Լրահոս
Տնկվել է շուրջ 2500 ծառ
«Իբր պետություն»
Օրվա լրահոսը

Հելսինկյաններին «պատասխանել» են

Մայիս 14,2009 00:00

2009թ. փետրվարի 4-ին Երեւանի քրեական դատարանը կայացրել է մեղադրական դատավճիռ՝ ըստ մեղադրանքի Հրաչ Սահակյանի, Զավեն Մկրտչյանի, Վլադիմիր Մկրտչյանի եւ Սերոբ Տեր-Մելիքսեթյանի:

Դատավճռի հրապարակումից հետո ամբաստանյալների ծնողները 2009թ. փետրվարի 5-ին դիմել են ՀՀ արդարադատության խորհրդին՝ խնդրելով հիշյալ գործով դատավորներին ենթարկել կարգապահական պատասխանատվության եւ դադարեցնել վերջիններիս լիազորությունները: Մարտի 17-ին Հայաստանի Հելսինկյան կոմիտեն հարցում է կատարել ՀՀ արդարադատության խորհրդին՝ խնդրելով տեղեկացնել հիշյալ դիմումի ընթացքի մասին: Մարտի 25-ի գրությամբ ՀՀ արդարադատության խորհրդի աշխատակազմից կազմակերպությանը տեղեկացրել են, որ «Դատավորներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցն Արդարադատության խորհրդում քննարկման առարկա կարող է դառնալ դատավորի կողմից տվյալ գործով գործն ըստ էության լուծող վերջնական դատական ակտ կայացվելուց հետո: Իսկ ներկայումս սույն գործը գտնվում է ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի վարույթում՝ դատաքննության փուլում: Այս կապակցությամբ անհրաժեշտ է նկատի ունենալ ՀՀ դատական օրենսգրքի 11-րդ հոդվածի 1-ին մասը, որի համաձայն՝ արդարադատություն եւ օրենքով նախատեսված այլ լիազորություններ իրականացնելիս դատավորն անկախ է: Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ դատավորի գործունեությանը օրենքով չնախատեսված միջամտությունն արգելվում է, նման արարքը քրեորեն հետապնդելի է»:

Ապրիլի 10-ին Հայաստանի Հելսինկյան կոմիտեն նորից է դիմել ՀՀ արդարադատության խորհրդին, նշելով, որ ՀՀ դատական օենսգրքի 153 հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 2-րդ կետերի համաձայն, դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու նպատակով վարույթը կարող է հարուցվել դատավորի կողմից տվյալ գործով գործն ըստ էության լուծող դատական ակտը կայացնելուց հետո՝ մեկ տարվա ժամկետում: ՀՀ Քրդատօրի 6-րդ հոդվածի 10.1 կետի համաձայն, գործն ըստ էության լուծող դատական ակտ է համարվում նաեւ առաջին ատյանի դատարանի դատավճիռը, իսկ նշված քրեական գործով արդեն իսկ կայացվել է գործն ըստ էության լուծող դատական ակտ, այն է՝ դատավճիռ:

Իսկ ՀՀ դատական օրենսգրքի 156 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի համաձայն, կարգապահական վարույթի շրջանակներում վարույթ հարուցող անձն իրավունք ունի՝ «Դատարանում ծանոթանալու քրեական, քաղաքացիական կամ ցանկացած այլ գործի նյութերի, որոնց վերաբերյալ դեռեւս չկա օրինական ուժի մեջ մտած դատական ակտ»: Հիշյալ հոդվածի մեկնաբանությունից հետեւում է, որ դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու համար ամենեւին էլ չի պահանջվում, որպեսզի դատական ակտը մտած լինի օրինական ուժի մեջ, ինչպես նաեւ անհրաժեշտ չէ «գործով գործն ըստ էության լուծող վերջնական դատական ակտ»: Միաժամանակ, կազմակերպությունը խնդրել է օրենքով սահմանված կարգով քննարկման առարկա դարձնել հիշատակված գործով դատավորներին պատասխանատվության ենթարկելու հարցը, ինչին ի պատասխան՝ ապրիլի 17-ին Արդարադատության խորհրդի աշխատակազմից պատասխանել են, որ 2009թ. մարտի 25-ի գրությամբ կազմակերպությանը տրվել է սպառիչ պատասխան:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել