Լրահոս
Օրվա լրահոսը

Արժանի է

Մայիս 13,2009 00:00

Վերջերս ՀՀ նախագահի հրամանագրով, այլ արվեստագետների թվում, մշակույթի վաստակավոր գործչի կոչման արժանացավ նաեւ արվեստաբան Սերգեյ Առաքելյանը: Շատերն, իմանալով հրամանագրի մասին, ասացին, արժանի է: Եվ, իսկապես, արվեստաբանը երկար տարիներ զբաղվել է թանգարանային եւ արխիվային գործունեությամբ, ստեղծել Սայաթ-Նովայի եւ Զորավար Անդրանիկի թանգարան-հավաքածուները: Իսկ վերջին տարիներին նա ընթերցողի սեղանին է դրել մշակույթի ճանաչված անուններ Գոհար Գասպարյանի, Գալյա Նովենցի, Սվետլանա Գրիգորյանի, Օֆելյա Համբարձումյանի, Ժենյա Ավետիսյանի, Բաբկեն Ներսիսյանի, Կարպ Խաչվանքյանի եւ Երվանդ Ղազանչյանի ժողովածու-ալբոմները, որոնք բացառիկ են՝ դրանցում պարունակված փաստական եւ լուսանկարչական նյութերով: Շատերն են կատակով ասում, որ Սերգեյը մի ամբողջ թանգարանի գործ մեն-մենակ է անում: Այստեղ չափազանցություն չկա: Ծանոթանալով վերը նշված ժողովածու-ալբոմներին եւ զուգահեռ անցկացնելով ժամանակին Թատերական գործիչների միության կողմից հրատարակված նմանատիպ գրքերի հետ՝ միանգամից աչքի է զարնում այն, որ նրա աշխատություններում, նշանավոր գործիչների կենսագրականից բացի, տեղ են գտել նաեւ մամուլի հրապարակումներից քաղվածքներ, արվեստագետների հասցեին արված գնահատանքի խոսքեր… Բացի այդ, պարոն Առաքելյանն օգտագործել է թանգարանային ցուցադրության հատկանիշներից մեկը՝ ժամանակագրական ու համեմատական սկզբունքը, որի շնորհիվ ընթերցողը կարող է տեղեկանալ արվեստագետի կենսագրության տարբեր շրջաններին, վերջիններս հագեցած են հարուստ լուսանկարային ներդիրներով: Ինչպես «Առավոտին» հայտնեց Ս. Առաքելյանը, իր այս մատենաշարը շարունակական է, այժմ էլ աշխատում է Հրաչյա Աշուղյանին նվիրված ժողովածու-ալբոմի վրա:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել