Լրահոս
«Իբր պետություն»
Օրվա լրահոսը

Մէ՞կ ազգ, մէ՞կ մշակոյթ

Մայիս 14,2009 00:00

\"\"Հայրենիք-Սփյուռք մերձեցումների հիմնախնդրի մասին

Մերձեցումների գաղափարը շուրջ մէկ տարի է, որ դարձել է պետականօրէն հռչակուած կարգախօս, թերեւս շարունակելով ու լրացնելով աւելի քան մէկ տասնամեակ առաջ հռչակուած եւ «մոդա» դարձած «Մէկ ազգ, մէկ մշակոյթ, մէկ եկեղեցի, մէկ հայրենիք» կարգախօսներին, որոնք տեղին-անտեղի հնչելով աւելի շուտ ունեն հռետորական հնչեղութիւն:

Արդէն ձեւակերպումն իսկ թէական է, որովհետեւ մենք «մէկ» ենք եղել եւ այսօր էլ «մէկ» ենք: Արտերկրի հայն ու հայաստանահայը մէկ ազգի զաւակներ են, տարբեր ազգերի չեն պատկանում. Արեւմտահայի ու արեւելահայի ստեղծած արժէքները նոյն մշակոյթին են պատկանում՝ նոյն ճարտարապետութեամբ ու արուեստով, նոյն գրականութեամբ ու երաժշտութեամբ. նաեւ պատկանում ենք նոյն Առաքելական եկեղեցուն՝ միեւնոյն պատարագով, ծէսերով ու տօներով: Պէտք է ձգտել այս հարցերում միասնական դառնալուն, որովհետեւ դեռ երկատուած է եկեղեցին, դեռ չենք ասում «հայ գրող», այլ՝ «արեւմտահայ գրող» եւ այսօր մտահոգուած ենք մեր նոյն ժողովրդի երկու հատուածների համար մէկ-միասնական ուղղագրութիւնը վերականգնելու եւ դրա չգոյութեան պատճառով ազգի երկու հատուածների միջեւ առաջացած խզումը վերացնելու հիմնախնդրով: Հետեւաբար յանուն ազգային միասնականութեան ստեղծմանն ուղղուած առաքելութեան իրականացման առաջին քայլերը պէտք է սկսուեն ազգի՝ իրարից խզուած հատուածների մերձեցումով: Կարգախօսը ճիշտ է ընտրուած:

Ցաւօք, տեղեակ չենք նախարարութեան հայեցակարգին, որը թերեւս ներկայացուեց միայն Սփիւռքի երեւելի անհատներին, բայց ոչ հրապարակաւ, մամուլով: Այնուամենայնիւ, հիմնախնդիրը մեզ հոգեհարազատ է, որովհետեւ երկու տարի առաջ ԱՄՆ-ում ստեղծուած «Մեսրոպեան ուխտ» լեզուապահպանական միութիւնը ծրագրել էր աշխատանքներ՝ աջակցելու Մեսրոպեան դասական ուղղագրութիւնը Հայաստանում վերահաստատելուն եւ անկախ դրա իրականացման ժամկէտներից, միաժամանակ յստակ քայլեր ձեռնարկելու՝ միտուած լեզուական հիմքի վրայ հայրենիք-Սփիւռք մերձեցումներին, որի արդիւնքում յետագայում կ\’իրականանայ ազգի միաձուլումը: Այսօր հիմք ունենք ենթադրելու, որ համազգային տարողութեամբ հոգեկան ու նիւթական ասպարէզներում համագործակցումով մերձենալու այդ քաղաքականութիւնը ոչ թէ ժամանակաւոր նպատակների համար տարուող հերթական քայլ է, այլ ազգային գաղափարախօսութեան մշտական եւ գերակայ գործօնն է: Այդ դէպքում միայն կարող ենք դիմսգրաւել 21-րդ դարի մարտահրաւերները, երբ համաշխարհայնացման դարաշրջանում թոյլ եւ փոքրաթիւ բնակչութեամբ ազգերի լեզուն ու մշակոյթը, աւանդոյթները, նոյնիսկ ազգը, կուլ են գնում մեծերին. Եւ սա առաւելապէս վերաբերում է Սփիւռքին, որը հայրենիքից կտրուած լինելու դէպքում առաւել ենթակայ է ուծացման: Սա է հիմնախնդիրը: Հարցի հրատապութիւնը ստիպում է կոչերի փոխարէն յստակ քայլեր առնել: Եւ այդ գերագոյն նպատակը, որին ձգտում ենք ազգովին՝ հայրենիք-Սփիւռք հոգեւոր-մշակութային ու տնտեսական-գիտական գործակցութեան, աւելին է պահանջում, քան նախարարութեան հնարաւորութիւններն են եւ պարտադրում է Սփիւռքի նախարարութեան բարձր կարգավիճակ՝ կառավարութեան ղեկավարի տեղակալի մակարդակով, քանի որ նպատակադրուած աշխատանքը ենթադրում է տարբեր նախարարութիւնների հետ կապուած խնդիրների համադրում:

Շարունակելի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել