2009-ի առաջին եռամսյակում պետական բյուջեի միջոցների հաշվին կատարվել են 153,4 մլրդ դրամի ծախսեր: Ֆինանսների նախարարության տեղեկացմամբ, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ, պետական բյուջեի ծախսերն ավելացել են 10,4%-ով կամ 14,4 մլրդ դրամով: Ծախսերի աճը հիմնականում պայմանավորված է կենսաթոշակների եւ նպաստների, ինչպես նաեւ բյուջետային հիմնարկներում աշխատավարձի գծով ծախսերի աճով: Պետբյուջեի ընթացիկ ծախսերից 13,9 մլրդ դրամն ուղղվել է պետական հիմնարկների աշխատողների աշխատավարձերի վճարմանը, 963,9 մլն դրամը՝ պարտադիր սոցիալական ապահովության վճարումներին: Բացի այդ, ծառայությունների եւ ապրանքների ձեռքբերմանը պետական բյուջեից հատկացվել է 27,8 մլրդ դրամ, 3,5 մլրդ դրամ՝ պետական պարտքի սպասարկման համար, մասնավորապես՝ 2,8 մլրդ դրամ տրամադրվել է ներքին, իսկ 700,5 մլն դրամ՝ արտաքին պարտքի սպասարկման համար: Նշենք նաեւ, որ 2009-ի առաջին եռամսյակում պետբյուջեի ընթացիկ ծախսերի 11,6%-ը կամ շուրջ 17,1 մլրդ դրամը կազմել են դրամաշնորհները, որոնցից 6,9 մլրդ դրամը տրամադրվել է համայնքների բյուջեներին համահարթեցման սկզբունքով տրվող դոտացիաների ֆինանսավորմանը: