Լրահոս
Օրվա լրահոսը

ՆԱԽԿԻՆ ԴԱՏԱԽԱԶԸ ՎԵՐԱԴԱՍԻ ԴԵՄ

Մայիս 13,2009 00:00

\"\"Վարչականը գլխավոր դատախազին սխալ հանեց

ՀՀ վարչական դատարանը, Հ. Բեդեւյանի նախագահությամբ, ապրիլի 22-ին կայացրել է մի վճիռ, որով ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի 2008թ. օգոստոսի 11-ի թիվ166 հրամանն առոչինչ է ճանաչվել: ՀՀ դատախազությունը մտադիր է վճռաբեկ բողոք բերել:

Հայցվոր Հայկ Մարգարյանը 14 տարի աշխատել է գլխավոր դատախազությունում, եղել է պետական շահերի պաշտպանության վարչության դատախազ, արդարադատության 1-ին դասի խորհրդական: Ունի ընդհանուր 41 տարվա աշխատանքային ստաժ:

Հ. Մարգարյանը 2007թ. հունիսի 1-ին՝ առողջական վիճակի հետ կապված, ազատվել է աշխատանքից: ՀՀ գլխավոր դատախազության կադրերի բաժնի պահանջով Հ. Մարգարյանը ներկայացրել է «Էրեբունի» բժշկական կենտրոնի կողմից տրված սրտի ուլտրաձայնային հետազոտության արդյունքների վերաբերյալ եզրակացությունը, դեղատոմսերը, հիվանդության պատմությունը: Այդ փաստաթղթերի հիման վրա էլ նշանակվել է հիվանդության պատճառով երկարամյա ծառայության կենսաթոշակ: Հ. Մարգարյանն անցել է թոշակի, ստացել այն 2007թ. հունիսից մինչեւ 2008թ. հուլիսը ներառյալ: Սակայն 2008թ. սեպտեմբերին գլխավոր դատախազությունից ստանում է մի գրություն, ըստ որի՝ իր փաստաթղթերը հիմնավոր չեն, այդ պատճառով էլ կենսաթոշակից նրան զրկում են:

Ըստ հայցվոր-դատախազի, կենսաթոշակի դադարեցումը պայմանավորված էր ոչ թե փաստաթղթերի հավաստի լինել-չլինելով, այլ՝ «զուտ անձնական ու քաղաքական դրդապատճառներով»: Հայցվորը բացում է փակագծերը, լրացուցիչ տեղեկացնելով, որ անցյալ տարվա օգոստոսի 29-ին ինքը թերթերից մեկում տպագրել է «Հատուկ քննչական ծառայության դիմանկարը» հոդվածը, որում քննադատել է գլխավոր դատախազությանն ու գլխավոր դատախազին: Հայցվորի պնդմամբ, դրա համար էլ առողջական խնդիրների հետ կապված փաստաթղթերի հավաստիության հարցը ծագում է 1 տարի 3 ամիս հետո:

«Ինչու նախքան կենսաթոշակի վճարումը դադարեցնելու մասին հրաման արձակելն այդ մասին ինձ պատշաճ կարգով տեղյակ չեն պահել, ինձ դատախազություն չեն հրավիրել, բացատրություն չեն վերցրել, ներկա պահին իմ առողջական վիճակի մասին փաստաթղթերը չեն պահանջել, որպիսիք պատրաստ էի ներկայացնել առաջին իսկ պահանջով»,- վարչական դատարանին ուղղած դիմումում գրել էր նախկին դատախազ Հ. Մարգարյանը:

Ի դեպ, հայցվորի ներկայացրած բժշկական փաստաթղթերից պարզ է դառնում, որ նա 1994-ից տառապում է սրտի անբավարարությամբ: Պարբերաբար բուժման կուրսեր է անցել եւ ներկայումս էլ շարունակում է բուժվել:

Չնայած, ըստ նախկին դատախազի, առողջության հետ կապված կենսաթոշակի են գնացել շատուշատ դատախազներ, անգամ ստամոսքի խանգարում ունեցողները, սակայն նրանցից բժշկական փաստաթղթեր չեն պահանջվել:

Այսինքն՝ իր նկատմամբ կիրառվել է խտրական մոտեցում:

Եվ, վերջապես, հայցվորը վարչական դատարանին հարցրել էր՝ եթե հիվանդ չի եղել եւ իր փաստաթղթերը հիմք չէին կենսաթոշակի ուղարկելու համար, ուրեմն ինչո՞ւ են իրեն ազատել աշխատանքից: Ի՞նչ հիմքով:

Հ. Մարգարյանը գտնում էր, որ խախտվել է իր սոցիալական ապահովության իրավունքը, ծերության, հաշմանդամության, հիվանդության դեպքում օրենքով նախատեսված դրանց պաշտպանության իրավունքները: Դրանք, անկախ այն հանգամանքից՝ դատախազ ես, բանվոր կամ ուսուցիչ, վերապահված է պետությանը եւ որեւէ հրամանով չի սահմանափակվում: «Կենսաթոշակը, աշխատավարձը քաղաքացու վաստակած միջոցներն են, սեփականության ձեւ է, հետեւաբար, գլխավոր դատախազը կարող էր իրեն զրկել սեփականությունից՝ դատական կարգով»,- ասում է Հ. Մարգարյանը: Իմիջիայլոց, այս գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանում կա նախադեպային որոշում, որն էլ ներկայացվել էր վարչական դատարան՝ «Բուրդովն ընդդեմ Ռուսաստանի» գործը:

Թվով 14 աշխատակիցների կենսաթոշակային գործեր, «Առավոտի» տեղեկություններով, ներկայումս գտնվում են ՀՀ վարչական դատարանի վարույթում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել