Լրահոս
«Իբր պետություն»
Օրվա լրահոսը

ԲԱՐՈՅԱՀՈԳԵՎՈՐ ԱՆԿՈՒՄ ԵՎ ԴՈՒՐՍ ԳԱԼՈՒ ԵԼՔԵՐ

Մայիս 13,2009 00:00

Ձու գողացողը ձի էլ կգողանա

1988-ին, երբ նոր էր թափ առել արցախյան շարժումը, Ֆրանսիայից մի հայուհի հայտնեց, որ իր գործարար եղբայրն ուզում է հայրենիքում որեւէ գործի մեջ ներդրում անել ու կցանկանար խորհուրդ տային իրեն՝ ո՞ւմ հետ կապվել: Առաջարկեցի սկզբում հանդիպել ինձ, որպեսզի չընկնի խաբեբաների ձեռքը: Երկու տարի հետո ֆրանսիացի հայուհին պատահաբար հանդիպեց ինձ ու վիրավորված ասաց, որ իր եղբորը խաբել են, վերցրել են 50 հազար ֆրանկն ու անհայտացել: Եղբայրը հենց երեւանյան օդանավակայանում ծանոթանում է պատահական մարդկանց հետ, հավատում նրանց ու արդյունքում՝ կորցնում ոչ միայն փողերը, այլեւ հավատը հայրենիքի, նրա մարդկանց նկատմամբ: Նրա օրինակով տասնյակ գործարարներ որոշեցին ոչինչ չձեռնարկել ՀՀ-ում:

Հիշում եմ, 88-ի երկրաշարժի հետեւանքները վերացնելու համար եվրոպական երկրները առաջարկեցին մանր-մունր օգնությունների փոխարեն Հայաստանում ներդնել նոր տեխնոլոգիաներ, դարձնել առաջնակարգ, զարգացած երկիր: Այն ժամանակվա պետական այրերը մերժեցին առաջարկը եւ տեխնոլոգիաների փոխարեն տարադրամ պահանջեցին: Իսկ գումարներ յուրացնելու գործում՝ գիտենք, թե ինչ անգերազանցելի աճպարարներ են մեր պաշտոնյաները:

Իհարկե, ֆրանսահայի կամ տեխնոլոգիաների ներդրման հետ կապված դեպքերը միակը չեն: Տասնյակ դեպքերի մասին ոչինչ չի գրվել: Դրա փոխարեն հասարակական լայն հնչողություն ստացավ Ջորջ եւ Քերոլայն Նաջարյանների երեւանյան առանձնատների գործը: Այստեղ եւս նրանք վստահել են պատահական մարդու, որն առանց նրանց գիտության՝ վաճառել էր առանձնատները: Գործը ձգձգվում, բարդանում է նրանով, որ այդ առանձնատները խաբեբայից գնել է պետական ազդեցիկ այրերից մեկը: Այս գործի դատավարությունը հիշեցնում է Սիզիփոսի առասպելը, երբ քարը տառապանքներով հասցվում է լեռան կատարը ու այն կրկին ու կրկին ցած է գլորվում: Թվում է, թե դատավարությունն ավարտված է, վճռաբեկի որոշումը կա, սակայն ամեն ինչ նորից պետք է սկսեն:

Բարոյական անկումից՝ կոռուպցիայի անցման մեկ այլ օրինակ եւս: Այսօր ղարաբաղյան ծագումով մի անձնավորություն «Տրիումֆ» սրճարանում առավոտից երեկո ընդունում է տարբեր խնդիրներ (դատավարության, զինծառայության, կալանավայրի, ընտրությունների, պաշտոնում նշանակվելու եւ այլն) ունեցող մարդկանց, խոստանում որոշակի գումարի դիմաց արագորեն լուծել դրանք: Նա տարբեր ատյաններում ներկայանում է որպես արցախցի բարձրաստիճան պաշտոնյայի ներկայացուցիչ, խոսում նրա անունից: Հարցերի մեծ մասը փորձում է լուծել հեռախոսազանգով՝ նմանակելով տվյալ պաշտոնյայի ձայնը: Լուծվի թե չլուծվի խնդիրը, նա հրաժարվում է վերադարձնել գումարը, բոլորին ասելով. «Երբ միլիոնատեր դառնամ, կվերադարձնեմ գումարը»: Մեծ մասամբ հարցերը չեն լուծվում, սակայն խարդախության զոհ դարձած մարդիկ խուսափում են խաբեբայի մասին հայտնել համապատասխան մարմիններին, քանի որ օրենքը հավասարապես մեղադրում է թե կաշառատուին, թե կաշառակերին: Օրենսդիրները պետք է մտածեն այս մասին: Իսկ արդյունքում մարդկանց մեջ առաջանում է «ղարաբաղցիների» նկատմամբ նոր լարում, որն ավելի է խորացնում մեր ժողովրդի երկու հատվածների միջեւ հակասությունը, ինչը սպառնալիք է երկրի անվտանգության համար:

Անբարոյականությունը շատ մարդկանց համար դարձել է բնավորություն, մտածելակերպ: Հասարակության մեջ դարերի ընթացքում ձեւավորված բարոյահոգեւոր նորմերից շեղման օրինակները անհամար են եւ ամենուր: Դրանք այնքան շատ են, որ արդեն հասարակական երեւույթ են դարձել ու սպառնալիք են երկրի անվտանգությանը: Առավոտյան մարդկանց օրը սկսվում է հասարակական տրանսպորտից. երթուղային տաքսիներում, 14 հոգու փոխարեն՝ վարորդի, երթուղու (գծի) տիրոջ, պետավտոտեսչության թողտվությամբ ու համատարած անտարբերության հետեւանքով խցկվում է 30 հոգի: Այդ կերպ ամեն օր աշխատավայր հասնող մարդկանց առողջությունը, հոգեկանը կարող են խանգարվել: Ավտոմեքենաների ղեկին նստածները՝ պաշտոնյա թե վարորդ, ամեն քայլափոխի խախտում են երթեւեկության կանոնները: Փողոցում կարգ խախտողը ինքնաբերաբար խախտումներ է անում նաեւ աշխատավայրում: Գործում է ժողովրդական՝ «Ձու գողացողը ձի էլ կգողանա» ասացվածքը: Եկեք բռնենք «ձու» գողացողի ձեռքը, թույլ չտանք, որ նա կատարի աննշան թվացող խախտումը. եթե մենք սովորենք բարոյական չափանիշներով գնահատել մեր ամեն քայլը, ապա գուցե կարողանանք ինչ-որ բան շտկել:

Իսկ որ երկրի զարգացման հիմքը հասարակության ու նրա անդամների բարոյական կերպարն է՝ անհնար է ժխտել: Մարդկային քաղաքակրթության պատմության դասերը բավարար են՝ համոզվելու դրանում: Հայտնի է, որ բարոյականության կորստով է բացատրվում հզորագույն կայսրությունների՝ Բաբելոնի, Հին Եգիպտոսի, Ասորեստանի, Հռոմի, Բյուզանդիայի, ինչպես եւ շատ ու շատ պետությունների կործանումը: Եվ հակառակը՝ ցանկացած նվաճում, զարգացում բացատրվում է տվյալ հասարակության բարոյահոգեւոր վերելքով: Արցախյան գոյամարտում մեր հաղթանակի հիմքը ողջ հայության բարոյահոգեւոր վերելքն էր, որը, ցավոք, պատերազմից հետո՝ անբարոյականության հիմքերի վրա առաջացած վերնախավի պատճառով, արագորեն անկում ապրեց:

Այդ ինչպե՞ս հանկարծ հայտնվեցինք ցածր մտածելակերպ ունեցող ժողովուրդների շարքում: Այն ժողովուրդների, որոնք ոչ մի կերպ չեն կարողանում ինքնակազմակերպվել, կողմնորոշվել դեպի կայուն եւ առողջ պետության ստեղծումը ու համընդհանուր շահի մեջ տեսնել յուրաքանչյուր անհատի շահը: Նկատի ունենալով մեր պատմական անցյալը, դարերի ընթացքում ստեղծված մշակութային ժառանգությունը, ինքներս մեզ համարում ենք ամենաքաղաքակիրթ ժողովուրդներից մեկը: Եվ ահա անկախ պետականության ժամանակաշրջանը ասես բացեց մեր իրական ունակության չափը: Ժողովրդի ծոցից ելած գործիչները, որոնք նստում են իշխանական աթոռներին, սկսում են անհագուրդ թալանել, գողանալ, յուրացնել համընդհանուրի սեփականությունը, անտեսել երկրի, պետության, ազգի շահերը, որն էլ հենց իրենց կործանման առիթ է դառնում:

Բարոյականությունը մեծարժեք մշակույթ է, որը մարդկային քաղաքակրթությունը հղկել, կատարելագործել է հազարամյակների ընթացքում եւ հանդիսանում է քաղաքակրթության հենասյուներից մեկը:

Շարունակելի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել