Լրահոս
Օրվա լրահոսը

10 ՄԻԼԻԱՐԴԻ ՎՆԱՍ՝ ՍՅՈՒՆԻՔՈՒՄ

Մայիս 13,2009 00:00

\"\"Ցրտահարությունից տուժածներին փոխհատուցում տալու որոշում դեռ չկա

Անբարենպաստ եղանակն ու վերջերս տեղացած ձյունը իրենց բացասական հետքն են թողել գյուղատնտեսության վրա: Ցրտահարությունը հիմնականում մեծ վնասներ է հասցրել Սյունիքի այգեգործներին: Ցրտահարվել են կորիզավորների ընտանիքին պատկանող ծառատեսակները: Բալենիներից, կեռասենիներից, ծիրանենիներից եւ այլ ծաղկած պտղատու ծառերից բերք ակնկալել այգեգործներն այլեւս չեն կարող: Ըստ Սյունիքի մարզպետարանի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության պետ Քաջիկ Խաչատրյանի՝ նախնական հաշվարկներով ցրտահարությունը 60%-ից ավելի վնաս է հասցրել մարզի գյուղատնտեսությանը, գումարային՝ մոտ 10 միլիարդ դրամ: Ցրտահարությունից զերծ չի մնացել մարզի եւ ոչ մի տարածաշրջան: Տուժել են Գորիսի եւ Սիսիանի ցածրադիր գոտիները, իսկ Կապանի ու Մեղրու տարածաշրջանները՝ ամբողջությամբ: Մեղրիում ստեղծված հանձնաժողովը ճշտել է գարնան ցրտահարությունների պատճառով տարածաշրջանի գյուղատնտեսությանը հասցված վնասները, կազմել համապատասխան ակտ ու ներկայացրել մարզային իշխանությանը: Կազմված արձանագրության համաձայն՝ թզենու, արքայանարնջի, ծիրանի եւ այլ պտղատու ծառերի 35-40%-ը ցրտահարվել է, մոտ 50%-ով ցրտահարվել են խաղողի որթերը, կարտոֆիլի եւ լոբու ցանքատարածությունները: Ապրիլի 12-14-ի գիշերվա ժամերին ջերմաստիճանը կտրուկ իջել է՝ հասնելով -1-ից -3 աստիճանի: Ի դեպ, անցած տարի նույնպես ցրտահարությունը բավականին մեծ վնասներ էր հասցրել Մեղրու տարածաշրջանի գյուղատնտեսությանը:

Գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության պետի խոսքով, մարզի մոտ 30 համայնքից արդեն ներկայացվել են համապատասխան ակտերը: Փոխհատուցումներ կտրամադրվեն ցրտահարությունից տուժած մարզի համայնքներին, թե՝ ոչ, զրուցակիցս առայժմ չի կարող ասել: Ասաց միայն, որ իրենք բոլոր նյութերը կներկայացնեն գյուղնախարարություն, որից հետո կսպասեն կառավարության որոշմանը: Եթե անբարենպաստ եղանակից տուժել է այգեգործությունը, ապա դաշտավարության վրա դրական ազդեցություն է եղել: Մարզպետարանի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության պետ Քաջիկ Խաչատրյանի հավաստմամբ, այդ խոնավությունը շատ կարեւոր եւ բարենպաստ էր գարնանացանի համար:

Իսկ գարնանացանի աշխատանքների համար ընթացիկ տարում «Գյուղատնտեսական հողօգտագործողներին պետական աջակցություն» ծրագրում ընդգրկվել է մարզի 1900 մ-ից ավելի բարձրադիր գոտիներում գտնվող 11 համայնք, որից ինը՝ Սիսիանի տարածաշրջանից, մեկական գյուղ՝ Մեղրու եւ Կապանի տարածաշրջաններից: Սուբսիդավորման ծրագրում ընդգրկված այս գյուղերի հողօգտագործողներին մինչեւ 7 հեկտար գարնանացանի ցանքատարածության համար (բացառությամբ տնամերձի) կտրամադրվի 35 հազար դրամ՝ 1 հա-ի հաշվով: Ներկայումս աշխատանքներ են իրականացվում, ճշտվում են նշված համայնքներում կատարված եւ կատարվելիք ցանքսերի իրական չափերը: Իսկ սուբսիդիան հավանաբար կտրամադրվի հունիս ամսին:

Գարնանացանի աշխատանքները դեռեւս ընթացքի մեջ են: Շուտով կավարտվի գարու ցանքը, իսկ հաճարի ցանքը դեռեւս չի սկսվել: Հաճարի արտադրությամբ հիմնականում զբաղվում են Սառնակունք, Գորհայք, Սպանդարյան եւ այլ գյուղական համայնքներում: Այս տարի մարզում պարարտանյութի խնդիր կլինի: Պարարտանյութի ձեռքբերման համար նախկինում մարզին հատկացվող սուբսիդիան այս տարի չի տրամադրվել: Սուբսիդիայի շնորհիվ հաջողվում էր շուկայականից ցածր գներով պարարտանյութ ձեռք բերել եւ տրամադրել համայնքներին՝ 1 պարկն արժենում էր 3700 դրամ, իսկ այժմ հողօգտագործողները 1 պարկը 8-8,5 հազար դրամով պետք է ձեռք բերեն:

Իսկ այս օրերին՝ ոռոգման սեզոնին ընդառաջ, մաքրվում, բարեկարգվում են ոռոգման համակարգերը: Նոր ջրագծերի կառուցում չի նախատեսված ընթացիկ տարում, կվերանորոգվի հին համակարգը:

Գյուղտեխնիկայի խնդիր էլ ունի մարզը, թեեւ, ըստ զրուցակցիս, այդ հարցը շուտով լուծում կստանա: Այս տարի մարզի համայնքներից գյուղատնտեսության նախարարություն արդեն հայտեր են ներկայացվել՝ 10 կոմպլեկտ տրակտոր եւ 4 կոմպլեկտ հացահատիկահավաք կոմբայն տրամադրելու համար: Իսկ Տաթեւ համայնքն արդեն ձեռք է բերել 2 մլն դրամ արժողությամբ «Նիվա» մակնիշի 1 հացահատիկահավաք կոմբայն: Մյուս գյուղտեխնիկաները ձեռք կբերվեն առաջիկայում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել