Լրահոս
Օրվա լրահոսը

Ձեռքներդ հեռո՛ւ խցանումներից

Մայիս 14,2009 00:00

\"\"Տեսուչները խանգարում են վարորդներին

Ես առաջարկում եմ, որպեսզի ավտոճանապարհային տեսուչները չխանգարեն երթեւեկությանը։ Այո, ասածս վրիպակ չէ։ Բազմիցս համոզվել եմ, որ կարգավորելու փոխարեն՝ շատ դեպքերում ոստիկանությունը խանգարում է։

60-70- ականների Երեւանում տպավորիչ էր ոստիկանը, որը կանգնում էր խաչմերուկում, վարժ եւ սահուն շարժումներով իսկապես կարգավորում էր խաչմերուկը։ Դա տեսարան էր։ Ոստիկանի շարժումները դիտում էին շատերը։ Այն հետաքրիր էր հատկապես մեզ՝ այն ժամանակ մանուկներիս։ Չնայած, ճիշտն ասած, առանձնապես կարգավորելու բան էլ չկար։ Ոստիկանը խաչմերուկում մեքենաների հոսքը կարգավորում էր հիմնականում այն ժամանակ, երբ լուսացույցները չէին աշխատում։

Հիմա կտրուկ փոխվել է իրադրությունը։ Այսպես, առավոտյան մեքենայով անցնում եմ Սայաթ-Նովայի փողոցով եւ փորձում շրջվել աջ՝ Տերյան փողոց։ Լուսացույցները աշխատում են, բայց վարորդները խցանել են ամբողջ խաչմերուկը։ Հնարավոր չէ շարժվել ոչ ուղիղ, ոչ էլ աջ։ Ամենուրեք ազդանշաններ են։ Մի խոսքով, ծանոթ պատկեր երեւանցիների համար։ Այդ խաչմերուկում, որպես կանոն, կանգնում են ոստիկաններ, որովհետեւ այն առավոտյան միշտ ծանրաբեռնված է։ Տեսնենք, թե ինչ են անում տեսուչները, ինչպես են «կարգավորում» խցանումները։

Ավտոճանապարհային տեսուչի մեքենան կանգնած է հենց խաչմերուկի՝ Սայաթ -Նովայից Տերյան տանող աջ ուղղության վրա։ Իր մեքենայից մի քանի մետր հեռու կանգնած տեսուչը անիմաստ փայտիկն է թափահարում՝ անտարբեր բացականչելով՝ «շարժվիր», «շուտ արա», «գնա», «արագացրու», մեկ-մեկ էլ օգտագործում է սուլիչը՝ չգիտես թե ում ուղղված։ Այսինքն՝ ոստիկանի հրահանգները բացահայտ պարզ են՝ իհարկե վարորդը պետք է արագացնի եւ շատ չծանրաբեռնի փողոցը, նույնիսկ եթե նա դպրոց է բերում իր երեխային, իհարկե խցանման դեպքում քիչ վարորդներ կհամարձակվեն կանգնել փողոցի բանուկ մասում եւ հենց այնպես զրույցի բռնվել։ Կանգնել եւ այդպիսի հրահանգներ տալ ու ասել, թե կարգավորում եմ՝ ուղղակի անմտություն է։ Ընդ որում, մի քանի մետր վերեւ՝ Ն. Աղբալյանի դպրոցի մոտ կանգնած է երկրորդ ոստիկանը, որի հրահանգները եւ պահվածքը առանձնապես չեն տարբերվում առաջինից։ Այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ այս ոստիկանները ժամանակ են սպանում, սպասում են անտարբեր՝ մինչեւ ինքնակարգավորմամբ խցանումը կվերանա։ Այս դեպքում էլ, ինչպես մեր կյանքի շատ դեպքերում, ավելի հզոր են գործում ինքնակարգավորման մեխանիզմները։

Բայց սա դեռ քիչ է։ Եթե ոստիկանների մեքենան կանգնած չլիներ հենց խցանման կիզակետում՝ երկու անգամ ավելի հեշտ կլիներ անցնելը։ Չէ՞ որ մեկ կանգնած մեքենան արդեն իսկ երկու անգամ նվազեցնում է առանց այն էլ նեղ Տերյան փողոցի անցողունակությունը։ Ես ուղղակի չեմ հասկանում, տեսուչները նրա համար են, որ խանգարե՞ն, թե՞ օգնեն: Ինչո՞ւ հնարավոր չէ կանգնել խաչմերուկի հենց կենտրոնում եւ կարգավորել շարժումը, ինչպես դա արվում էր մի երկու տասնյակ տարի առաջ, կամ էլ ինչպես այն արվում է հիմա՝ այլ երկրներում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել