Լրահոս
Օրվա լրահոսը

ԲԱՐՈՅԱԿԱՆ ԱՆԿՈՒՄ ԵՎ ԴՈՒՐՍ ԳԱԼՈՒ ԵԼՔԵՐ

Մայիս 14,2009 00:00

Կոռուպցիոն միջավայր

Սկիզբը՝ նախորդ համարում

Հայաստանի Հանրապետությունը ԽՍՀՄ-ից ժառանգել է վերեւից ներքեւ ձգվող կառավարման համակարգ, որը չի համապատասխանում հասարակության՝ որպես բնական երեւույթի, զարգացման օրենքներին: Իշխանությունները, նրա օղակները այս պայմաններում կտրվում, մեկուսանում են ժողովրդից: Հենց նման իրավիճակն է ստեղծում այն բարոյա-հոգեւոր անկումը, որը պարարտ հող է հանդիսանում բյուրոկրատիայի, ամենաթողության, կոռուպցիայի, կաշառատվության եւ կաշառակերության համար: Այս դեպքում է, որ սեփական, ընտանեկան կամ խմբակային շահերը գերակայում են պետական եւ ազգային շահերի նկատմամբ:

Կոռուպցիան փակ համակարգ է, ախտորոշվում է որպես զանգվածային դժվար բուժվող հիվանդություն: Եթե կոնկրետ միջոցներ չձեռնարկվեն ու ճիշտ բուժում չսկսվի այս խիստ վտանգավոր հիվանդությունից ձերբազատվելու համար, ապա երկրի անվտանգության ոլորտում կորուստները անկանխատեսելի եւ անկառավարելի կլինեն: Այն այսօր երկրի համար ամենավտանգավոր երեւույթն է: Եթե դրսից եկող վտանգը տեսանելի է եւ կարելի է դիվանագիտական, տեղեկատվական կամ ռազմական միջոցներով կանխել, ինչպես դա տեղի ունեցավ Արցախի խնդրում, ապա երկրի, հասարակության ներսից եկող վտանգը քաղցկեղի նման իր շոշափուկներով թափանցել է ամենուր, մեր կյանքի բոլոր ոլորտները, խցկվել մարդկանց, ապա եւ հասարակության մտածելակերպի ներսը, դարձել համընդհանուր երեւույթ:

Եթե մենք խուսափենք այս երեւույթի բացահայտումից, ամեն կերպ ձգտենք քողարկել այն, ինչում իրենց իշխանությունը իբր երկարաձգելու նպատակով շահագրգռված են պետական այրերը, ապա հետեւանքները անդառնալի կդառնան:

Մարդիկ կոռուպցիայի մասին խոսելիս միշտ նկատի ունեն միայն իշխանավորներին: Սակայն մոռանում են, որ կոռուպցիան երբեք միակողմանի ու առանց համապատասխան միջավայրի չի լինում: Ինչպես բնության մեջ, պայմանականորեն դրական կոչվող լիցքը առանց հակադիր նշանի լիցքի գոյություն ունենալ չի կարող: Կաշառք վերցնողներին համապատասխան միջավայր ու կաշառք տվողներ են պետք: Հենց գոյություն ունեցող միջավայրում է, որ ցանկացած իշխանավոր, լինի պատգամավոր, հարկային ծառայող, իրավապահ, թե պետական աստիճանավոր, գերադասում է անօրեն կերպով ձեռք բերած հարյուր դոլարն իր գրպանը դնել, քան թե նպաստել, որ հազար դոլարը օրինական ճանապարհով պետական բյուջե մտնի: Երեկվա ազնիվ կեցվածք ունեցող մտավորականը, մտնելով պետական ծառայության մեջ, ասես իր կամքից անկախ, ենթարկվում է համատարած անբարոյական դաշտին եւ անում այն, ինչ յուրահատուկ է կոռուպցիոն համակարգի անդամին, հակառակ դեպքում՝ նա արագորեն դուրս կմղվի այդ տարածքից: Անշուշտ, այս իրավիճակը գոյացել է դրա զարգացման համար նպաստավոր մթնոլորտի շնորհիվ, որոնց թվում են հասարակական մտքի համընդհանուր ներուժի խիստ ցածր մակարդակը, մարդկանց ուղեղներում պատերազմի եւ էներգետիկ ճգնաժամի թողած ավերիչ հետեւանքները, սեփական մշակույթից, գրականությունից հասարակության կտրված լինելը:

Ընտրողներից շատերը միշտ սպասում են, թե ավագանու, խորհրդարանական կամ նախագահական թեկնածուների մեջ որեւէ մեկը կխոսի բարոյականության, բարոյահոգեւոր արմատներին հասարակության վերադարձի մասին: Ըստ երեւույթին, հասարակության մեջ հարմար դիրք գրավելու թեկնածուները մտածում են, որ դեպի բարոյահոգեւոր ազգային արմատները շարժման դեպքում նրանց ծրագրերը կփլուզվեն, ու բարոյականի գերիշխանության դեպքում նրանք տեղ չեն ունենա ոչ միայն քաղաքական վերնախավում, այլեւ կմեկուսացվեն հասարակությունից: Ի վերջո, հենց անբարոյականության տարածման հետեւանք է համատարած բյուրոկրատիան, կոռուպցիան, կաշառատվությունն ու կաշառակերությունը, որոնք մեծ թափով զարգացում ապրեցին մանավանդ պատերազմի ավարտից հետո:

Երկրում գոյություն ունեն դրամաշրջանառության երկու, իրար չփոխկապակցված շերտեր: Առաջինը պաշտոնական ու տեսանելի օրինական շրջանառությունն է, երբ հարկերից գոյանում է պետբյուջեն, որտեղից էլ բաշխվում են աշխատավարձերը, պետական ծախսերը: Երկրորդը կոռուպցիոն համակարգի ու ստվերային տնտեսության շրջանառություններն են, որոնք փոխկապակցված են: Այստեղ եւս կա աշխատավարձ, միջոցների բաշխման համակարգ: Սակայն միջոցների առյուծի բաժինը՝ չհարկվելով, կուտակվում է անհատների գրպաններում: Այս համակարգում չեն ընդգրկվում հանրապետական բանկերը: Գումարները հիմնականում վստահվում են արտասահմանյան բանկերին: Այդ գումարները աշխատում են օտար երկրների համար:

Համատարած բարոյահոգեւոր ճգնաժամի համար ես հեռու եմ միայն ներկայիս իշխանություններին մեղադրելու մտայնությունից: Այս ճգնաժամի մեջ են ներքաշված ընդդիմությունից, մտավորականությունից մինչեւ բոլոր պետական պաշտոնյաները: Բոլորն էլ պատասխանատու են ստեղծված իրավիճակի համար: Փաստորեն, պաշտոնյաները կոռուպցիայի ճանապարհով ձեռք բերած գումարները ներդնում են ստվերային տնտեսություններում կամ արտասահմանյան երկրներում, որպեսզի իրենց անվան դիմաց ոչ մի սեփականություն չգրանցվի ու վտանգի տակ չդրվի իրենց գրաված դիրքը:

Անշուշտ, գաղտնիք չէ գումարների շրջանառության երկու շերտերի գոյությունը: Այս իրավիճակում փորձել ոչնչացնել ստվերային շերտը, երկրի տնտեսությանը, շատ ընտանիքների կարելի է անթույլատրելի վնաս հասցնել: Գուցե տնտեսագետներին, հասարակական հոգեբաններին հանձնարարվի ավելի խորն ուսումնասիրել երեւույթն ու, ելնելով արմատացած մտածելակերպից, երկու շերտերը իրար լրացնելու, երկրի զարգացմանը նպաստող որոշումներ կայացվեն: Սա լուրջ հարց է ու սխալ կլինի անտեսել, շրջանցել այն, ինչպես դա արվում էր խորհրդային տարիներին: Իհարկե, այդ բարենորոգումը պետք է այնպես արվի, որ նպաստի հասարակության բարոյահոգեւոր վերելքին:

88-ից սկսած, համազգային վերելքի պայմաններում ժողովրդական շարժումը կարող էր կանխել բարոյական անկումը: Սակայն իշխանության օղակներ էին թափանցել խորհրդային պայմաններում կոռուպցիայի մեջ թրծված կամ կաշառակերության ծարավ մարդիկ: Իսկ կոռուպցիայի պայմաններում մշակույթն ու գրականությունը ետին պլանում են հայտնվում, արդեն հայտնվում է բարոյահոգեւոր համընդհանուր անկումը:

Իշխանություններն ու ընդդիմությունը այս հարցում պետք է միավորվեն, միասնական ուժով փորձեն բուժել հասարակությունը ախտից, որի անունն է բարոյահոգեւոր անկում:

Շարունակելի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել