Լրահոս
Օրվա լրահոսը

«ԿԱՆԱՉ» ԽՈՍՏՈՒՄՆԵՐ ԵՆ ՏԱԼԻՍ

Մայիս 13,2009 00:00

\"\"Մինչդեռ որոշ բնապահպաններ կարծում են, որ բնապահպանական խոստումներն այնքան էլ իրատեսական չեն:

Երեւանի ավագանու ընտրություններին առաջադրված բոլոր կուսակցություններն իրենց նախընտրական ծրագրերում պարտադիր ներառել են բնապահպանության թեման: Օրինակ, «Օրինաց երկիր» կուսակցությունն առաջարկում է բոլոր թաղամասերում անխտիր ներդնել «կանաչ ճարտարապետության» սկզբունքը: Նրանք համոզված են, որ աշխարհի առավել զարգացած մայրաքաղաքներում առաջնահերթ կարեւորվում են բնապահպանական խնդիրները, մինչդեռ մեզանում բնությունը դիտարկվում է որպես շահագործման օբյեկտ, ինչի պատճառով էլ վերջին շրջանում ավելացել են շնչառական եւ մաշկային հիվանդությունները:

Հայ հեղափոխական դաշնակցության կարծիքով՝ քաղաքացիներն ապագան պետք է տեսնեն այնպիսի ներդաշնակ կենսական միջավայրում, ուր մաքուր են օդն ու ջուրը, լուսավոր են փողոցները, կանաչապատ են տարածքներն ու բարեկարգ են ջրային ավազանները, ուստի անհրաժեշտ է կիրառել աղբահանության եւ թափոնների ամենօրյա հավաքման, փողոցների, ստորգետնյա անցումների, բակերի եւ բնակելի շենքերի սանմաքրման կազմակերպման արդիական մեթոդներ: Նրանք մտադրվել են մինչեւ 2013 թվականը Երեւանի կանաչ տարածքները եռապատկել, ներդնել փոշու եւ գազամաքրիչ ժամանակակից համակարգեր, առեւտրի եւ սպասարկման կետերում կիրառել «աղտոտողը պատժվում է եւ վճարում» սկզբունքը:

Հայաստանի հանրապետական կուսակցության ծրագրում բնապահպանությունը ներկայացված է «Երեւանը կանաչ քաղաք» վերնագրով: Այնտեղ ասվում է, որ ներկայումս 1 բնակչին հասնող կանաչ տարածքների ընդհանուր ցուցանիշը բավարար չէ քաղաքի բնակչության հանգստի եւ թթվածնով հարուստ օդի ապահովման համար, ու կանաչ գոտիների ընդլայնումը կնպաստի օդի մաքրությանը, երեւանցիների հանգստի կազմակերպմանը: Այդ նպատակով նրանք ծրագրում են ստեղծել կանաչ գոտիների կառավարման միասնական համակարգ, ընդլայնել Երեւանի քաղաքային տնկարանը եւ կառուցել ջերմատուն, վերականգնել զբոսայգիները, այգիներն ու պուրակները, վերագործարկել ջրավազանները, շատրվանները, ջրային մյուս կառույցները, հիմնանորոգել եւ ընդարձակել ոռոգման ցանցը:

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն էլ նկատել է, որ գրեթե բացակայում է կեղտաջրերի՝ մինչեւ բաց ջրավազաններ թափվելը, նախնական մաքրումն ու վարակազերծումը: ԲՀԿ-ի կարծիքով՝ մայրաքաղաքում խիստ անբավարար է մեկ շնչին ընկնող կանաչ գոտիների ցուցանիշի մակարդակը, որն այժմ կազմում է ընդամենը 5,5 քմ: Երեւանի բնապահպանական վիճակը բարելավելու նպատակով ԲՀԿ-ն ծրագրել է աղմուկից զերծ գոտիներ ձեւավորել՝ ավտոմոբիլային տրանսպորտի բացասական ազդեցությունը սահմանափակելով: Կուսակցությունը համոզված է, որ անհրաժեշտ է ստեղծել աղբամշակման գործարան, որի շահագործման հիմքում պետք է դրվի կենցաղային թափոնների հավաքման եւ օգտագործման քաղաքակիրթ շուկայի ձեւավորումը:

«Առավոտը» փորձեց մեր մայրաքաղաքի համար պատասխանատու բնապահպաններից ճշտել՝ այդքան կարճ ժամանակում իրատեսակա՞ն են կուսակցությունների խոստումներն ու առաջարկներն այս ոլորտի մասին: Երեւանի գլխավոր դենդրոլոգ Սուրեն Մաքսապետյանի կարծիքով, կուսակցությունների առաջարկներն այն մասին, որ Երեւանի կանաչ տարածքներում չհիմնավորված կառուցապատումը պետք է դադարեցնել, ջրային ռեսուրսների խնայողական օգտագործման մեխանիզմներ պետք է մշակել եւ ներդնել, կենցաղային թափոնների վերամշակման ձեռնարկություններ ստեղծել՝ բնապահպանական նորագույն տեխնոլոգիաների կիրառմամբ, կանաչ տարածքների, անտառածածկույթով հարուստ վայրերի անխնա օգտագործման համար պատասխանատվությունը խստացնել, միանգամայն իրատեսական են։ Մեր հարցին՝ Երեւանի քաղաքապետարանն ի վիճակի՞ է այս ամենը կյանքի կոչել, նա պատասխանեց. «Ծրագիրը մշակվում եւ ընթացքի մեջ է, եւ ես իրատեսական եմ համարում դա»: Իսկ ՀՅԴ-ի այն առաջարկին, թե զբոսայգիների տարածքներում պետք է կանաչ տնկարկներն ու ջրամբարները կազմեն 75-80%, ծառուղիներն ու ճանապարհները՝ 8-12%, հրապարակներն ու խաղահրապարակները՝ 4-8%, կառույցներն ու սպասարկման օբյեկտներն ընդամենը՝ 2-4%, պարոն Մաքսապետյան այսպես արձագանքեց. «Ես կխոսեմ տնկարկների մասին, քանի որ դրա մասնագետն եմ: Նախատեսված է մինչեւ 2020 թվականը մայրաքաղաքի կանաչ զանգվածն ավելացնել 1400 հա-ով եւ դրա հետ մեկտեղ 340 կմ ոռոգման ցանցը վերափոխել: Դրանից 135 մ-ն արդեն վերափոխված է»: ՀՀԿ-ի առաջարկների մասին էլ ասաց, որ կանաչ գոտիների միասնական համակարգը նախատեսում է, որպեսզի համայնքային բոլոր կազմակերպությունները միանձնյա կառավարում ունենան քաղաքապետարանի կազմում, այլ ոչ թե անջատ-անջատ: Քաղաքի կանաչապատման համակարգը պետք է կառավարվի քաղաքապետարանի «Կանաչապատում» ձեռնարկության կողմից: Ջերմատների կառուցման մասին ասաց. «Մենք արդեն իսկ 1-ը հանձնել ենք շահագործման՝ 1000 քմ տարածքով: Այդտեղ պետք է տեղադրել 100 հազար ծաղկասածիլներ, որոնք մոտ օրերս տեղափոխվելու են մայրաքաղաք»: Մեր հարցին՝ փաստորեն, ներկայիս քաղաքապետ եւ ՀՀԿ-ի թեկնածու Գագիկ Բեգլարյանն առաջարկում է հիմնականում այն, ինչն արդեն նախատեսված է քաղաքապետարանի ներկայիս ծրագրո՞վ, գլխավոր դենդրոլոգը պատասխանեց. «Ոչ միայն ներկայիս ծրագիրն է, այլեւ արդեն իսկ գործում է»: ԲՀԿ-ի առաջարկած կանաչ տարածքների գույքագրումն էլ ուշացած համարեց, քանի որ իրենք դա 2007-ին են իրականացրել:

«Կանաչների միություն» հ/կ-ի նախագահ Հակոբ Սանասարյանի կարծիքով էլ, երբ ընդունվեց Երեւանի գլխավոր հատակագիծը. «Դեռ այն ժամանակ խաչ դրվեց կանաչ տարածքների վրա: Հիմա, երբ մենք ուզում ենք անտառպուրակներ, անտառգոտիներ կամ զբոսայգիներ հիմնել, ո՞ւմ հաշվին ենք դա անելու, եւ յուրաքանչյուր քառակուսի մետրի համար ինչքա՞ն գումար ենք վճարելու այն մարդկանց, որոնք քաղաքի բնակիչներից կանաչ տարածքները գողացան եւ դարձրին իրենց սեփականությունը»: Խոսելով ՕԵԿ-ի՝ կենցաղային թափոնների վերամշակման ձեռնարկությունների ստեղծման մասին, նա ասաց. «Իհարկե, շատ լավ է դա: Ցավով պիտի ասեմ, որ մեզ մոտ դա ուղղակի խոսակցական մակարդակի վրա է, քանի որ ծրագիրն իրականացնելու համար պետք են հսկայական ֆինանսներ: Այն ժամանակ կարելի է վստահել դրան, երբ ֆինանսներ եւ տեխնոլոգիա լինի: Այդ հարցի մասին խոսելով՝ պետք է ասել նաեւ, որ հենց սկզբից պետք է աղբը տեսակավորվի»: Կանաչ տարածքների անխնա օգտագործման համար պատասխանատվության խստացման առնչությամբ էլ պարոն Սանասարյանն ասաց. «Առաջինը պետք է պատասխանատվության կանչեն այն մարդկանց, որոնք հանրային ունեցվածքը վերցրին եւ սեփականացրին: Ուրիշ բան, որ որեւէ մեկն ասի, թե այդ մարդկանց պատասխանատվության կենթարկենք եւ հանրային ունեցվածքը ետ կտանք հանրությանը, եւ դա իսկապես կանեն»: ՀՅԴ-ի առաջարկած ջրամբարների կառուցման մասին ասաց, որ, ամենայն հավանականությամբ, պետք է գրեին ջրավազան. «Հանրապետության մակարդակով պետք է խոսել ջրամբարի ստեղծման մասին: Դա ուրիշ ծավալի խոսք է, նույնիսկ Երեւանյան լիճը ջրամբար չի, փոքր է: Ջրամբար ասելով՝ մենք հասկանում ենք 10 միլիոն խորանարդ մետր ջուր: Երեւանում հնարավոր չէ խոշոր ջրամբար կառուցել»: ՀՀԿ-ի՝ ջերմատներ կառուցելու ցանկության մասին ասաց. «Երեւանում եղել են ջերմոցային տնտեսություններ: Հայաստանում ջերմոցային տնտեսությունները անհրաժեշտ են, քանի որ ձմռան ամիսներին արեւ կա, եւ դա կարելի է օգտագործել»: Մեր հարցին, թե ՀՀԿ-ն փաստորեն ավելի՞ իրատեսական բաներ է առաջարկում, նա ասաց. «Ինչպե՞ս կարելի է նրանց ասածներին հավատալ: Ես ընդհանրապես նախընտրական այդ ծրագրերին չեմ հավատում»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել