Լրահոս
Օրվա լրահոսը

«Ոչ ոք ձեր ձեռքերը չէր կապում՝ Աբովյան փողոցը բարեկարգելու»

Մայիս 14,2009 00:00

ՀՀԿ-ի եւ ԲՀԿ-ի ցուցակներում ընդգրկված թաղապետերին ու ճարտարապետներին ասում է ՀՅԴ պատգամավոր Լիլիթ Գալստյանը:

ՀՅԴ խմբակցության անդամ Լիլիթ Գալստյանը երեկ «Փաստարկ» ակումբում նշեց, թե ավագանու ընտրությունները դարձյալ ընթանում են «Հայաստանին բնորոշ խեղված տարբերակով, որտեղ ընթացքի մեջ են դրվել մեզ վաղուց հայտնի բոլոր մեխանիզմները՝ ընտրակաշառքներ, ցուցակների կազմում, վարչական եւ նյութական, քրեագողական բոլոր ռեսուրսների օգտագործում, շահերի բախում, որոնք հեռու են գաղափարական կամ քաղաքական լինելուց»: Քանի որ ընտրակաշառքները սովորաբար բաժանվում են քվեարկությունից 1-2 օր առաջ՝ «Առավոտը» հետաքրքրվեց՝ մի՞թե արդեն արձանագրվել են գումարներ բաժանելու փաստեր: Լիլիթ Գալստյանն ի պատասխան ասաց, թե ընտրակաշառքը միայն 5-10 հազար դրամը չէ, այլ նաեւ խոստումները. «Ընտրությունից ընտրություն շենքերի տակ ինչ-որ կուսակցության անուն գրելը, շտաբ բացելը եւ այնտեղ նարդի ու գարեջուր խմելու ինչ-որ ակումբ դարձնելն ինքնին կաշառք է, քանի որ հոգեբանություն ենք ստեղծում, թե ընտրությունից ընտրություն ինչ-որ մեկը հաջողեցնում է փոքրիկ աշխատատեղ ստեղծել: Դպրոցի տնօրեններ գիտենք, որոնց համայնքներում պարզապես ահաբեկում են: Ես հիմա պիտի վարանեմ անուններ ասել, որովհետեւ վաղը-մյուս օրը նրանք էլ կկանգնեն աշխատանքից ազատվելու շեմին: Դպրոցի տնօրեններին ահաբեկում են՝ ցուցակներ են ուզում, նույնը ծնողների նկատմամբ է կատարվում: Շատերին խոստումներ են տալիս՝ փոքրիկ տարածքներ, ավտոտնակներ եւ այլն»:

Ըստ նրա՝ ՀՅԴ-ն կարեւորում է «այս ընտրությունների քաղաքական պատկեր ունենալը, քանի որ այսօր հայաստանյան իշխանություններն ունեն լեգիտիմության խնդիր: Միակ այլընտրանքն այսօր արդար ընտրություններն են իշխանության լեգիտիմության, Հայաստանում նախագահական վերջին ընտրություններից հետո խաթարված սոցիալական համերաշխության վերականգնման համար»: Մեր հարցին, թե ո՞ր պահից արձանագրեցիք, որ իշխանություններն ունեն լեգիտիմության խնդիր՝ կոալիցիայից ՀՅԴ դուրս գալուց հետո՞, թե՞ նաեւ այդ ընթացքում՝ Լիլիթ Գալստյանը պատասխանեց. «Մենք բարձրաձայնել ենք, բայց միշտ ունեցել ենք այն համոզումը, որ այս պահին ունենք ներքին կայունության եւ այլ խնդիրներ: Եվ միգուցե մեր բարձրաձայնածը բավարար արդյունավետ չի եղել»:

Նա նաեւ անդրադարձավ ՀՀԿ-ի եւ ԲՀԿ-ի ցուցակներում ընդգրկված թաղապետերի եւ ճարտարապետների պահվածքին, որոնք ներկայանում են գրեթե իբրեւ «նոր առաքյալներ»՝ հայտարարելով. «Վստահեք, եւ մենք կպայքարենք ձեր իրավունքների համար»: ՀՅԴ պատգամավորը հեռակա հարց ուղղեց նրանց. «Բայց չէ՞ որ դուք իրական լծակներ ունեք եւ ունեիք 10 տարուց ավելի: Եվ ոչ ոք ձեր ձեռքերը չէր կապում՝ Աբովյան փողոցը բարեկարգելու: Այսօր ամենաայլանդակ քաղաքաշինական եւ մարդու կենսագործունեության համար ամենախեղված վիճակում Երեւանի կենտրոնն է: Եվ այսօր գործող թաղապետերը, որոնք այս կամ այն ուժի ցուցակում են՝ ժողովրդի հետ հանդիպում են, եւ անաբուռաբա՛ր, անամոթաբա՛ր մարդկանցից փորձում են քվե գողանալ ու հավաստիացնել, թե իրենք Երեւանը կդարձնեն վարդագույն, գեղեցիկ, պայծառ, կանաչ, դրախտային եւ այլն: Երբ որ նրանք այսօր պիտի ոչ թե մի անգամ եւս պատասխանատվություն փորձեին ստանալ, այլ պատասխա՛ն տային, թե ինչ են արել Երեւանի հետ: Բայց այսօր այդ մարդիկ ցուցակներում են՝ ներառյալ ճարտարապետները, որոնք իրենք այնպիսի խախտումներ են արել, որ բարոյական չպիտի լիներ նրանց՝ ցուցակներում երեւալը: Սա ինքնին արդեն սեւ PR է»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել