Լրահոս
«Իբր պետություն»
Օրվա լրահոսը

ԳԵՐԱԴԱՍՈՒՄ ԵՆ ՔԻՉ ԱՇԽԱՏՈՂՆԵՐՈՎ «ՅՈԼԱ ԳՆԱԼ»

Մայիս 13,2009 00:00

Խոշոր ընկերությունների մեծ մասի համար ֆինանսական միջոցները խնայելու լավագույն տարբերակը աշխատակիցների կրճատումն է:

Որքան էլ մեր երկրի պաշտոնյաները բարձրաձայնեն, որ մեր պետությունը իր մշակած հակաճգնաժամային ծրագրերով հաջողությամբ պայքարում է ֆինանսական «կրիզիսի» դեմ, եւ ԱՊՀ երկրների համեմատությամբ տնտեսապես ամենակայունը մենք ենք, այնուամենայնիվ, արդեն մի քանի ամիս է, ինչ հազարավոր մարդիկ իրենց մաշկի վրա ուղղակիորեն զգում են ճգնաժամի ազդեցությունը: Խոսքը միայն գնողունակության անկման եւ ամսեամիս գրանցվող գնաճի մասին չէ, այլ նաեւ այն, որ խոշոր հիմնարկներն ու ձեռնարկությունները, որոնց արտադրանքի ծավալները կտրուկ անկում են ապրել, ոչ միայն մի քանի միլիարդ դրամով նվազեցրել են հարկերի ծավալները, այլեւ կրճատել են աշխատակիցներին: Նախկինում մի քանի հազար աշխատատեղ ապահովող կապի, հանքարդյունաբերության, շինարարության եւ տեղական արտադրության ոլորտներում գործող շատ խոշոր ընկերություններ այսօր աշխատում են իրենց արտադրական կարողությունների ընդամենը 50%-ով, ինչի հետեւանքով, նախկինի համեմատությամբ, պակաս աշխատակիցների կարիք ունեն:

Պետեկամուտների կոմիտեն հրապարակել է այս տարվա առաջին եռամսյակում աշխատողների թիվ հայտարարագրած առեւտրային կազմակերպությունների ցանկը, որտեղից պարզ է դառնում, որ աշխատողներին կրճատել են ոչ միայն մասնավոր հիմնարկ-ձեռնարկությունները, այլ նաեւ հանրային ծառայությունների ոլորտում գործող ընկերությունները: Այսպես, «Հայաստանի էլեկտրական ցանցերը» նախորդ տարի այս ժամանակահատվածում ուներ 7837 աշխատակից, այս տարի ընկերությունից դուրս է մնացել նրանցից մոտ 280-ը: Ավելի քան 900 մարդ կրճատել է «ԱրմենՏել» ընկերությունը, որը 4389 աշխատակցի փոխարեն այս տարի ունի ընդամենը 3485-ը: Թեեւ «ՎիվաՍել» ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը բազմիցս հայտարարել է, որ անկախ ճգնաժամի ազդեցությունից՝ իր ղեկավարած ընկերությունում ոչ մի աշխատակից չի կրճատվելու, այնուամենայնիվ, նախորդ տարվա համեմատությամբ, այս տարի ավելի քան 370 աշխատակիցներ կամ ազատվել են աշխատանքից, կամ նրանց հետ պարզապես չեն երկարացվել աշխատանքային պայմանագրերը: Նախորդ տարվա ցուցակի առաջատարներից մեկը՝ «Հայփոստը», եւս ընտրել է աշխատակիցներին կրճատելու ճանապարհով խնայողություններ անելու տարբերակը, ընկերության 3546 աշխատակիցներից այս տարի մնացել են ընդամենը 3200-ը: Բավականին մեծ թվով աշխատակիցներ են կրճատել նաեւ համաշխարհային տնտեսական ճգնաժամից տուժած հանքարդյունաբերության ոլորտի ընկերությունները: Արտադրանքի իրացման խնդրի առջեւ կանգնած հանքարդյունաբերողները ստիպված եղան գնալ էական կրճատումների: Մասնավորապես՝ «Արմենիան Քափր Փրոգրամ» ընկերությունը, որը շահագործում է Ալավերդու պղնձամոլիբդենային կոմբինատը եւ իրականացնում է Թեղուտի հանքի շահագործման ծրագիրը, նախորդ տարվա առաջին եռամսյակի 1144 աշխատակցի փոխարեն, այս տարի հայտարարագրել է ընդամենը 705 աշխատակից: Նշենք, որ ներկայումս հանքի եւ ֆաբրիկայի գործունեությունը դադարեցված է, իսկ 705 հոգին աշխատում է միան ձուլարանում:

Կապանի պղնձամոլիբդենային կոմբինատի սեփականատեր «Դինո գոլդ մայնինգ» ընկերությունը եւս այս տարի ավելի քան 250 աշխատակից է կրճատել: Մոտ 150 աշխատակից էլ կրճատել է հանքարդյունաբերող մեկ այլ ընկերություն՝ «Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատը»: «Զանգեզուրի պղնձամոլիբդենային գործարանի» եւ «Ախթալայի լեռնահարստացման կոմբինատի» աշխատակիցների թվաքանակը եւս, նախորդ տարեսկզբի համեմատությամբ, բավականին նվազել է:

Վերջին ամիսներին Հայաստանում արտահանման եւ ներկրման ծավալների կտրուկ անկումը ուղղակիորեն անդրադարձել է տեղական արտադրողների եւ ներմուծողների գործունեության վրա: Նրանցից շատերը ոչ միայն նվազեցրել են հարկային մուծումները, այլեւ աշխատանքից ազատել են աշխատակիցների մի մասին, ինչի հետեւանքով էլ, նախորդ տարիների համեմատությամբ, պակաս սոցվճարներ են մուծել: Օրինակ, «Գրեյթ Վելլին», «Գետամեջի թռչնաֆաբրիկան», ցորենի եւ այլուրի խոշոր ներկրող «Մանանա Գրեյնը», «Աշտարակ կաթը», «ՍՊՍ Սիգարոնը», եւ շատ այլ ընկերություններ եւս, նախորդ տարվա առաջին եռամսյակի համեմատությամբ, կրճատել են աշխատակիցների մի մասին: Սակայն պետք է նշել նաեւ, որ հարկային վարչարարության եւ ՀԴՄ-ների պարտադիր կիրառման պահանջի արդյունքում, որոշ ընկերություններ կրկնակի անգամ ավելի թվով աշխատակիցներ են հայտարարագրել, իսկ ոմանք էլ՝ նախորդ տարի դուրս էին մնացել Պետեկամուտների կոմիտեի հրապարակած ցանկից, սակայն այս տարի ընդգրկվել են ցուցակում եւ մեծ թվով աշխատակիցներ են հայտարարագրել: Մասնավորապես «Վաղարշ եւ որդիներ» ոսկու շուկայի սեփականատեր Վաղարշ Աբրահամյանը, նախորդ տարվա 109 աշխատակցի փոխարեն, այս տարի ավելի քան 203 աշխատակից է գրանցել: Իսկ, ասենք, բեռնափոխադրումներով, մանրածախ առեւտրով, տարբեր ապրանքների ներկրմամբ, հացամթերքի արտադրությամբ զբաղվող, ինչպես նաեւ տաքսի ծառայություն ունեցող «Քեթրին գրուպ» ընկերությունը, որը բացակայում էր 2008-ի ցանկից, այս տարի գոնե 102 աշխատակից է գրանցել:

Նշենք նաեւ, որ 100 եւ ավելի աշխատող հայտարարագրած ընկերությունների թիվը, ընդհանուր առմամբ, կրճատվել է: Եթե նախորդ տարի ցանկում ընդգրկված էր 400 ընկերություն, այս տարի դրանք 380-ն են:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել