Լրահոս
Օրվա լրահոսը

Հանուն անտառների

Մայիս 13,2009 00:00

ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանության պետական տեսչության Սյունիքի տարածքային բաժինը եւ մարզային ոստիկանությունը համատեղ մշակել են մարզի անտառային տարածքների պահպանման եւ ապօրինի անտառահատումների կանխման միջոցառումների ծրագիր, համաձայն որի՝ շուրջօրյա հերթապահություն է սահմանվելու անտառային հատուկ պահպանվող գոտիներում եւ ապօրինի անտառահատումների հնարավոր վայրերում:

Ըստ բնապահպանության նախարարության բնապահպանության պետական տեսչության Սյունիքի տարածքային բաժնի պետ Լեւոն Պետրոսյանի՝ ուժեղ հսկողություն կսահմանվի հատկապես Մեղրի-Երեւան միջպետական մայրուղու մերձակայքում, ինչպես նաեւ գյուղական բնակավայրերի մատույցներում, քանի որ անտառահատման դեպքերը հիմնականում այս տարածքներում են արձանագրվում: Ըստ մեր զրուցակցի, Սյունիքում անտառը հատվում է հիմնականում որպես վառելափայտ օգտագործվելու համար: Լեւոն Պետրոսյանը հավաստիացրեց, որ ամեն ինչ արվելու է ցանկալի արդյունքների հասնելու համար եւ հավելեց, որ հսկողական այսօրինակ ծրագրերի արդյունքում մարզում տարեցտարի նվազում է ապօրինի ծառահատումների ծավալը: 2007 թվականի առաջին եռամսյակում մարզում գրանցվել է ապօրինի ծառահատման 18 դեպք, պատճառված վնասը՝ 1327000 դրամ: 2008-ի նույն ժամանակահատվածում՝ 8 դեպք, վնասը՝ 113 հազար դրամ, 2009-ի առաջին երեք ամիսներին՝ ընդամենը երկու դեպք եւ 56 հազար դրամ վնաս:

Սյունիքի մարզում կա 98 000 հեկտար անտառ եւ, կարծես թե, ամեն ինչ արվում է անտառային տարածքները պաշտպանելու, հազվագյուտ եւ արժեքավոր ծառատեսակները փայտահատի կացնից ազատելու համար, բայց մարզի շատ գյուղեր գազիֆիկացված չեն, եւ բնակիչների համար վառելափայտի միակ աղբյուրը շրջակա անտառներն են: Ոմանք էլ, սոցիալական ծանր պայմաններից ելնելով, փայտի վաճառքով են գլուխ պահում: Ուստի, անտառների վերականգնման եւ պահպանման միջոցառումներին զուգահեռ, գյուղերի գազիֆիկացման կամ «տաք ձմեռ» խոստացող որեւէ ծրագիր պետք է կյանքի կոչվի: Ու նաեւ սոցիալական բարեկեցության պատշաճ մակարդակ ապահովվի:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել