Լրահոս
Օրվա լրահոսը

Ծաղիկների երգիչը մրցանակ ու կոչում չունի

Մայիս 13,2009 00:00

Ո՞վ է Հասմիկ Մանասերյանը, եւ որքանո՞վ է այս անունը ծանոթ հանրությանը:

Հարցս պիտի ընդհատեմ մի պատմությամբ, որը կարծես ուղղակիորեն կապ չունի Հասմիկ Մանասերյան անվան հետ: Դեպքը տեղի է ունեցել անցյալ դարի կեսերին. մի անգամ ՍՍՀՄ Գրողների միություն է գալիս մի կին ու Ալեքսանդր Ֆադեեւին խնդրում լուծել իր թոշակի հարցը: Ֆադեեւը, որ ԳՄ գլխավոր քարտուղարն էր, հարցնում է՝ իսկ ինչո՞ւ եք այդ հարցով դիմում միությանը: «Քանի որ համարում եմ, որ ավանդ ունեմ՝ որպես գրող»,- պատասխանում է կինը: «Իսկ ի՞նչ եք գրել» – կրկին հնչում է հարցը: «Բանաստեղծություններ: Դե, օրինակ՝ «Թ սպրց ՐՏՊՌսՈրՖ պսՏփՍՈ, Չ սպրց ՏվՈ ՐՏրսՈ…»,- պատասխանում է կինը: Ֆադեեւը հուզված ոտքի է կանգնում, ներողություն խնդրում՝ չճանաչելու համար, համբուրում է նրա ձեռքն ու ասում, որ տիկինն իսկապես արժանի է պարգեւի: Ֆադեեւը հետեւողականորեն լուծում է նաեւ տիկնոջ թոշակի հարցը…

Հիմա դառնանք մեր Հասմիկ Մանասերյանին…: Գուցե նրա անունը շատերին ոչինչ չի ասում, բայց այ, նրա «Ծաղիկներ, ծաղիկներ» երգը հանրահայտ է: Կա՞ մի հայ մարդ, որ չիմանա, լսած չլինի այս երգը: Իսկ ինչո՞ւ միայն հայ. «Ծաղիկներ, ծաղիկները» ստեղծման օրից հնչել է աշխարհի շատ բեմերում ու ո՛չ միայն հայ երգիչների կատարմամբ…: Երգահան Ռուբեն Հախվերդյանը, բնորոշելով Հասմիկ Մանասերյանի երգերը, դրանք նմանեցրել է Մարտիրոս Սարյանի կտավներին, որոնք՝ պայծառ ու գունեղ, լի են ծաղիկներով. «Այն գիշեր ինձ խոստացար ծաղիկները աշխարհի», «…Ծաղիկներս ում նվիրեմ, ծաղիկները մեր սիրո…», «Հավատում եմ, որ կգաս ու ծաղիկներ կբերես», «Բաժանումից ինձ հիշատակ՝ թողեցիր մի ծաղկեփունջ», «Ծաղիկներ, ծաղիկներ, անթառամ ծաղիկներ»: Ցանկը երկար է, բոլորն էլ՝ հայտնի ու սիրված…

Երգերի հեղինակից հետաքրքրվեցինք՝ որեւէ պետական մրցանակ ունի՞: Պարզվեց՝ ոչ: «Ժողովուրդը երգում է իմ երգերը՝ համարելով ժողովրդական: Դա ամեն ինչ է, ինձ ուրիշ ոչինչ պետք չէ»,- պատասխանեց նա:

Ցավոք, այսօր եթերներից չեն իջնում արվեստագետի արտաքին ընդունած երիտասարդները, ովքեր իրենց երգահաններ են հորջորջում ու ամպագոռգոռ խոսքեր ասում սեփական կարիերայի մասին: Լսում ու իրար հարց ենք տալիս՝ ո՞վ է այս մեծախոս դեղնակտուցը, ի՞նչ է գրել, որ իրեն թույլ է տալիս նման պահվածք: Գուցե նրանք մի երգ գրելուց հետո առաջնորդվում են այն լոզունգով, որ «Համեստությունը ուղիղ ճանապարհ է դեպի անհայտությո՞ւն»: Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ պետական մրցանակներ ու կոչումներ են շռայլվում՝ ելնելով նաեւ ծանոթ-բարեկամական ու քավոր-խնամիական հարաբերություններից, մեծարվում են թիթեռնիկի կյանք ունեցող արվեստագետներ, ովքեր Ժողովրդական արտիստի կամ մշակույթի վաստակավոր գործչի կոչումների են արժանանում անհայտ ու կասկածելի «արժանիքների» ու ծառայությունների համար, իսկ այնպիսի ստեղծագործողը, ինչպիսին Հասմիկ Մանասերյանն է, մնում է ստվերում ու չճանաչված:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել