Լրահոս
Օրվա լրահոսը

Կարտոֆիլը վարակվե՞լ է

Մայիս 14,2009 00:00

«Արդեն մոտ 2 ամիս է, ինչ Վրաստանը փակել է կարտոֆիլի արտահանման ճանապարհը՝ պատճառաբանելով, թե վարակված է վնասատու միջատներով»,- երեկ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց «Ագրարագյուղացիական միություն» հ/կ-ի նախագահ Հրաչ Բերբերյանը: Ըստ նրա, իրականում պատճառը դա չէ, այլ այն, որ «մեր նախարարներից մեկը հեռագիր է տվել Վրաստանի նախարարին՝ մենք 100 հազար տոննա կարտոֆիլ ունենք ձեզ ծախելու, ուզո՞ւմ եք։ Հենց իմացան՝ նույն րոպեին սահմանը փակեցին»։ Նա չցանկացավ նշել այդ նախարարի անունը։ Հ. Բերբերյանը նշել է նաեւ, որ այս տարի Հայաստանում ցրտահարություն է եղե,լ ու տարբեր գյուղատնտեսական մշակաբույսերի 10-15%-ը վնասվել է. «Մասիսի տարածաշրջանում արձանագրվել է կարտոֆիլի 30%-ի ցրտահարություն»:

Պարոն Բերբերյանը խոսել է հիմնականում այն պարարտանյութի մասին, որը նա պետք է ներկրի հունվարին. «Ինչպես խոստացել էինք, հունվար ամսին ՀՀ կներկրվի շատ մատչելի գներով, բարձր որակական հատկանիշներով, միջազգային նորմերին համապատասխան ազոտական պարարտանյութ: Խոսքը 20 հազար տոննայի մասին է: Հենց այս պահին պարարտանյութ տեղափոխող մեքենաները ճանապարհին են, եւ առաջին քանակ պարարտանյութը տեղափոխվում է Շիրակի մարզ, Ապարանի եւ Սեւանի տարածաշրջան»: Նա հավելեց, որ այսուհետեւ ամեն օր ներկրվելու է միջին հաշվով 500-800 տոննա պարարտանյութ, որը շուկայական գներից կլինի 1500 դրամով ցածր՝ պարկը 8000 դրամ: Նոր գյուղնախարար Գերասիմ Ալավերդյանի մասին էլ նա ասաց, թե չգիտի էլ՝ ով է, բայց լսել է, որ «ներքին գործերում» է աշխատել։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել