Լրահոս
Օրվա լրահոսը

Նորագույն պատմությունը՝ նորովի

Մայիս 13,2009 00:00

\"\"Պրոֆեսոր Էդիկ Զոհրաբյանի 70-ամյակի առթիվ

2009 թ. մայիսի 5-ին լրացավ վաստակաշատ պատմաբան, ԵՊՀ միջազգային հարաբերությունների եւ դիվանագիտության ամբիոնի վարիչ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Էդիկ Արտեմի Զոհրաբյանի ծննդյան 70-ամյակը:

Ծնվել է Կապանի շրջանի Բաղաբուրջ գյուղում՝ 1939 թ. մայիսի 5-ին։ Միջնակարգ մասնագիտական կրթություն ստանալուց հետո ծառայել է բանակում։ Զորացրվելուց հետո՝ 1962 թ. ընդունվել է ԵՊՀ պատմության ֆակուլտետ։ 1967 թ. գերազանցության դիպլոմով ավարտել է պատմության ֆակուլտետը եւ ընդունվել ասպիրանտուրա։ Ասպիրանտուրան չավարտած՝ 1968 թ. շնորհալի երիտասարդ պատմաբանին տեղափոխել են դասախոսական աշխատանքի, որտեղ, արագ բարձրանալով գիտական բոլոր աստիճաններով, դարձել է դոկտոր-պրոֆեսոր։ 1993 թ. Է. Զոհրաբյանը ընտրվել է ԵՊՀ միջազգային հարաբերությունների եւ դիվանագիտության նորաբաց ամբիոնի վարիչ, իսկ 1998-ին ստանձնել նաեւ իր ջանքերով հիմնադրված միջազգային հարաբերությունների ֆակուլտետի դեկանի պաշտոնը, որը մեծ հաջողությամբ վարել է մինչեւ 2008թ. ապրիլը։

Պրոֆ. Է. Զոհրաբյանը հայ դիվանագիտության պատմության ամենաճանաչված մասնագետն է այսօր։ Նա հայոց նորագույն շրջանի պատմության, հատկապես՝ 1918-1922 թթ. բարդ ու խճճված հիմնախնդիրների ամենախորաթափանց գիտնականն է։ Այդ հիմնախնդիրների լուսաբանմանն են նվիրված գիտնականի թեկնածուական ու դոկտորական ատենախոսությունները, ավելի քան 60 գիտական հոդվածներն ու 5 մենագրությունները։

Հայոց նորագույն շրջանի պատմության միայն այս փոքրիկ ժամանակահատվածում էր Հայաստանը ներկայանում որպես միջազգային իրավունքի սուբյեկտ եւ ինչ-որ չափով ուներ իր բախտը տնօրինելու հնարավորություն: Լծվելով արխիվային փաստաթղթերի հայտնաբերման դժվարին գործին, տեւական ու անխոնջ աշխատանքով նա բազմաթիվ նորահայտ փաստաթղթեր հայտնաբերեց եւ ամենայն մանրամասնությամբ շարադրեց այդ բարդ ու հակասական ժամանակաշրջանի լիակատար ու արժանահավատ պատմությունը, բացահայտեց շրջադարձային, բախտորոշ պահերը, տվեց դրանց գիտական բացատրությունը։

Է. Զոհրաբյանը նորովի ու նաեւ յուրովի է գնահատել այս ժամանակահատվածի քաղաքական իրադարձությունների կենտրոնում կանգնած պետական, քաղաքական գործիչների գործունեությունը, հայ-ռուսական, հայ-թուրքական, հայ-իրանական, հայ-ադրբեջանական ու հայ-արեւմտաեվրոպական հարաբերությունները։ Է. Զոհրաբյանի աշխատություններում ներկայացվում են քեմալականների՝ Հայաստանի վրա հարձակման դիվանագիտական եւ ռազմական նախապատրաստությունները, մեծ տերությունների դիրքորոշումը եւ Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքական, դիվանագիտական անհույս ու անարդյունք դեգերումները։ Պատմաբանն ամենուր որոնում է այն հարցի պատասխանը, թե ինչպես պատահեց, որ քեմալական դիվանագիտությանը հաջողվեց մեկուսացնել Հայաստանի Հանրապետությանը, ապահովել նրա դեմ սանձազերծած պատերազմում Խորհրդային Ռուսաստանի եւ Ադրբեջանի օգնությունն ու աջակցությունը, Վրաստանի բարյացակամ չեզոքությունը։ Ինչպե՞ս ծրագրվեց ու իրագործվեց քեմալականների արշավանքը Հայաստան, ինչո՞ւ Հայաստանի Հանրապետության «դաշնակիցները»՝ Անտանտի հաղթող տերությունները, որոնք ընդամենը մեկ ամիս առաջ ստորագրել էին Սեւրի պայմանագիրը, ճակատագրական պահին լքեցին իրենց փոքր ու վտանգված դաշնակցին։

Ընդգծելով դիվանագիտական գործունեության կարեւորությունը, Է. Զոհրաբյանը ցավով նշում է, որ Հայաստանը շատ պատերազմներ տանուլ է տվել մինչեւ սկսվելը՝ դիվանագիտության ասպարեզում։ Տիպական է 1920թ. թուրք-հայկական պատերազմը, որի պատճառով պարտված Հայաստանի վարիչները թուրքերի հետ Ալեքսանդրապոլում ստորագրեցին մի պայմանագիր, որով ոչ միայն հրաժարվում էին Սեւրի պայմանագրից, այլեւ Կարսի մարզից, Սուրմալուի եւ Նախիջեւանի գավառներից, որով Հայաստանի սիրտը կազմող Արարատյան դաշտը կիսվեց, մայրաքաղաք Երեւանը եւ երկրորդ քաղաք Ալեքսանդրապոլը վերածվեցին սահմանային քաղաքների։

Հայ պատմաբանների ուշադրությունից դուրս էր մնացել հազարամյակներ շարունակ կողք կողքի ապրած հայ-պարսկական հարաբերությունների մեկնաբանությունը։ Այս բացը նույնպես լրացնում է պրոֆ. Է. Զոհրաբյանը՝ իր «Սովետական Ռուսաստանը եւ հայ-իրանական հարաբերությունները 1920-1922 թթ.» արժեքավոր մենագրությամբ։ Շատ են կարեւորվում Նախիջեւանի հիմնախնդրին նվիրված նրա աշխատությունները։ Պրոֆ. Է. Զոհրաբյանը արդեն լույս է ընծայել եռամաս մենագրության երկու գիրք («Ազգամիջյան կռիվները Երեւանի նահանգում 1918 թ.» եւ «Նախիջեւանյան հիմնահարցը եւ Հայաստանի «դաշնակիցները»)։ Վերլուծելով Անտանտի տերությունների քաղաքականությունը Նախիջեւանի հարցում, ինչպես նաեւ թուրք-ադրբեջանական ուժերի ագրեսիվ գործողությունները, որոնց հետեւանքով ավարտին հասցվեցին Շարուր-Նախիջեւանի եւ Գողթանի հայության ջարդն ու բռնագաղթը, հեղինակը ցույց է տալիս, որ դա ոչ այլ ինչ էր, եթե ոչ ցեղասպանություն՝ բոլոր դրսեւորումներով:

Գիտական անխոնջ գործունեության կողքին առավել գնահատելին Է. Զոհրաբյանի գործունեության գիտակազմակերպչական բնագավառն է։ Նրա ղեկավարությամբ կազմավորվեց ամբիոնը, մշակվեցին ուսումնական պլաններ ու առարկայական ծրագրեր։ Նա մշակել եւ երկար տարիներ դասավանդել է այնպիսի դասընթացներ, ինչպիսիք են «Հայաստանի միջազգային հարաբերությունները եւ արտաքին քաղաքականությունը նորագույն ժամանակներում», «Հայկական հարցը եւ միջազգային դիվանագիտությունը», «Հայաստանի Առաջին Հանրապետության դիվանագիտությունը», «Ղարաբաղյան հիմնահարցը եւ միջազգային դիվանագիտությունը»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել