Լրահոս
«Իբր պետություն»
Օրվա լրահոսը

Դիմորդներն արդեն դժգոհ են

Մայիս 13,2009 00:00

\"\"Այնինչ՝ հայտագրման գործընթացը նոր է մեկնարկել

Երկու օր է՝ մեկնարկել է դիմորդների հայտագրման գործընթացը: Մինչեւ հունիսի 1-ը դիմորդները կարող են իրենց գործերը ներկայացնել եւ հայտ լրացնել բուհերում ժամը 9-18-ը՝ վճարելով 1500 դրամ: Դիմորդները հետաքրքրված են, թե հատկապես ո՞ր բուհում են լրացնելու դիմում-հայտերը: Այս եւ դիմորդներին հուզող այլ հարցերի վերաբերյալ «Առավոտը» պարզաբանումներ ստացավ ԿԳՆ բարձրագույն ուսումնական հաստատութունների համակարգման եւ վերահսկման բաժնի պետ Սասուն Մելիքյանից: Նա տեղեկացրեց. «Դիմում-հայտերը դիմորդները լրացնելու են այն բուհում, որն առաջին հայտով նրանք նշել են»: Դիմորդներին նաեւ հետաքրքրում է, թե ինչ փաստաթղթեր են իրենք ներկայացնելու հայտագրման ժամանակ: Այս մասին պարոն Մելիքյանն ասաց. «Հայտերի ընդունման ժամկետն առաջ է եկել, իսկ այժմ դիմորդները դեռ չեն ստացել ատեստատները: Ուստի դիմորդը պիտի գործերը հաձնելիս ներկայացնի տնօրենի հաստատած, նկարով տեղեկանք, որ տվյալ անձը սովորում է այս կամ այն դպրոցի ավարտական դասարանում: Հետո, երբ նա կստանա ատեստատը, լրացուցիչ կներկայացնի դա: Անհրաժեշտ է ներկայացնել նաեւ 6 լուսանկար, եթե արական սեռի դիմորդ է՝ պետք է ներկայացնի զինվորական հաշվառման կցագրման փաստաթուղթ, անձը հաստատող փաստաթուղթ: Եթե դիմորդն ունի արտոնություններ, ապա պետք է ներկայացնի նաեւ դրանք հաստատող փաստաթղթերը»:

Դիմորդների շրջանում տարածված է մի մտայնություն, որ, այս տարի մտցված նորամուծության համաձայն, իրենք դիմում-հայտում կարող են նշել միայն մեկ բուհ եւ դրա տարբեր բաժիններ: Այս մասին Ս. Մելիքյանն ասաց. «Նման բան գոյություն չունի: Պարզապես, եթե նախկինում դիմորդը 4 անվճար եւ 4 վճարովի հայտ էր գրում, ապա այժմ՝ 2 անվճար եւ 6 վճարովի: Այդ փոփոխության հիմնավորումն այն է, որ անվճար տեղերի մրցույթ անցկացվում է, եթե այդ մասնագիտության մրցույթից հետո թափուր տեղեր են մնացել: Երկար տարիների փորձը ցույց է տվել, որ անվճար համակարգում թափուր տեղեր համարյա չեն մնում 2-րդ հայտից հետո: Առաջին անվճար հայտը գերակայություն ունի. դա հատուկ է արված, որպեսզի ընդգծվի դիմորդի մասնագիտական կողմնորոշումը: Արդյունքում՝ տվյալ մասնագիտության գծով կարող է ավելի ցածր միավորով դիմորդն ընդունվել, քան այն դիմորդը, որն ավելի բարձր միավոր ունի, բայց 2-3-րդ հայտով է այդ մասնագիտությունը նշել: Մյուս հայտերը դիմորդների ընտրությամբ են: 2-րդ անվճար հայտը նա կարող է գրել ուզած տեղում եւ հաջորդականությամբ, նույնն էլ վճարովի հայտերը. դրանց մրցույթը անցկացվում է դիմորդների հավաքած միավորների գումարով եւ հայտերի հերթականությամբ»: Դիմորդները նաեւ դժգոհում են, որ այս նորամուծությամբ պայմանավորված, իրենք նախկին տարիների պես հնարավորություն չեն ունենա ընդունվել թեկուզ վճարովի հիմունքով, բայց իրենց նախընտրած բաժինը, այլ եթե միավորները բավականացնեն՝ կընդունվեն իրենց հայտում լրացված անվճար տեղը: Այս մասին պարոն Մելիքյանն ասաց. «Այդ դեպքում դիմորդը պետք է շատ լուրջ մտածի հայտերի լրացման հերթականության մասին: Նա իր նախասիրությամբ պիտի լրացնի հայտը: Ինչո՞ւ է գրում այն հայտը, որը չի ուզում»:

Նշենք նաեւ, որ տեղափոխման կարգով դիմորդները ուսումնական առաջին տարվա ավարտից հետո հնարավորություն ունեն փոխելու իրենց բաժինը: Այս մասին պարոն Մելիքյանն ասաց. «Դիմորդն ազատ է տեղափոխվելու բուհից բուհ, մեկնելու արտասահման՝ սովորելու: Այդ դեպքում նախընտրելի են բարձր առաջադիմությամբ ուսանողները. եթե որպես ուսանող տվյալ անձը մի կերպ գոյատեւում է, ի՞նչ կապ ունի՝ նա որ բուհում է սովորում»:

Տեղեկացնենք, որ արդեն հրատարակվել է «Դիմորդ-2009»-ը եւ տրվել բուհերին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել