կրթական համակարգի վերականգնումը եւ մատչելիության ապահովումը յուրաքանչյուր ընտանիքի համար: 4. Դպրոցների վերանորոգումը, ջեռուցման ժամանակակից համակարգերի ներդրումը: 5. Դպրոցների եւ մանկապարտեզների նյութատեխնիկական բազայի վերականգնումը, ուսումնամեթոդական ծրագրերի արդիականացումը, համակարգչային եւ ինտերնետային ցանցի ձեւավորումը: 6. Գրադարաններում ինտերնետ ցանցի ազատ մուտքի հնարավորությունների ստեղծումը»: Խնդիրները նշում է, բայց ոչ մի խոսք այդ խնդիրները լուծելու մասին՝ չկա: Եվ պետք էլ չի. ՕԵԿ-ն իր ընտրողներին հուսախաբ անելու լիմիտը վաղուց արդեն սպառել է:

Նույն կերպ է վարվել Հայ հեղափոխական դաշնակցությունը: Նրանք էլ այս տարբերակն են մտածել. «Կրթական ոլորտում կարեւորում ենք…»: Ու շարադրել են իրենց կարեւորածները: Երբ հետո ընտրողը կպահանջի՝ դուք ձեր խոստումները չեք կատարում, դաշնակները հանգիստ կարող են պատասխանել՝ «իսկ ի՞նչ ենք խոստացել, որ…»: Այդուհանդերձ, մեր ընթերցողին ներկայացնենք, թե ինչ են կարեւորում ՀՅԴ-ականները. «1. Նախադպրոցական կրթական հաստատությունների համակարգի զարգացումը, երեխաների ընդգրկվածության ընդլայնումը, մատուցվող ծառայությունների որակի բարձրացումը, միասնական չափորոշիչների գործադրումը: 2. Երեխաների գեղագիտական դաստիարակության կենտրոնների ցանցի ընդլայնումը եւ դրանց ծառայությունների մատչելիության ապահովումը: 3.5-6 տարեկան երեխաների համար, անկախ նրանց ընտանիքների սոցիալական վիճակից, կազմակերպել պարտադիր մեկամյա նախադպրոցական անվճար կրթություն: 4.Կրթօջախների բյուջետային եւ արտաբյուջետային միջոցների էական ընդլայնումը, դրանց օգտագործման արդյունավետության բարձրացումը, ուսուցչական եւ վարչական անձնակազմի վարձատրության եւ սոցիալական պաշտպանության համակարգի զարգացումը: 5. Կրթական համակարգի կառավարման ինքնուրույնության աստիճանի բարձրացումը, ապաքաղաքականացումը, վերահսկման մեխանիզմների եւ հաշվետվական համակարգի կատարելագործումը: 6.Ուսուցման եւ դաստիարակության գործընթացների միասնականացումը, արտադպրոցական դաստիարակության համակարգի զարգացումը: 7. Հանրակրթական հաստատությունների շենքային եւ գույքային պայմանների բարելավումը, մարզադահլիճների, մարզահրապարակների կառուցումը եւ վերականգնումը, գրադարանների գրքային-տեղեկատվական ֆոնդերի նորացումն ու ընդլայնումը: 8. Նպաստել միջին մասնագիտական եւ բարձրագույն ուսումնական հաստատությունների ծառայությունների որակի բարձրացմանը եւ ուսանողական թաղամասերի ձեւավորմանը: 9. Ոչ ֆորմալ կրթության ուղղությամբ դրամաշնորհային ծրագրերի մրցութային կարգով տեղաբաշխումը ազգային, հայրենասիրական, մշակութային եւ կրթական ուղղվածության երիտասարդական եւ մանկապատանեկան հասարակական կազմակերպությունների միջեւ»: Հարկ է նկատել, որ ՀՅԴ-ն, երկար տարիներ ղեկավարելով հանրապետության կրթական ոլորտը, քաջատեղյակ է բնագավառի խնդիրներին: Սակայն այս պարագայում կարծես շփոթել է քաղաքապետարանի եւ ԿԳՆ գործառույթները:

Խոստումներով հանդես է եկել նաեւ Հայաստանի հանրապետական կուսակցությունը: ՀՀԿ-ն գրել է, թե ինչ է պատրաստվում անել կրթության ոլորտում՝ ընտրություններում հաղթելու պարագայում. «1. Վերանորոգել համայնքի ենթակայության տակ գտնվող կրթական հաստատությունների շենքերը, կառուցել ջեռուցման անհատական համակարգեր: 2. Ուսումնական նոր ծրագրերին համապատասխան՝ համայնքի ենթակայության տակ գտնվող կրթական հաստատությունները համալրել գույքով, լաբորատոր սարքավորումներով, համակարգչային տեխնիկայով եւ համացանցով: 3. Բարելավել համայնքի ենթակայության տակ գտնվող մանկապարտեզների շենքային պայմանները, կառուցել ջեռուցման անհատական համակարգեր, համալրել գույքով եւ գրենական պիտույքներով, քայլեր ձեռնարկել մանկապարտեզներն անվճար դարձնելու ուղղությամբ»: ՀՀԿ-ի խոստումները, թերեւս, ամենահամեստն են եւ իրականությանը քիչ թե շատ մոտիկ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել