Լրահոս
Տնկվել է շուրջ 2500 ծառ
«Իբր պետություն»
Օրվա լրահոսը

«Շատ ծանր է վիճակը»

Մայիս 14,2009 00:00

Վանաձորցիները պատկան մարմիններից աշխատանք են ուզում, որ ճարահատ չհեռանան հայրենիքից

Վանաձորի զբաղվածության կենտրոնի տնօրեն Արա Առաքելյանը տեղեկացրեց, որ զբաղվածության կենտրոնում վերջին տվյալներով գրանցված 7489 աշխատանք որոնողից՝ 6557-ը գործազուրկ է: Գրանցված գործազուրկները ամսական 18 հազար դրամ նպաստ են ստանում: «Հայտնածս թվերը ամբողջությամբ չեն բնութագրում իրավիճակը՝ այն իմաստով, որ սա անընդհատ պրոցես է, մարդիկ գալիս են գրանցվում, հետո հաշվառումից դուրս են գալիս եւ այլն: Եթե քաղաքացին 6 ամսվա ընթացքում գոնե մեկ անգամ չի ներկայանում զբաղվածության ծառայության կենտրոն՝ նա զրկվում է գործազուրկի կարգավիճակից»,- հավելեց Արա Առաքելյանը: Նա ասաց նաեւ, որ միջազգային տնտեսական ճգնաժամից հետո Վանաձորում, բնականաբար, աշխատանքից ազատումներ եղել են: Գործազուրկներին մասնագիտական հմտություններ տալու համար զբաղվածության կենտրոնը մշակում է ծրագրեր: «Մենք աշխատաշուկայում վերլուծություններ ենք իրականացնում, թե առաջիկայում ինչ թափուր աշխատատեղեր կլինեն: Կանխատեսումներ կան, որ աշխատատեղեր կստեղծվեն շինարարության, երկաթուղու վերանորոգման ոլորտներում, որոշ հիմնարկ-ձեռնարկություններում՝ համակարգչային գործավարության հաստիքներ, բայց դեռեւս ուսումնասիրում ենք: Մեծ ուսումնասիրություն կիրականացնենք մայիսի վերջին եւ հունիսի սկզբին: Բացի սրանից, ընթացքի մեջ է «Վարձատրվող հասարակական աշխատանքներ» պետական ծրագիրը, ապրիլի 1-ից մոտավորապես 25 մարդ է աշխատում: Հունիսի 1-ից այս ծրագրով չորս այլ ուղղություններով աշխատանքներ կլինեն: Սա ժամանակավոր զբաղվածություն է: Մինչեւ տարեվերջ՝ վարձատրվող հասարակական աշխատանքի ծրագրերի գումարները կավելանան: Հիմա մոտ 100 միլիոն դրամ է, իսկ լրացուցիչ գումարները հիմնականում կուղղվեն Ալավերդի եւ Վանաձոր քաղաքներին, որպես տվյալ իրավիճակում ավելի շատ տուժած քաղաքներ»,- պարզաբանեց Արա Առաքելյանը:

Վանաձորի փողոցներում գործազրկության վերաբերյալ մեր հարցումներից ծնված պատկերն ավելի քան տխուր է: Հարցված 20 վանաձորցիներից ոչ մեկը աշխատանք չուներ: «Ինչ կարող ենք ասել, մենք որպես թոշակառու մարդիկ դժգոհում ենք մեր ապրելակերպից, որովհետեւ թոշակի մեծ մասը գնում է վարձերի մուծմանը, մթերքը շատ թանկ է, ինքս միայնակ եմ ու չեմ կարողանում թոշակի մնացորդով մինչեւ հաջորդ թոշակ ապահովել իմ սնունդը: Ստանում եմ 18 հազար դրամ թոշակ, 2-րդ կարգի հաշմանդամ եմ»,- ասաց առաջին հարցված վանաձորցին՝ Սուլֆիդա Հովսեփյանը:

«Երիտասարդության զբաղվածության խնդիրը շատ վատ է: Ես 18 տարեկան եմ, չկա գործ ու աշխատանք: Սովորում եմ «Աճառյան» համալսարանում: Վանաձորցիների սոցիալական վիճակն էլ վատ եմ համարում»,- հայտարարեց Տարոն Պողոսյանը:

Վանաձորցիների սոցիալական վիճակը շատ վատ գնահատեց 32-ամյա Աննա Եթիմյանը. «Շատ եմ ուզում աշխատել, ընտանիքում ոչ մեկս աշխատանք չունենք: Մի աղջիկ ունեմ: Ապրում ենք հիմնականում կեսուր, կեսրարիս կենսաթոշակի հաշվին: Սովորում եմ Վանաձորի մանկավարժական ինստիտուտի դպրոցական բաժնում: Ամուսինս էլ ավարտել է նույն ինստիտուտի ֆիզկուլտուրայի բաժինը, աշխատանք չունի»:

Վանաձորցիների սոցիալական վիճակը ծայրահեղ վատ գնահատեց նաեւ վանաձորցի Վաղինակ Մուրադյանը. «Աշխատանք չունի ժողովուրդը: Գործազուրկների թիվը մեծ ա, էս տարի ճգնաժամի պատճառով վանաձորցիների 70%-ը աշխատանք չունի: Ես էլ աշխատանք չունեմ, դեռ թոշակի էլ չեմ անցել: Ընտանիքս 8 անձից ա կազմված: Դժվարությամբ եմ պահում՝ պարտքերով: Ընտանիքիցս մի հոգի աշխատանք ունի»:

Ակնհայտ ծանր վիճակում էր վանաձորցի Ժորա Վարդանյանը՝ «Հիվանդ եմ, 2-րդ կարգի հաշմանդամ եմ, 15 հազար դրամ թոշակ եմ ստանում: Շատ հիվանդություններ ունեմ՝ սիրտս ա, թոքս ա, ողնաշարի գրիժա ունեմ: Ընտանիքս 6 անձից ա կազմված, ընտանիքում աշխատող չունենք: Իմ ու կնոջս թոշակով ենք ապրում, կնոջս թոշակը 29 հազար դրամ ա: Լավ չի, սա ճիշտ չի: Ես ամեն ինչ տեհել եմ, տուժած մարդ եմ: Ղեկավար չկա ժողովրդի համար: Չկա: Ամենքն իրենց համար են մտածում»:

«Աշխատանք չկա, ես էլ չեմ աշխատում, կինս ա մենակ աշխատում, բայց էդպես ոնց կլինի: Պետք ա հեռանանք, էլի, աշխատանք գտնենք, կարենանք մեր ընտանիքը պահենք: Որտեղ նորմալ լինի՝ էնտեղ էլ կգնանք: Ինչ անենք, պետությունից աշխատատեղ ենք ուզում, ուրիշ բան չենք ուզում»,- ասաց Հարություն Հովսեփյանը:

Մասնագիտությամբ շինարար Սամադ Սարգսյանն էլ դժգոհեց. «Ինչ ասեմ, վիճակս լավ չի, ընտանիքս 3 անձից է: Ընտանիքում ոչ մեկս չենք աշխատում: Չեմ կարող ասել պետությունը ինչ պետք է անի, որ աշխատանք ունենանք: Գնում եմ Ռուսաստան գործ ճարում՝ գալիս, էլի գնում»:

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը մարզում գործազրկության հետեւանքով ստեղծված սոցիալական վիճակը աղետալի որակեց: «2001 թվականի մարդահամարի տվյալներով, Վանաձորի բնակչության թիվը 120 հազար է: Բայց այն, ինչ մենք տեսնում ենք՝ 60 հազարից չի անցնում: Շատ ծանր է վիճակը»,- հայտարարեց նա:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել