Լրահոս
Օրվա լրահոսը

ՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ ԳՅՈՒՄՐԻՈՒՄ

Մայիս 14,2009 00:00

\"\"17-ամյա տղային այնքան են ծեծել, որ 10 օրից մահացել է

Գյումրու 17-ամյա բնակիչ Տիգրան Թադեւոսյանն իր համաքաղաքացի Լիդա Եդիգարյանի հետ շփվում էր www.odnoklassniki.ru կայքի միջոցով: Նրանց միջեւ երկխոսության ընթացքում Տ. Թադեւոսյանն օգտագործել է «գնա, ես քո…» արտահայտությունը: Դրա պատճառով աղջկա հարազատները դաժան ծեծի են ենթարկել Տիգրանին: 12 օր հետո Տիգրանը մահացել է:

Ապրիլի 14-ին, ժամը 17:30-ի սահմաններում, Տիգրանի հարազատներին է զանգահարել նրա հետ պարապող Լիդա Եդիգարյանը եւ հայտնել, որ Տիգրանը ծեծի է ենթարկվել եւ գտնվում է Գյումրու Անի թաղամասի ոստիկանությունում: Տիգրանի հորեղբոր կինը՝ Անիչկա Թադեւոսյանը, պատմում է, որ ոստիկանությունում հանդիպեցին կիսակենդան տղային, ում երկու ոստիկաններ մեծ դժվարությամբ էին նստած պահում. «Երբ ներխուժեցի ոստիկանություն (քանի որ ինձ ներս չէին թողնում), տեսա ամբողջ դեմքն ու գլուխը ջարդված, անգույն ու մահու չափ սարսափ ապրած երեխային: Առաջին հարցս եղավ՝ «Տիգրան, ո՞վ է քեզ ծեծել»: Երեխայի փոխարեն ինձ պատասխանեց հավանաբար բաժնի պետ ոմն Աշոտ Թափալդյան, ասելով, թե՝ քուր ջան, էրեխեն սոված է եղել, վայր է ընկել: Այդ ընթացքում Տիգրանին օգնություն էր ցույց տվել նաեւ շտապօգնության անձնակազմը, որը եւս պնդեց ոստիկանի վարկածը: Բուժքույրը նաեւ ավելացրեց, որ իրենք ներս են գցել Տիգրանի դուրս ընկած թեւը, իսկ մնացածը լուրջ բաներ չեն, կարող ենք երեխային տուն տանել»: Ոստիկանական բաժանմունքում Տիգրանի մայրը՝ Ջավահիր Սերոբյանը, բացատրագիր է թողնում այն մասին, որ Տիգրանը վայր է ընկել աստիճաններից: Ջ. Սերոբյանը նշում է, որ դա միտված էր ազատվելու ոստիկանական ավելորդ եւ ձեւական հարցաքննություններից. «Այդ պահին իմ միակ անհանգստությունը տղայիս կյանքը փրկելն էր: Եվ հետո ես տեղի ոստիկանության պատասխանատուներին չէի վստահում, որովհետեւ նրանք ծեծված երեխային չէին տարբերում ընկածից: Բացի այդ, մարդասպաններից մեկը Մ. Թադեւոսյան անունով ոստիկան հարազատ ուներ, ինչն էլ հիմնավորում էր մեր անվստահությունը»:

Տունդարձի ճանապարհին Տիգրանը պատմում է մորը, որ իրեն ծեծել են 4 երիտասարդներ՝ Սերգեյը, Սամվելը, Վալերիկը եւ Էդգարը, իր հետ պարապող ինտերնետային ընկերուհու՝ Լ. Եդիգարյանի հրահրմամբ: Նա պատմել է նաեւ, որ փորձել է փախչել, բայց երիտասարդները տաքսիով ընկել են հետեւից, բռնել են եւ խմբակային ծեծի են ենթարկել:

Տիգրանի հարազատները նրան տեղափոխել են Գյումրու «Ճերմակ» հիվանդանոց, որտեղից հիվանդին անշարժացնելով ուղարկել են Երեւանի Միքայելյանի անվան բժշկական կենտրոն: Այստեղ տղան դիմակայել է եւս 10 օր: Այդ ընթացքում հիվանդանոց են այցելել ծեծողների հարազատները: Տիգրանը նշել էր իր այցելուներից մեկի՝ Գայանեի որդու՝ Սերգեյի անունը, որպես առանձնակի դաժանությամբ ծեծողներից մեկը: Հարազատներն ասել են, որ պատրաստ են ամեն ինչ անել՝ տղայի կյանքը փրկելու համար եւ խնդրել են չբողոքել՝ թողնելով 150 հազար դրամ եւ $200, ասելով, որ կրկին կայցելեն:

Միքայելյան բժշկական կենտրոն են ժամանել նաեւ տեղի ոստիկանական բաժանմունքի երկու ոստիկաններ: «Երբ նրանք եկան, սկսեցին մեղադրել Գյումրու ոստիկանությանը, որ թերացել է իր աշխատանքում, բայց, 10 րոպե չանցած, նրանցից մեկը հեռախոսազանգ ստացավ Գյումրիից: Զանգից անմիջապես հետո ասացին, որ չեն ուզում իրենց գյումրեցի կոլեգաներին վատություն անել: Խնդրեցին, որ գրեմ, թե երեխայիս փողոցից եմ վերցրել»,- նշում է Տիգրանի մայրը, ով, ենթարկվելով հոգեբանական ճնշումների, ստորագրել է ոստիկանների գրածի տակ:

Ապրիլի 26-ին՝ երեկոյան 17:40-ին, Տիգրան Թադեւոսյանը Միքայելյանի անվան բժշկական կենտրոնում մահացավ: Ըստ կենտրոնի վիրահատական բաժնի 27.04.09-ին տրված ախտորոշման՝ Տիգրան Թադեւոսյանն ստացել է ծանր գանգուղեղային վնասվածք, գլխուղեղի սալջարդ աջ քունքային շրջանում, սուբարախնոիդալ արյան զեղում ծոծրակային եւ քունքային շրջաններում, գլխուղեղի այտուց:

Ապրիլի 28-ին Տիգրան Թադեւոսյանի մայրը եւ հորեղբոր կինը նոր հայցադիմումով հանդես են եկել Շիրակի մարզի Գյումրու ոստիկանության բաժանմունք, որտեղ դեպքի վերաբերյալ քրեական գործ է հարուցվել: Ըստ մայիսի 10-ի տվյալների՝ Գյումրու ոստիկանությունը բերման է ենթարկել հարձակվողներից Սամվելին, որը չի խոստովանել իր մեղքը:

Գյումրու ոստիկանության բաժանմունքի պետ Շ. Շահնազարյանը մեզ հայտնեց, որ արագ եւ ծավալուն աշխատանքներ են տարվում բոլոր հանցագործներին ձերբակալելու համար: Մնացած մանրամասները բաժանմունքի պետը խոստացավ հայտնել օրվա երկրորդ կեսին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել