Լրահոս
Օրվա լրահոսը

Վարույթները կասեցվել են

Մայիս 14,2009 00:00

ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի ուսումնասիրություններով պարզվել է, որ կարագի շուկայի նոր գերիշխողը՝ 47,85% բաժնով, «Ալեքս Գրիգ» ընկերությունն է: Հանձնաժողովի երեկվա նիստում տեղեկացվեց, որ 2008-ի շուկայում գործել է 23 տնտեսվարող սուբյեկտ, որոնցից 14-ը զբաղվել է ներկրմամբ, 7-ը՝ արտադրությամբ: Շուկայի իրացման ծավալը կազմել է 4143,87 տոննա:

Հանձնաժողովի մոնիտորինգի համաձայն, 2009-ի մարտի 3-5-ը, դրամի փոխարժեքի տատանումների պատճառաբանությամբ, մի շարք տնտեսվարողների կողմից արձանագրվել են կարագի իրացման գների բարձրացումներ: Հանձնաժողովը վարույթ է հարուցել հնարավոր հակամրցակցային համաձայնությունների կամ մրցակցության կանոնների հնարավոր խախտումների բացահայտման նպատակով:

Սակայն վարույթի ընթացքում պարզվել է, որ 2009-ի մարտի 3-5-ը կարագի իրացման գների բարձրացումներ արձանագրվել են հիմնականում իրացման մանրածախ ցանցում, իսկ արդեն մարտի 2-րդ կեսից՝ տարադրամի շուկայում աժիոտաժի վերացումից եւ փոխարժեքի կայունացումից հետո նկատվել է կարագի իրացման գների նվազում: Հանձնաժողովը դադարեցրեց վարույթը: Կասեցվել է նաեւ բուսական յուղի շուկայում հարուցված վարույթը: Նշենք, որ այն հարուցվել էր, քանի որ 2009-ի փետրվարի 28-ից մարտի 10-ը բուսական յուղ ներկրող եւ իրացնող տնտեսվարողների կողմից չի իրականացվել միանման գնային քաղաքականություն:

Ըստ հանձնաժողովի կողմից Երեւա նի վաճառակետերում իրականացրած բուսական յուղի իրացման գների մոնիտորիգի, մարտի 3-5-ը որոշ վաճառակետերում նկատվել է բուսական յուղի գների բարձրացում՝ միջինը 19%-ով: Սակայն մարտի 30-ի դրությամբ բուսական յուղի իրացման գները որոշակի չափով նվազել են՝ մարտի 5 -ի գների նկատմամբ: Դիտարկվող վաճառակետերում ամրագրված գների բարձրացումը, մարտի 2-ի գների համեմատությամբ, կազմել է 2-19%:

Հանձնաժողովի գնահատմամբ, բուսական յուղի գների բարձրացումն ու տատանումը ձեւավորվում է նաեւ վաճառակետերում գնագոյացման արդյունքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել