Տհաճ միջադեպեր, բարեբախտաբար, չգրանցվեցին
Երեկ Հայ ազգային կոնգրեսը Ավան համայնքում էր: Հիշեցնենք, որ հենց այս համայնքում էր, որ երկու օր անընդմեջ Կոնգրեսի համակիրները, որոնք երեկ տեղի ունեցած հանդիպման մասին իրազեկող թռուցիկներ էին բաժանել, հանդիպել էին կոշտ դիմադրության եւ ենթարկվել բռնարարքների: Արդյունքում ՀԱԿ անդամ երեք կանայք մարմնական վնասվածքներով հայտնվել էին հիվանդանոցում: Երեկ, սակայն, պարզ դարձավ, որ, թերեւս, ոչ թե կոնգրեսական ակտիվիստներին, այլ հենց ավանցիներին վախեցնելու իշխանության փորձերը ապարդյուն էին եղել, որովհետեւ ՀԱԿ հանդիպումը ավանցիների հետ սպասվածից մարդաշատ էր:
Երեկվա հանրահավաքը եւս վարում էր «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Սուրեն Սուրենյանցը: Նա կարեւորեց ավանցիների մասնակցությունը համաժողովրդական շարժմանը, ինչը, Ս. Սուրենյանցի ասելով, ապացուցվել է համապետական բոլոր ընտրությունների ժամանակ: Ապա անդրադառնալով վերջին օրերին այս համայնքում տեղի ունեցած միջադեպերին՝ նա ասաց, թե դրանք բացառիկ դարձրին այդ հանրահավաքը. «Մենք ուզում ենք, որ որեւէ օլիգարխ կամ թաղապետ մեկընդմիշտ հասկանա, որ որեւէ համայնք, այդ թվում՝ Ավանը, չի կարող լինել որեւէ մեկի սեփականությունը»: Նա հույս հայտնեց, որ ավանցին առաջիկա ընտրություններին կապացուցի, որ Ավանը ունի մեկ տեր. դա ավանցին է: Նա անդրադարձավ նաեւ գործող քաղաքապետի կողմից իր հանդիպումների ժամանակ տրվող խոստումներին, թե՝ իր ընտրվելու դեպքում ինչ-որ ծրագրեր է իրականացնելու: «Սա առնվազն ծիծաղելի է, որովհետեւ եթե բան ունես անելու, ապա հիմա քո ձեռքին են բոլոր լծակները, իրականացրո՛ւ քո ծրագրերը»,- ասաց Ս. Սուրենյանցը: Վերջինս խոսեց նաեւ ավանցիների կողմից ստացված ահազանգերի մասին, թե՝ առաջիկա ընտրությունը բաց քվեարկությամբ է լինելու, եւ տեղական իշխանիկները վերահսկելու են՝ ով ինչպես է քվեարկել: Ս. Սուրենյանցը ՀԱԿ-ի անունից վստահեցրեց, որ նման բան լինել չի կարող, որ յուրաքանչյուր քաղաքացի ընտրելու է իր խղճի մտոք, ազատ է լինելու իր ընտրության մեջ: Իսկ ՀԱԿ-ը ունի քաղաքական եւ կազմակերպչական բոլոր ռեսուրսները՝ այդ ընտրություններում բոլոր տեղամասերում ապահովելու ՀՀ քաղաքացու ազատ եւ գաղտնի քվեարկությունը: «Մենք կփորձենք բռնել յուրաքանչյուր օլիգարխի ձեռքը, որը կփորձի իր սափրագլուխներին քսի տալ քաղաքացիների վրա»,- եզրափակեց բանախոսը:
Ելույթ ունեցավ նաեւ լրագրող, հրապարակախոս Սուրեն Սարգսյանը: Նա հայտարարեց, թե «Կիրովաբադի բաղնիքներում մկրտված մարդիկ գողացան Հայաստանի իշխանությունը եւ ահա 10 տարուց ավելի փորձում են մեզ պարտադրել թուրքաբարո կեցվածք, իսկը՝ թաթար-մոնղոլական լուծ: Ֆաշիստական Գերմանիան երբ որեւէ տարածք էր գրավում, այդ տարածքի ներքին քաղաքականությունը վստահում էր տեղի տականքին, հանցագործներին եւ նրանց անվանում էր «պոլիցայ»: Վերջերս ԱՄՆ-ն այդ պոլիցայներից մեկին՝ մի ուկրաինացու, հանձնեց Միջազգային դատարան: Ասել է թե՝ նույնիսկ զառամյալ տարիքում, պատերազմից այսքան տարի անց, սեփական ժողովրդի գլխին մահակ թափ տվողը պիտի պատասխան տա: Մենք չենք սպասելու մինչեւ տեղի պոլիցայները դառնան զառամյալ: Շատ շուտով վերականգնելու ենք սահմանադրական կարգը, եւ այդ թափթփուկները պատասխան են տալու»: Նա նաեւ ասաց, թե Երեւան քաղաքի քաղաքապետը երեւանցու դեմքն է, ու «ինչպիսի քաղաքապետ կընտրվի, այնպիսի բարքեր կտիրեն քաղաքում: Եթե քաղաքապետը կիսաքրեական է, եթե նա դուրսպրծուկ է, ուրեմն քաղաքում պիտի իշխեն քրեականներն ու դուրսպրծուկները: Իսկ Երեւանը Հայաստանի սիրտն է, ու մենք չպետք է թողնենք, որ դա էլ տրորեն: Եթե տրորեցին, մեռնելու է ամեն ինչ: Մենք պիտի հաղթենք: Մենք չպետք է թողնենք, որ երեկվա քրեականներն ու կլյուչնիկները ղեկավարեն Երեւանում: Չի՛ լինելու նման բան»:
«Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանն էլ նկատեց, թե ինքը արարատցի լինելով եկել է Ավան՝ քարոզելու համար ընտրել ՀԱԿ-ին, որովհետեւ այդ հրապարակում հավաքվածներն ուզում են արժանապատիվ երկիր կառուցել: «Ասում են՝ ջուր կքաշենք, աշխատատեղ կստեղծենք, բայց ասելը հեշտ է, իսկ անելու համար պետք է նախ հավատ ու արդարություն ստեղծել, որից հետո կարող ես ամեն ինչ էլ անել: Ախր, քաղաքի խնդիրը աղբը մաքրելու մեջ չի: Մեր հոգու աղբը մաքրելու մեջ է խնդիրը: Իսկ այդ աղբը մաքրում են արդարությամբ, որի լավագույն ձեւը արդար ընտրություններն են: Լավ քաղաքապետը ոչ թե նա է, ով իր տարածքը շատ մաքուր է պահում, այլ նա, ով իր տարածքում ապրող մարդուն ու նրա ձայնն է գնահատում, ով վստահ է, որ ընտրվելու է, ու չի վախենում, որ ընդդիմությունը միտինգ կանի: Հակառակը սուտ բան է, ուժով ոչինչ չի ստացվելու, տղե՛րք: Ես չեմ մեղադրում նրանց, ովքեր պայքարում են մեր դեմ: Մեղադրում եմ այն մարդկանց, ովքեր անտարբեր են ու չեն գնում իրենց պարտքը կատարելու»,- ասաց Ա. Սարգսյանն ու կոչ արեց ավանցիներին ակտիվորեն մասնակցել ընտրություններին:
Խոսեց նաեւ ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանը. «ՀԱԿ-ին ձայն տալով՝ դուք «ոչ» եք ասում մեր երկրում հաստատված կրիմինալ-օլիգարխիկ համակարգին, որի գոյության երաշխավորն է այս իշխանությունը: Հաղթելու դեպքում մեր առաջնահերթ խնդիրն է լինելու երկրում օրինականության, տարրական կարգուկանոնի հաստատումը: Վերջ է տրվելու այս ամենաթողությանը եւ անպատժելիությանը: Ձայն տալով ՀԱԿ-ին՝ դուք քվեարկելու եք հանուն արդարության եւ արժանապատվության, իրական փոփոխությունների: ՀԱԿ-ն ունի համապատասխան ներուժ՝ իրականացնելու համար անհրաժեշտ փոփոխությունները»:
Հանրահավաքն Ավանում եզրափակեց ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը: Անդրադառնալով Երեւանի խնդիրներին՝ նա հայտարարեց, թե դրանք չեն լուծվելու, «քանի դեռ չենք ազատվել այս ավազակապետությունից»: Ըստ նրա, ո՛չ նախագահի, ո՛չ քաղաքապետի գործը ասֆալտ փռելը, ծառ տնկելը չէ. «Դրանք համակարգեր են, որոնք իրենք իրենց աշխատել են: Ժակ Շիրակը տասնյակ տարիներ եղել է Փարիզի քաղաքապետը, ոչ մի ծառ չի տնկել, նա ղեկավարել է համակարգը, իրականացրել է քաղաքի կենսագործունեության եւ զարգացման հրաշալի ծրագիր, որից հետո արժանացել է իր երկրի նախագահի պաշտոնին: Մենք հավակնում ենք Երեւանի քաղաքապետարանի իշխանությանը: Հավակնում ենք ոչ թե որպես անձ, այլ որպես համակարգ, որպես թիմ: Իսկ ՀԱԿ-ը իսկապես համակարգ է: Այսպիսի երեւույթ Հայաստանում դեռեւս չի եղել: Մեկուկես տարուց ավելի 18 կուսակցություն միասին, համառ ու հետեւողականորեն իրականացնում են մի գործ, որի նպատակը այս երկրի վերածնունդն է: ՀԱԿ-ը միակուռ կառույց է, բայց չի նշանակում, որ միախոհ կառույց է: Կոնգրեսում կան տարբեր կարծիքներ, տարբեր գաղափարախոսություններ, եւ դա մեր առավելությունն է: Սա այն մոդելն է, որը մենք ուզում ենք ստեղծել Հայաստանում. հարգել այլախոհությունը՝ հանուն ազգի միասնության: Ես վստահ եմ, որ դուք գիտակցելու եք այս ընտրությունների նշանակությունը, որ սրանով ոչ միայն Երեւանի հարցն է լուծվում, այլեւ երկրի հարցը, ազգային խնդիրներն են լուծվում»:
Ավանում ՀԱԿ-ի հանդիպումը ավարտվեց ավանդական երթով, որն ուղեկցում էին ոստիկանության աշխատակիցները: