ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Մարի Յովանովիչը հաղորդագրություն է տարածել, որում, մասնավորապես, ասված է. «Ի պատասխան վերջերս Միացյալ Նահանգների կողմից Հայաստանին ցուցաբերվող օժանդակության մասին մի շարք լրատվամիջոցներում տեղ գտած հրապարակումների՝ կուզենայի հայտնել հետեւյալը. Հայաստանին միջազգային օժանդակության ցուցաբերումն սկսվեց 20 տարի առաջ՝ 1988թ. դեկտեմբերյան երկրաշարժից հետո, եւ այդ ժամանակվանից ի վեր Միացյալ Նահանգները հատկացրել է ավելի քան երկու միլիարդ դոլարի մարդասիրական օգնության ու զարգացման օժանդակություն, որն ուղղվել է Հայաստանի տնտեսական, սոցիալական ու կառավարման ոլորտներին: Օբամայի վարչակազմի ներկայացրած հայտում 2010 ֆինանսական տարում Հայաստանի համար պահանջվող գումարը ($30 մլն) 25%-ով ավելի է 2009 ֆինանսական տարում Հայաստանի համար Բուշի վարչակազմի պահանջած գումարից (պահանջվել էր $24 մլն, իսկ Կոնգրեսն այդ գումարը կրկնապատկեց): Հայաստանին 2010 ֆինանսական տարում հատկացվելիք օժանդակության փաստացի ծավալների մասին Կոնգրեսը դեռ որոշում չի ընդունել:
Ինչ վերաբերում է ֆինանսավորման տրամադրմանը Լեռնային Ղարաբաղին, ապա բյուջետային հայտ Կոնգրեսին երբեւէ չի ներկայացվում, քանի որ բյուջետային գործընթացում այդպիսի մեխանիզմ նախատեսված չէ: Լեռնային Ղարաբաղին մարդասիրական օգնության տրամադրման հարցը կարգավորվում է ավելի ուշ՝ Կոնգրեսի ու վարչակազմի միջեւ բյուջեի բանակցման ընթացքում»: