Լրահոս
Օրվա լրահոսը

«Սարի թաղից ոտքով ենք իջնում»

Մայիս 13,2009 00:00

\"\"«Սարի թաղից քաղաք իջնելը մեծ պրոբլեմ է մեզ համար: Ժամերով կանգնում ենք կանգառում, որպեսզի ավտոբուսը բաց չթողնենք: Աստված չանի, եթե մի րոպե ուշ հասնենք, ստիպված պետք է եւս մի կես ժամ սպասենք մինչեւ հաջորդ ավտոբուսի գալը»,- «Առավոտի» հետ զրույցում գանգատվեց Նոնան: Նա ուսանողուհի է եւ տրանսպորտի բացակայության պատճառով ամեն անգամ դասերից ուշանում է: Սարիթաղցիները շատ ժամանակ գերադասում են ոտքով քաղաք իջնել, քան ժամերով տրանսպորտի սպասել: Բնակիչների խոսքերով, Սարի թաղը սպասարկող թիվ 79 եւ 21 ավտոբուսները, որոնք երթեւեկում են վերին եւ ներքին Սարի թաղով, աշխատում են շատ վատ: Նրանց ներկայացմամբ, եթե վերին գծով երթեւեկող 79 ավտոբուսը շարժվում է 15-20 րոպե հաճախականությամբ, ապա ներքին գիծը սպասարկողը 30 րոպեն մեկ է գալիս: Ըստ բնակիչների՝ մոտ 1 տարի առաջ այդ թաղամասը սպասարկել են երթուղային տաքսիներ եւ դժգոհություններ չեն եղել: Բնակիչ Անահիտի խոսքերով՝ այդքան ուշ գալով հանդերձ, ավտոբուսները երբեք ժամանակին չեն շարժվում: Եթե նույնիսկ ժամը լրանում էլ է, ապա վարորդները սպասում են այնքան, մինչեւ ավտոբուսը լեփլեցուն լինի: «Մենք որեւէ տեղ գնալու համար ստիպված ենք 2 տրանսպորտ փոխել եւ եւս 2-ը՝ որպեսզի տուն վերադառնանք: Դրա ոչ ժամանակը ունենք, ոչ էլ՝ հնարավորությունը»,- դժգոհեց սարիթաղցի տիկին Աննան:

Այս առնչությամբ, Երեւանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանը «Առավոտին» պարզաբանեց. «Սարի թաղի ճանապարհները անվտանգության տեսանկյունից մի քիչ անապահով են երթուղային տաքսիների համար: Ավտոբուսը այդ վերելքների համար ավելի ապահով է, քան միկրոավտոբուսը, արգելակման պահ է եւ այլն: Ձմեռվա համար էլ ավտոբուսն ավելի անցանելի է, որովհետեւ ծանր մեքենա է եւ այդ բարձրություններն ու թեքությունները հեշտ է հաղթահարում»: Հ. Նավասարդյանը նաեւ ասաց, որ 1 տարի առաջ ավտոբուսներ չունեին, դրա համար էլ ստիպված երթուղային տաքսիներն էին սպասարկում Սարի թաղին: Ինչ վերաբերում է ավտոբուսների՝ ուշ շարժվելուն ու վարորդների թերացումներին, ապա պարոն Նավասարդյանը խոստացավ «անհապաղ զբաղվել այդ հարցով եւ ամեն ինչ կարգավորել»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել