Լրահոս
Օրվա լրահոսը

Մի տնից չենք, բայց մի խրամատից ենք

Մայիս 14,2009 00:00

Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների միության 5-րդ համագումարի ժամանակ՝ երեկ նախագահ Սերժ Սարգսյանը անդրադարձել է համաշխարհային տնտեսական ճգնաժամի ազդեցությանն ու պետության կողմից իրականացվող քայլերի արդյունավետությանը: Ս. Սարգսյանը նշել է, որ «համառ աշխատանքի շնորհիվ հնարավոր եղավ առանց լուրջ խեղումների անցնել մի քանի դժվար ամիսները, որոնց ընթացքում տնտեսության հիմնական ճյուղերում անկում ենք ունեցել»: Նախագահի խոսքերով. «Սոցիալապես ամենախոցելի խավերը, ինչպես հաճախ է լինում, չդարձան արտաքին անբարենպաստ ազդակների առաջին թիրախները, արդյունքում՝ նպաստները, կենսաթոշակները, ուսուցիչների, բուժաշխատողների եւ ընդհանրապես պետբյուջեից հատկացվող բոլոր աշխատավարձերը ոչ միայն չկրճատվեցին, այլեւ տրվում են ժամանակին՝ տարեսկզբին բարձրացված չափերով: Մենք չունեցանք բանկային խաթարումներ, ցածր միջազգային գների պայմաններում հանքահումքային ոլորտի հսկաները կա՛մ չդադարեցին գործել, կա՛մ կարճատեւ դադարից հետո կարողացան վերագործարկվել: Չիրականացան հոռետեսական կանխատեսումները արժութային շուկայի փլուզումների կամ համընդհանուր խուճապի վերաբերյալ: Եվ ամենակարեւորը, նման պայմաններում, ավելին՝ նույնիսկ ազգային արժույթի նկատելի արժեզրկման պայմաններում մեզ հաջողվեց խուսափել սպառողական գների արտառոց թռիչքներից»: Համաժողովի ընթացքում նախագահը նաեւ իր երախտագիտությունն է հայտնել մեր բնակչությանը. «Այսօր ես ուզում եմ շնորհակալություն հայտնել մեր բնակչությանը, որ կարողացավ խոհեմ վարքագիծ որդեգրել՝ չմատնվելով վիճակն անիմաստ բարդացնող խուճապին, մեր գյուղացիներին, ովքեր իրենց ունեցած սուղ միջոցներով գարնան գյուղատնտեսական աշխատանքներին են ձեռնամուխ եղել, բոլոր մեր աշխատողներին, այդ թվում՝ նրանց, ովքեր նույնիսկ կրճատված աշխատավարձի պայմաններում ամեն օր աշխատանքի են շտապում, նրանց, ովքեր դիմացել են պարապուրդի շրջանն ու կրկին վերագտել իրենց աշխատանքը, եւ նրանց, ովքեր դեռ անտրտունջ սպասում են իրենց աշխատատեղին եւ չեն խուսափում որեւէ այլ աշխատանք իրականացնել»: Նախագահը շնորհակալություն է հայտնել նաեւ լրատվամիջոցներին՝ «ըմբռնողական մոտեցումների համար»: Ս. Սարգսյանը ինքնավստահության կոչ է արել գործարարներին եւ հավաստիացրել, որ «եթե մեզնից յուրաքանչյուրը գիտակցի, որ իրականում բոլորս էլ նույն գործն ենք անում, նույն վտանգի դեմ ենք պայքարում, որ բոլորս միասին նույն խրամատում ենք գտնվում, իսկ մեր դեմ խիստ վտանգավոր ճգնաժամն է, այդ դեպքում, համոզված եմ, շատ ավելի համաքայլ կգործենք»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել