Օրերս մեկնարկեց ԵՊՀ հիմնադրման 90-ամյակին նվիրված միջազգային ուսանողական հնգօրյա նստաշրջանը, որը կազմակերպվել էր ԵՊՀ ՈՒԳԸ-ի նախաձեռնությամբ: ՌԴ-ից, Ուկրաինայից ժամանած բազում ուսանողներ «կլոր սեղանների» շուրջ կազմակերպված քննակումների ժամանակ զրուցեցին իրենց հուզող խնդիրների մասին: Երեկ քննարկումները ծավալվեցին ԱՊՀ երկրներում ուսանողական կյանքին, ուսանողական կառույցների դերին ու նշանակությանը վերաբերող հարցերի շրջանակներում:
«Առավոտը» զրուցեց Դոնեցկի ազգային համալսարանի եւ Ուկրաինայի տեխնիկական համալսարանի «Կիեւի պոլիտեխնիկական ինստիտուտի» ուսանողների եւ ասպիրանտների հետ: Նրանցից հետաքրքրվեցինք՝ իրենց երկրում ուսանողներին ամենից շատ հուզող խնդիրները որո՞նք են, ինչպե՞ս են պայքարում բուհական կոռուպցիայի դեմ, ինչպե՞ս են վերաբերվում այն երեւույթին, երբ ուսանողները, հատկապես ուսանողական կառույցները, քաղաքական ուժերի կողմից երբեմն օգտագործվում են սեփական քաղաքական նպատակներին ծառայեցնելու համար, արտասահմանցի ուսանողները ի՞նչ տպավորություններ ունեն ՀՀ-ից: Դոնեցկի ազգային համալսարանի ասպիրանտ Ռոման Բոժինովը մեր բարձրացրած հարցերի կապակցությամբ ասաց. «Մեր երկրում ուսանողների ամենամեծ խնդիրն այն է, որ կրթական խորհրդային կամ, ավելի ճիշտ՝ պրուսական համակարգից այժմ անցում է կատարվում դեպի բոլոնյանը, որը ենթադրում է որպես այդպիսին ակադեմիական խմբի բացակայություն: Ներկայումս Ուկրաինան չունի ոչ նյութական, ոչ էլ տեխնիկական բազա՝ մի համակարգից մյուսին անցման համար: Այդ է պատճառը, որ խնդիրներ են առաջանում ուսանողների համար: Սոցիալ-տնտեսական ծանր պայմանները եւս բարդացնում են ուսանողի կյանքը, քանի որ 3-4-րդ կուրսերում նրանք մտածում են ոչ այնքան կրթության, որքան նյութական ապահովվածության մասին: Բացի այդ, երկրի քաղաքական իրավիճակն է ազդում կրթական համակարգի զարգացման վրա: Մեր երկրի ապագա զարգացման վեկտորի ընտրությունից է կախված այլ բնագավառների զարգացման ուղին: Բայց այժմ մեր կրթության ապահովման եւ դասավանդման մակարդակը ընկնում է: Պետք է կրճատել հազարի հասնող բուհերի թիվը՝ դրանք սահմանափակելով գոնե 100-ով: Միայն այդ դեպքում բուհական կրթությունը կլինի հպարտություն եւ լավ իմաստով՝ էլիտար»: Իսկ բուհական կոռուպցիայի մասին «Առավոտի» ուկրաինացի զրուցակիցն ասաց. «Մեզ մոտ իրենք՝ ուսանողներն են նպաստում կոռուպցիայի ծաղկմանը, քանի որ իրենց անհրաժեշտ առարկաների հետ մեկտեղ ուսումնասիրում են այնպիսիք, որոնք նրանց պետք չեն: Ուստի նրանք չեն հաճախում այդ դասերին՝ գերադասելով այդ ժամերին աշխատել: Ուսանողը կանգնած է երկընտրանքի առաջ՝ իրեն ոչ անհրաժեշտ առարկայի համար «վճարել» եւ այդ դասերի հաշվին աշխատել՝ վաստակելով այդ առարկայի համար վճարված գումարի հնգապատիկը»: Ուսանողների՝ քաղաքական խաղերում ներգրավվելու մասին էլ Ռոմանն ասաց. «Մեր բոլոր բուհերն ունեն կանոնակարգ, որի համաձայն՝ ուսխորհուրդները ապաքաղաքականացված են, ապակրոնական: Դա նշանակում է, որ համալսարանի պատերի ներքո չի կարելի զբաղվել կրոնական եւ քաղաքական քարոզչությամբ»:
Դոնեցկի ազգային համալսարանի ասպիրանտ Ինեսա Ավանեսովան էլ նկատեց. «Այժմ ուսանողներն ավելի շատ ազատ ժամանակ ունեն, քան նախկինում: Բայց մեր մենտալիտետը դեռ չի հասել նրան, որ այդ ժամանակը ուսանողն օգտագործի ինքնակրթությամբ զբաղվելու, ոչ թե անձնական հարցեր կարգավորելու համար: Իմ կարծիքով՝ մեր ծնողներն ավելի հիմնարար գիտելիքներ են ստացել, քան այժմ մենք»: Կոռուպցիայի մասին Ինեսան ասաց. «Ուսանողները, որոնք չեն հաճախում որոշ դասերի, երբեմն այդ բացը լրացնում են բուհին նյութական օգնություն ցուցաբերելով: Դա ավելի շատ նման է հովանավորչության, քան կոռուպցիայի: Արդյունքում եւ՛ ինչ-որ բանով օգնում են համալսարանին, եւ՛ դասախոսներն են ընդառաջում նրանց»:
Ուկրաինայի տեխնիկական համալսարանի «Կիեւի պոլիտեխնիկական ինստիտուտի» ուսանողուհի Քսենյա Իլչենկոն էլ ասաց. «Ուսանողի հիմնական խնդիրը ինֆորմացիայի պակասն է: Կան փաստաթղթեր, որտեղ գրված են ուսանողի իրավունքներն ու պարտականությունները: Բայց հաճախ մեր մեղավորությամբ չենք կարդում, ուստի լավ չգիտենք մեր իրավունքները: Իսկ մեր բուհում կաշառակերությունը տարածված չէ: Օրինակ, ես ուսումնառության 5 տարիների ընթացքում կաշառք չեմ տվել որեւէ դասախոսի»: Ուսանողների քաղաքականացվածության մասին Քսենյան ասաց. «2004-ին մեր երկրում նարնջագույն հեղափոխություն էր: Երկրում կարծիքները բաժանվեցին Յուշչենկոյի եւ Յանուկովիչի միջեւ: Այդ ժամանակ մեր բուհի ռեկտորը ելույթ ունեցավ եւ ասաց, որ ոչ ոք իրավունք չունի ուսանողին ուղղություն ցույց տալու՝ ինչպես պահի իրեն, ինչ քաղաքական որոշում կայացնի: Նաեւ խոսեց այն մասին, որ ուսանողների քաղաքական հայացքները չեն ազդելու նրանց առաջադիմության վրա»:
ՀՀ-ից ստացված տպավորություններից խոսեց Դոնեցկի ազգային համալսարանի ուսանողուհի Վիկտորյա Կուչերենկոն. «Մեր քաղաքը՝ Դոնեցկը, շատ երիտասարդ է, այն ընդամենը 100 տարեկան է: Իսկ ձեր երկրի պատմությունը ձգվում է հազարամյակներ: Ինձ հետաքրքրեցին այստեղի պատմաճարտարապետական կոթողները: Բայց զարմացրեց այն, թե դուք ինչպես եք վերաբերվում ճանապարհային երթեւեկությանը: Մեզ մոտ հատուկ ուշադրություն են դարձնում ճաապարհային կարգուկանոնին, իսկ ձեզ մոտ այդ հարցին կարծես ավելի թեթեւ են նայում: Եթե ձեզ մոտ կարմիր լույսի տակ փողոցն անցնելը սովորական է դարձել, մեզ համար դա տարօրինակ է»:
ՏԱԹԵՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ