Լրահոս
Օրվա լրահոսը

Դատարանը՝ «անհայտ բացակայող»

Մայիս 13,2009 00:00

Թերթը պատշաճ չէր ծանուցվել

Երեկ Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Արայիկ Մելքումյանի նախագահությամբ, պետք է քննության առնվեր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդու՝ Լեւոնի հայցը: Նա դատի է տվել «Հայկական ժամանակ» օրաթերթին, պահանջելով իր իրավունքների եւ արժանապատվության վերականգնում՝ որպես փոխհատուցում պահանջելով 16 մլն 126 հազար դրամ: Սակայն դատարան ներկայացած «Հայկական ժամանակ» օրաթերթի շահերի ներկայացուցիչ, ՀՀ փաստաբանական պալատի անդամ Տիգրան Աթանեսյանին եւ լրատվամիջոցների ներկայացուցիչներին անակնկալ էր սպասվում: Դատական նիստը նշանակվել էր լուծարված Երեւանի քրեական դատարանի շենքում, որը գտնվում է Թբիլիսյան խճուղում: Իսկ այդ մասին փաստաբանին չէին իրազեկել: Ավելին, փաստաբանը ստացել էր դատական նիստի տեղի եւ ժամանակի մասին ծանուցագիր, որտեղ նշվել էր, որ նիստը տեղի կունենա Տիգրան Մեծի 23/1 հասցեում գտնվող Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում:

Փաստաբան Տ.Աթանեսյանին այլ բան չէր մնում, քան գրավոր տեղեկացնել կատարվածի մասին: Փաստաբանը դատարանում թողեց մի գրություն, համաձայն որի՝ ինքը բարեխղճորեն ներկայացել է դատարան: «Դատարանում տեղեկացա, որ տեղափոխվել եք այլ հասցե: Լրացուցիչ խնդրում եմ տեղեկացնել դատական նիստի տեղի եւ ժամանակի մասին»,- գրել էր փաստաբան Տ.Աթանեսյանը:

«Առավոտին» նույնպես անակնկալ էր սպասվում: Վերջին երկու շաբաթվա ընթացքում մենք ահազանգում էինք, որ դատական նիստերի ժամանակացույցը դատարանների, այդ թվում՝ Կենտրոնի պատից հանվել է:Երեկ ժամանակացույցը ոչ միայն պատին էր, այլեւ նշված էր, որ օրաթերթի դատական նիստը նշանակված է Թբիլիսյան խճուղում:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել