Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԻ՛ ԿՐԱԿԵՔ ՃԱՅԵՐԻ ՎՐԱ

Մայիս 14,2009 00:00

Որսորդների պակաս մեր հասարակության մեջ կարծես չկա, եւ եթե ինքդ որսորդ չես, ուրեմն՝ հաստատ որս ես

\"\"
Հայր եւ որդի Դալլաքյանները որոշել են փրկել կենդանական
աշխարհը մինչեւ ատամները զինված որսորդներից:

Ոչ քաղաքական այս թեմային հենց այնպես չենք անդրադառնում: Վերջին շրջանում բնապահպանական խնդիրների մասին շատերն են խոսում, սակայն կենդանիների շահերի պաշտպանությամբ գրեթե ոչ ոք չի զբաղվում, թեպետ սա պակաս քաղաքական թեմա չէ։ Դեռ նախորդ քառօրյայում, երբ խորհրդարանը քննարկում էր ԱԺ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանի եւ իր օգնականի՝ իրավաբան Երվանդ Դալլաքյանի ներկայացրած «Որսի եւ որսորդական տնտեսության վարման մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը, շատ քչերն անդրադարձան այս հարցին, այն էլ՝ հպանցիկ: Մենք եւս այդ ժամանակ հարցը շրջանցեցինք, սակայն նախընտրական քարոզարշավի այս օրերին հարցը կարծես կրկին հրատապ դարձավ, քանի որ այս օրերը ոչ միայն քաղաքական ակտիվության, այլեւ որսի համար են լավ շրջան համարվում:

Եվ քանի դեռ որսորդները զենքերը չեն առել եւ չեն մտել հայրենի անտառները, հարկ է նրանց կրկին հիշեցնել, որ չի կարելի կրակել որոշ անհետացող կենդանիների եւ թռչունների վրա եւ չի կարելի որսի գնալ այնպես, ինչպես պատերազմ են գնում: Ի դեպ, հայր եւ որդի Դալլաքյանների ներկայացրած նախագծին կառավարությունը դրական եզրակացություն է տվել, սակայն խորհրդարանում գտնվեց պատգամավոր՝ բնապահպանության նախկին նախարար Վարդան Այվազյանը, որ հայտնի է նաեւ որպես որսորդ, որը դեմ խոսեց օրինագծին, եւ փորձեցին պաշտպանել ոչ թե կենդանական աշխարհի, այլ որսորդների իրավունքները: Ի դեպ, պարոն Այվազյանը հայտնի է նաեւ որպես ճերմակ ճայերի վրա կրակող որսորդ:

Եթե Վիկտոր Դալլաքյանի եւ շատերի կարծիքով որսը կենդանական աշխարհի հետ շփվելու միջոց է, ապա այլոց կարծիքով՝ որսը բիզնես է եւ կենդանիներին բնաջնջելու ձեւ: Դատելով ելույթների տրամաբանությունից՝ հենց այդպես է մտածում Վարդան Այվազյանը: Վիկտոր Դալլաքյանի ասելով, ինքը օրինագիծը ներկայացնելով, նպատակ ունի օրենքի ընձեռած հնարավորություններով վերացնել այն բարբարոսությունը, որ կատարվում է կենդանական աշխարհի հետ «որոշ, այսպես կոչված, որսորդների կողմից»:

Նախագծում նշված է նաեւ ուղղաթիռով որսը արգելելու մասին: Արգելքների մեջ նշված են «ռազմական ակոսավոր զենքի օգտագործումը», լուսարձակների կամ լուսային այլ հզոր աղբյուրների կիրառմամբ որսը, ձվերի եւ ձագերի հավաքը, գազանների եւ թռչունների բների եւ որջերի քանդելը, էլեկտրական հոսանքի կամ ծխի կիրառմամբ որսը, թռչունների եւ վայրի կենդանիների ապրելավայրերի, ցանցերի եւ օղակների կիրառումով որսը, ինչպես նաեւ էլեկտրոնային ձայն վերարտադրող սարքերի եւ ձայնարձակիչների օգտագործումով որսը, քիմիական եւ պայթուցիկ նյութերի կիրառումով վայրի կենդանիների որսը: Այս բոլոր հատուկ արգելքները շեշտելը կարծես վկայում է, որ մերօրյա որսորդները հենց այդ միջոցներով էլ որս են անում: Պարոն Դալլաքյանին հենց այդ մասին էլ հարցրինք` փաստորեն, եթե նման արգելքները շեշտվել են, ուրեմն մեզանում կա՞ն մարդիկ, ովքեր այդ միջոցների կիրառմամբ են որս անում: Վիկտոր Դալլաքյանը հաստատեց մեր կասկածները եւ նկատեց. «Նաեւ մամուլում բազմաթիվ հրապարակումներ են եղել այն մասին, որ նման մեթոդներով եւ նման ձեւերով որս է իրականացվել մասնավորապես հայտնի բարձրաստիճան պաշտոնյաների եւ որոշ օլիգարխների կողմից: Ես համոզված եմ, որ կենդանական աշխարհի նկատմամբ բարբարոսությունն անթույլատրելի է, եւ հենց այդ պատճառով էլ ներկայացրել եմ այս նախագիծը»:

Օրինագծի քննարկման ժամանակ բնապահպանության նախկին նախարար Վարդան Այվազյանն ուղղակի ամբիոնից հարցրեց՝ բա ինչպե՞ս պետք է նապաստակի որս անենք, հո ոտքով չե՞նք վազելու նապաստակի ետեւից: Վիկտոր Դալլաքյանը խորհրդարանական ամբիոնից հիշեցրեց գործող «Քրեական օրենսգրքի» 294 հոդվածը. «Ապօրինի որսը, որը կատարվել է մեխանիկական տրանսպորտային միջոցի կամ օդանավի, պայթուցիկ նյութերի եւ այլնի օգնությամբ, պատժվում է ազատազրկմամբ՝ 2 տարի ժամկետով, որը ես նախագծում առաջարկել եմ դարձնել 3 տարի: Այն մարդիկ, որոնք խոսում են նապաստակներին մեխանիկական միջոցով մոտենալու մասին, պետք է իմանան, որ 2003 թ. ապրիլին ընդունված եւ այժմ գործող «Քրեական օրենսգրքում» այդ արգելքը կա, եւ եթե իրենք այդպես են որս արել, ուրեմն խախտել են գործող օրենքը: Այսինքն՝ բնապահպանության նախկին նախարարը չգիտի, որ օրենքով արդեն վեց տարի է՝ արգելված է մեխանիկական միջոցով որս կատարելը»:

Երեկ մենք ուզեցինք նաեւ հստակեցնել՝ պատգամավորի կարծիքով՝ այսօրվա իշխանության ներսում կա՞ն որսի սիրահարներ. եւ այդ սիրահարները, հիմա՞ են շատ, թե՞ նախորդ իշխանության ժամանակ: Ի պատասխան՝ պարոն Դալլաքյանն ասաց. «Անկեղծ ասած, ես ոչ մի վիճակագրական հետազոտություն չեմ կատարել, բայց տվյալ դեպքում ինձ հետաքրքրում են ոչ թե որսի սիրահարները, այլ կենդանական աշխարհի պաշտպանության խնդիրը, եւ հավելեմ, որ այսօրվանից շրջանառության մեջ եմ մտցրել «Որսի եւ որսորդական տնտեսության վարման մասին» եւ «Քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով առաջարկում եմ արգելել Կարմիր գրքում գրանցված կենդանիների որսը եւ դրա համար առաջարկում եմ «Քրեական օրենսգրքում» նախատեսել ազատազրկում մինչեւ 10 տարի ժամանակով: Ի դեպ, ասեմ, որ ինքս երբեք չեմ կրակել ճայերի վրա»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել