Լրահոս
Օրվա լրահոսը

«ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ԿԱՐՈՂ Է ԱՆԵԼ՝ ԻՆՉ ՈՒԶՈՒՄ Է»

Մայիս 14,2009 00:00

\"\"Քաղաքական գործիչներից ոմանց կարծիքով, չի բացառվում, որ Ռուսաստանի իշխանությունները Հայաստանին զրկեն ֆինանսական աջակցությունից:

Վերջերս Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինը լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ վերջին 15 տարիների ընթացքում Ռուսաստանն ընդառաջել է նախկին ԽՍՀՄ հանրապետություններին՝ նրանց միջազգային գներից մի քանի անգամ էժան էներգահումք վաճառելով։ «Նշված ժամանակահատվածում մենք տասնյակ միլիարդավոր դոլարի չափով սուբսիդավորել ենք այդ երկրների տնտեսությունները: Սակայն այդ փուլն ավարտվել է եւ պետք է անցնել շուկայական հարաբերությունների: Մենք պատրաստ ենք ֆինանսական ռեսուրսների հայթայթման գործում մեր գործընկերների հետ ուսումնասիրել աղբյուրների որոնման հնարավորությունները, որպեսզի նրանք կարողանան կատարել վճարումները։ Սակայն որեւէ մեկի փոխարեն մենք այլեւս չենք վճարելու»: «Առավոտը» արդեն անդրադարձել է այս թեմային (12.05.

2009):

Որոշ տնտեսագետներ, մեկնաբանելով Վլադիմիր Պուտինի հայտարարությունը, կարծիք հայտնեցին, որ Ռուսաստանը գուցե փոխի իր բարիդրացիական վերաբերմունքը ԱՊՀ երկրների հանդեպ, եւ որոշ նախնական պայմանավորվածություններ ամբողջությամբ չկատարվեն: Կամ եթե տվյալ պետությունը, ասենք, համարձակվի Ռուսաստանին չհաճոյանալ, գուցե եւ զրկվի ռուսական աջակցությունից:

«Առավոտը» փորձեց որոշ ՀՀ պաշտոնյաներից ճշտել, արդյո՞ք Վ. Պուտինի խոսքերը անուղղակիորեն արված հայտարարություն չեն այն մասին, որ ԱՊՀ երկրները, այդ թվում նաեւ Հայաստանը, ցանկացած հարցում կզրկվեն Ռուսաստանի աջակցությունից, ընդհուպ մինչեւ ֆինանսական աջակցություն:

ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի փոխնախագահ, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Վարդան Բոստանջյանի խոսքերով՝ «Միանշանակ հնարավոր չէ ասել, որ եթե Հայաստանը իրեն լավ պահի՝ Ռուսաստանից կշարունակի աջակցություն ստանալ, կամ լավ չպահի՝ կզրկվի դրանից: Բոլոր պարագաներում աջակցություն կոչեցյալը, տվյալ ժամանակահատվածում, ունի քաղաքական ենթատեքստ: Նայած այդ ժամանակահատվածում ինչ քաղաքական իրադարձություններ են տեղի ունենում եւ դրանց միտումներն ինչպիսին կլինեն: Ուրեմն, այդ հայտարարությունը կարող է վերաբերել Հայաստանին, կարող է եւ՝ ոչ: Ընդհանուր առմամբ, Ռուսաստանը, լինելով խոշոր երկիր, կարող է ընդդեմ հայտարարություններ անել»: Ըստ ԱԺ պատգամավորի, բոլոր այն երկրները, որոնք միշտ ակնկալել են եւ, խոշոր հաշվով, Ռուսաստանից ստացել են աջակցություններ, հիմա թող չսպասեն դրան. «Եթե սպասելու էլ լինեն, դա, հասկանալի առումով, կարող է պատահի՝ շատ թանկ արժենա»:

Մեր այն դիտարկմանը, թե Վ. Պուտինի խոսքերից կարելի՞ է ենթադրել, որ եթե Հայաստանը իրեն Ռուսաստանի «սրտով չպահի», կզրկվի որոշ առավելություններից, այդ թվում նաեւ ակնկալվող վարկերից, պարոն Բոստանջյանն ասաց. «Դուք ճիշտ եք ասում: Անհնարին ոչինչ չկա: Իսկ ինչո՞ւ Ռուսատանը չի կարող ցանկացած պահի նման հայտարարություն անել, դա հզոր երկիր է: Բոլոր պարագաներում, որքան էլ մենք քաղաքակիրթ խոսքեր ուզենանք շրջանառության մեջ դնել, իմ կարծիքով՝ նրանք իրավունք ունեն հասկացնել երկրներին՝ ինչ ուզում են: Այդուհանդերձ, ամեն երկիր ոտքը պետք է իր վերմակի չափով ձգի, եւ հանկարծակի ավելորդ ակնկալիքներ չունենա»:

Ի տարբերություն Վարդան Բոստանջյանի, ՀՀԿ փոխնախագահ ԱԺ պատգամավոր Գալուստ Սահակյանը չի կարծում, թե Ռուսաստանն ուզում է Հայաստանին դաս տալ. «Չեմ կարծում, որ դա մատ թափ տալ է որեւէ երկրի վրա: Ինքը՝ Ռուսաստանը, տնտեսական ճգնաժամի մեջ է եւ, բնականաբար, ինքն իր ծրագրերն է իրականացնում: Դա կապ չունի 2-րդ կամ 3-րդ երկրի հետ: Դա իր իրավունքն է, եւ չեմ կարծում, որ հատուկ պետք է ընդգծենք, որ այդ հայտարարությունը Հայաստանին է վերաբերում: Ինչ վերաբերում է նրան, որ մենք կարող է զրկվենք վարկային պայմանավորվածություններից, նշեմ, որ դրանք միջպետական պայմանագրեր են, էնպես չէ, որ չլինեն: Բացի այդ, Հայաստանն իրեն պահում է էնպես, ինչպես որ պետք է: Որեւէ երկրի, ընդ որում Հայաստան-Ռուսաստան առումով, որեւէ անախորժ մոտեցումներ չեն նկատվել, եւ չեմ կարծում, որ Պուտինի հայտարարությունը վերաբերում է Հայաստանին: Մենք կցորդ երկիր չենք, Ռուսաստանը մեր ռազմավարական գործընկերն է, այդ շրջանակներում մեր հարաբերությունները կարգավորված են, որեւէ փոփոխություններ նկատելի չեն»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել