Երեկ Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների 1-ին ատյանի դատարանում շարունակվել է ՀՀ ԱԺ պատգամավոր Մյասնիկ Մալխասյանի, իսկ Կոտայքի մարզի 1-ին ատյանի դատարանում՝ ՀՀ ԱԺ պատգամավոր Սասուն Միքայելյանի դատավարությունը: «Ա1+»-ի մատուցմամբ, Մ. Մալխասյանի գործով դատակոչված 12 վկաներից երեկ դատարան էր ներկայացել միայն 4-ը: Նրանցից միայն երկուսն են երեկ հարցաքննվել, եւ երկուսն էլ դատարանում իրենց նախաքննական ցուցմունքներին հակասող ցուցմունքներ են տվել, որը եւ պատճառ է դարձել, որպեսզի մեղադրող կողմի միջնորդությամբ հրապարակվեն նրանց նախաքննական ցուցմունքները: Վկաներից մեկը՝ Վարդգես Թադեւոսյանը, որը որպես վկա անցնում է նաեւ Սասուն Միքայելյանի գործով, ապրիլի 12-ին նույն դատարանում հայտարարել էր, թե չի ճանաչում Մ. Մալխասյանին, իսկ երեկ արդեն ասել է, որ ճանաչում է նրան ու տեսել է մարտի 1-ին, Մյասնիկյանի արձանի մոտ: Ամբաստանվող Մալխասյանը որքան էլ փորձել էր վկայից պարզել, թե ինքն այդ օրը ի՞նչ էր հագել, վկան միեւնույն է՝ ասել էր, թե չի հիշում: Վ. Թադեւոսյանը միայն վկայել էր՝ ինքը կողքից է լսել, որ ելույթ ունեցողը եւ բռնության կոչեր անողը Մ. Մալխասյանն է: Դատարանում Թադեւոսյանն ասել է, թե բենզինով լի շշեր չի տեսել, իսկ նախաքննական ցուցմունքում գրել էր, որ տեսել է, թե ինչպես են այդ շշերը շպրտում ոստիկանների ուղղությամբ: Ցուցմունքում նա նաեւ գրել էր, որ Մալխասյանը մարտի 1-ի անկարգությունների կազմակերպիչներից մեկն էր: Պաշտպան Արսենյանի այն հարցին, թե ինչպե՞ս էր վկան դա հասկացել, վերջինս կարկամել է ու ասել՝ «երեւի սխալ եմ գրել: Հիմա էտ բառը գրվել է, ինչ անեմ, չնայած ես եմ ցուցմունքը գրել»: Մալխասյանի գործով երկրորդ վկան 22-ամյա Մկրտիչ Արմենակյանն է եղել, որը դատարանի դահլիճ մտնելուն պես բացականչել է՝ «ավելի լավ է ինձ դատեք, քան թե ես ցուցմունք տամ: Ես հիվանդ տղա եմ՝ նյարդային հիվանդ: Նախաքննական մարմնին տված իմ ցուցմունքի տակ ես ստորագրում եմ՝ ինչ գրել եմ, ճիշտ եմ գրել: Հիմա ես ոչինչ չեմ հիշում, այն ժամանակ թարմ ուղեղով եմ գրել»: Նա դատարանում ասել է, թե չի հիշում, որ Մ. Մալխասյանը Մյասնիկյանի արձանի մոտ փայտերով ու ձողերով ինչպիսի կոչեր է արել, բայց «հիշել» է «լիդերներից մեկին», նրա նկարագրությամբ՝ մորուքավոր, 27-28 տարեկան, զինվորական հագուստով, ու մի քիչ մտածելուց հետո հավելել, թե այդ լիդերի անունը Դավիթ Շահնազարյան է: Ի դեպ, այս վկան պայմանական ազատազրկման է դատապարտվել մարտի 1-ին խանութները կողոպտելու համար: Իսկ Ս. Միքայելյանի գործով դատակոչված վկաներից մեկի՝ Թաթուլ Կարապետյանի եւ նրա քրոջ տունը առավոտից ոստիկանության կողմից վերցված է եղել շրջափակման մեջ: Հիշեցնենք, որ այս վկային նախորդ դատական նիստի ժամանակ թույլ չէին տվել դատարան մտնել: Ու թեեւ նա սպասելիս է եղել դատարանի շենքում, այդուհանդերձ, դատավոր Հ. Սարգսյանը հայտարարել էր, թե վկաներ չկան: Ոստիկանները հայտարարել էին, թե ապահովում են վկայի անվտանգությունը, որին, իբր, սպառնում են Ս. Միքայելյանի համակիրները, իսկ ըստ վկայի, դատարանում ճիշտ ցուցմունք չտալու համար: Նա մտադիր է դիմել ՀՀ օմբուդսմենին: