Լրահոս
Օրվա լրահոսը

Թվեր եւ փաստեր

Մայիս 13,2009 00:00

\"\"Մայիսի 23-30-ը ՄՀՀ-ում կայանալիք բռնցքամարտի աշխարհի պատանեկան առաջնության ընթացքում, բացի ռեկորդային թվով մասնակիցներից, Երեւանում լինելու են նաեւ մարզաձեւի մի ամբողջ շարք բարձրաստիճան պաշտոնական անձինք: Հետաքրքիր են նաեւ առաջնության կազմակերպմանն առնչվող վիճակագրական տեղեկությունները:

\"\"ՀԱՕԿ-ի նախագահ Գագիկ Ծառուկյանի եւ Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Արման Մուրադյանի հրավերով, որպես պատվավոր հյուրեր, Հայաստան են ժամանելու AIBA-ի նախագահ Չինգ-Կու Վուն (Թաիլանդ), 1-ին փոխնախագահ Գոֆուր Ռահիմովը (Ուզբեկստան), փոխնախագահներ, EABA-ի նախագահ Հումբերտ Ֆուրգոնին (Ֆրանսիա), առաջնության տեխնիկական ղեկավար Օսվալդո Բիսբոլը (Արգենտինա), գործադիր տնօրեն Հո Կիմը, գերմանական «Top Ten» մարզական ֆիրմայի, որի ձեռնոցներով եւ սաղավարտներով են հանդես գալու մարզիկները, եւ շվեյցարական «Swish» ընկերության, որն ապահովելու է մրցավարության համակարգչային սպասարկումը, գլխավոր մենեջերները:

Երեւանում այդ օրերին կաշխատեն AIBA-ի գրասենյակի պատասխանատուներ, մրցավարական ժյուրիի 19 անդամներ:

Երկու ռինգերը, որ հատուկ Մոսկվայում պատվիրել եւ գնել է ֆեդերացիայի նախագահ Արման Մուրադյանը, առաջնության ավարտից հետո կմնան Երեւանում ու կլինեն ֆեդերացիայի սեփականությունը: Երեւանի պետական եւ Բրյուսովի անվան համալսարանների բարձր կուրսերի շուրջ հարյուր ուսանողներ կկցվեն թիմերին եւ կաշխատեն որպես անգլերենի, ֆրանսերենի, իսպաներենի, արաբերենի եւ թուրքերենի թարգմանիչ-վոլոնտյորներ:

ՄՀՀ-ում, դրա շրջակայքում, բոլոր հյուրանոցներում, որտեղ կհանգրվանեն հյուրերը, նրանց անվտանգությունը շուրջօրյա կապահովեն ոստիկանության աշխատակիցները: Առաջնությունը սպասարկող բոլոր ավտոբուսները եւ մեքենաները մշտապես կուղեկցվեն ճանապարհային ոստիկանության հատուկ մեքենաներով:

ՄՕԿ-ի, մարզաձեւի միջազգային ֆեդերացիայի եւ ՎԱԴԱ-ի՝ պարտադիր պահանջվող դոպինգ ստուգումների անցկացումը կազմակերպելու նպատակով ֆեդերացիան հատկացրել է վեց միլիոն դրամ: Պատվիրվել են համապատասխան սրվակները, մյուս անհրաժեշտ պարագաները, որոնք կստացվեն մոտ օրերս:

Առաջնության ընթացքում կիրականացվի առնվազն 60 դոպինգ ստուգում. բոլոր մրցանակակիրներին՝ պարտադիր, գումարած նաեւ պատահական ընտրությամբ անակնկալ ստուգումները:

Դոպինգ ստուգման համար միջազգային ֆեդերացիան եւ ՎԱԴԱ-ն Երեւան է գործուղելու հինգ հոգուց բաղկացած բժշկական անձնակազմ: Նրանց կաջակցեն հայաստանցի մասնագետները:

«Azerisport»-ի փոխանցմամբ, Ադրբեջանի բռնցքամարտի ֆեդերացիայի փոխնախագահ Աղաջան Աբիեւը, չնայած Հայաստանից ստացված պաշտոնական հրավերին, հայտարարել է, թե իրենք չեն ժամանի Երեւան, իրենք առաջնության օրերին կմասնակցեն մեկ այլ միջազգային մրցաշարի:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել