Լրահոս
«Իբր պետություն»
Օրվա լրահոսը

«ՀԵՐՍՈՏԱԾ ՄԻ ԳՆԱ»

Մայիս 13,2009 00:00

\"\"Նոյեմբերյանցիները Սարոյան վայելեցին

Երեւանի քաղաքապետարանի «Մհեր Մկրտչյան» արտիստական թատրոնը մայիսի 10-ին Նոյեմբերյանի մշակույթի տանը ներկայացրեց Վիլյամ Սարոյանի «Հերսոտած մի գնա» ստեղծագործությունը:

«Այս կյանքը հիվանդանոց է, ուր յուրաքանչյուր հիվանդ իր մահճակալը տեղափոխելու ցանկությամբ է համակված: Մեկը ուզում է իր տառապանքը կրել վառարանի դիմաց, իսկ մյուսը կարծում է, թե կառողջանա պատուհանի կողքին»: Շարլ Բոդլերի խոսքերն են: Տառապանքի ամենամեծ բաժինն այն հիվանդանոցում է, ուր մաքառում են իրենց մարդկային կերպարը՝ հոգեկանը չկորցնելու համար: Բեմին մարդկային անափ տառապանքն էր, մահկանացուի պայքարը ճակատագրի եւ ինքն իր դեմ: Հոգեբուժարանում հայտնված մարդիկ՝ Փոսիոն, Լմփոշը, Բկլատը, Քառակուսին, Գմփոն, Ճուտոն, հոգնած են եւ զայրացած աշխարհի ու միմյանց դեմ: Քառակուսին ասում է, թե իր երազած մարդկային արժանապատվությունը միայն կենդանիների աչքերում է տեսել:

Այս դաժան աշխարհի ամենադաժան անկյունում՝ դատապարտվածների հիվանդասենյակում նրանք նեցուկ են կանգնում միմյանց, որքան էլ բանականությունից հիվանդ, սակայն գիտակցում են, որ առանց սիրո ու կարեկցանքի՝ չեն դիմանա տառապանքին: Աստծուն չհավատացող Բկլատը յուրատեսակ աղոթք է բարբառում հանուն Ճուտոյի փրկության: Հետո միասին ողբում են Ճուտոյի մահը, Քառակուսու ինքնասպանությունը: Լմփոշը իր հոգեպահուստ դոլարներն է տալիս Գմփոյին, որպեսզի վերջինս կարողանա միակ երազանքն իրականացնել՝ տեսնել բաժանված կնոջ հետ ապրող որդուն: Չնայած նրանք գանգատվում են աշխարհի չար բարքերից, ուր «բոլորը պատրաստ են միմյանց կոկորդ կրծել, հնարավոր չէ մարդու հոտ առնել», սակայն բարին, այնուամենայնիվ, հաղթում է: Բեմադրության ավարտին Գմփոն շարունակում է Ճուտոյի գործը՝ անգրագետ, սակայն գիրք շատ սիրող Բկլատի համար ընթերցելով բառարանը՝ հասնում ապավեն բառին, որը միմյանց սատարելու խորհուրդ է դառնում:

Հաջողված էր «Մհեր Մկրտչյան» թատրոնի դերասանների խաղը, ազդեցիկ եւ համոզիչ: Թատերասերներն էլ հոտնկայս ծափահարություններով երախտապարտ եղան: Դահլիճի մի մասը զբաղեցրել էին սահմանապահ զինվորները, ովքեր, նոյեմբերյանցիների նման, տեւական ժամանակ մայրաքաղաքի թատրոնի ներկայացում չէին տեսել:

Սահմանամերձ գոտում կյանքը լի է տարատեսակ վախերով ու լարվածություններով՝ պարբերաբար հնչող կրակոցներ, չբացահայտվող անասնագողություններ, փակված եւ փակվող աշխատատեղեր, չմարած վարկեր: Ուստի ցանկալի է, որ Երեւանից մարզեր ու հատկապես սահմանամերձ բնակավայրեր հաճախակի հյուրախաղերի մեկնեն թատերախմբերը:

Նոյեմբերյանի տեղական հեռուստաընկերությամբ նախապես հայտարարվել էր, որ ներկայացումից առաջ թատերասերները պետք է հանդիպեն «Մհեր Մկրտչյան» թատրոնի ղեկավար Ալբերտ Մկրտչյանին, սակայն պարզվեց, որ Ալբերտ Մկրտչյանը Հայաստանում չէ: Նոյեմբերյանցիները նրան կհանդիպեն հուլիսի 4-ին, երբ քաղաքում կներկայացվի նրա «Տխուր փողոցի լուսաբացը» ֆիլմը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել