Լրահոս
Օրվա լրահոսը

Հակասությունները ձեւակա՞ն են

Մայիս 14,2009 00:00

Կարապետիչը չի բացառում, որ նման «բեմականացումներով» իշխանությունը փորձում է յուրացնել ընդդիմության ձայները:

«Կոալիցիոն կուսակցություններն այսօր իրենց զոռբայությամբ ձգտում են ներազդել ամբողջ ընտրազանգվածի վրա»,- «Առավոտի» խնդրանքով ամփոփելով քարոզարշավի այս փուլը՝ երեկ ասաց Ժողովրդական կուսակցության նախագահ եւ առաջիկա ընտրություններում կուսակցության համամասնական ցուցակը գլխավորող Տիգրան Կարապետյանը: «Ես իմ կյանքում այսպիսի ընտրություն չեմ տեսել»,- խոստովանեց մեր զրուցակիցը՝ նկատի ունենալով բռնությունների եւ կոնֆլիկտների վերջին դեպքերը: «Մենք կողմնակից ենք արդար ընտրություններին, բայց ինչպես երեւում է՝ եսիմ, չեմ տեսնում, որ արդար կլինի, որովհետեւ նախադրյալները շատ տարօրինակ են»,- ասում է նա: Ի նկատի ունենալով այս ամենը՝ Կարապետիչը չի հավատում ՀՀԿ-ական իշխանավորների «կուրծք ծեծոցիներին», որ իրենք անելու են ամենը, որպեսզի այս ընտրությունները ազատ եւ արդար լինեն, որ դա նախեւառաջ իշխանությանը, մասնավորաբար՝ ՀՀԿ-ին է պետք. «Բա եթե ասում են՝ ինչո՞ւ են բախվում: Կարո՞ղ ա ես եմ գնում-բախվում: Էդ հենց այնպես չի»: Բացի այդ, մեր զրուցակիցը գտնում է, որ ազատ եւ արդար ընտրությունների կազմակերպումը որեւէ կուսակցությունից կախված չի, որովհետեւ՝ «տեղերում արդեն սովոր են այդ մեթոդներին, եւ համապետական ընտրություններին կիրառվող բոլոր կեղտոտ տեխնոլոգիաները հիմա էլ էստեղ են օգտագործում: Չի կարելի, ինչո՞ւ են բոլոր կոալիցիոն կուսակցությունները դռնեդուռ ծեծում»:

Հետաքրքրվեցինք՝ այժմ, երբ արդեն ակնհայտ է, որ ընտրություններն ազատ ու արդար չեն լինելու՝ ի՞նչ պիտի անեն հասարակությունը եւ ընտրություններին մասնակցող այն ուժերը, որոնց նպատակներն իսկապես ազնիվ են: «Ժողովուրդը պետք է սկզբունքային լինի եւ ընտրավազքի մրցակցության մեջ չմտնի, գումարներ չվերցնի եւ չկանգնի «ուժեղի» կողքին, որովհետեւ կարող է իրար դեմ այս հակադրությունները ձեւական են: Մեր իշխանավորները սովոր են այդպիսի բաների, որ մարդիկ էլ մտածեն՝ ահա այս մեկը այն մյուսի հախից եկավ, իրեն ձայն տանք: Ու այդ կերպ իշխանավորներն ուզում են ընդդիմադիր դաշտից ձայներ տանել: Բնակչությունը պետք է սկզբունքային լինի: Մենք էլ՝ զգոն եւ ուշադիր»,- ասում է Տիգրան Կարապետյանը եւ ցավով նշում, որ ժողովուրդն այլ կերպ է տրամաբանում. «Ժողովուրդն էլ ասում է՝ դուք պահեք մեր ձայները: Պահել՝ ոնց որ թե մենք էլ պիտի զենքով պահենք: Պահելը ո՞րն է: Մենք ինչ հնարավոր է՝ անելու ենք՝ տեսախցիկներ ենք ուղարկելու, ամեն տեղ վստահված անձեր ենք ունենալու, ուրիշ ի՞նչ կարող ենք մենք անել»: Հիշեցրինք, որ քարոզարշավը դեռ չմեկնարկած՝ Տիգրան Կարապետյանը բավականին վստահ հայտարարում էր, որ իր ղեկավարած կուսակցությունը հաղթահարելու է 7 տոկոսի շեմը, ու հետաքրքրվեցինք՝ վերոնշյալ անարդարություններն աչքի առաջ ունենալով՝ արդյոք չի՞ նվազել Կարապետիչի վստահությունը: Պարզվում է՝ ոչ: Ավելին՝ «Մենք ունենք մոտավորապես 15 տոկոս ձայն եւ պահելու ենք այդ ձայները»,- ասում է մեր զրուցակիցը: Իսկ թե ինչպե՞ս է սույն հաշվարկն իրականացվել, ասաց. «Մեր էլեկտորատի եւ կուսակիցների միջոցով: Այսօր շարժը մեծ է: Օրական 100-150 մարդ է գալիս մեր կուսակցություն: Դա էլ է հանդիպում ժողովրդի հետ, եւ մենք տեսնում ենք, որ մարդիկ շատ ու շատ շահագրգռված են»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել