Լրահոս
«Իբր պետություն»
Օրվա լրահոսը

ԴԵՍՊԱՆԻ ԸՄԲՈՍՏ ԴՈՒՍՏՐԸ

Մայիս 13,2009 00:00

«1915 թ. դեպքերը ցեղասպանություն էին»,- մի քանի անգամ իր խոսքում նշել է թուրք դեսպան Ինալ Բատուի դուստրը՝ թուրք երիտասարդ արվեստագետ Փելին Բատուն՝ «Պատմության ետնասենյակները» հեռուստահաղորդման ժամանակ: Նրա անսպասելի խոսքերը բողոքի ալիք են բարձրացրել հաղորդման մասնակիցների ու հեռուստադիտողների շրջանում: Այս մասին գրում է Ստամբուլի «Մարմարա» օրաթերթը: Մուրադ Բարդաքչըի վարած հեռուստահաղորդումն այս անգամ անդրադարձել էր Հայաստան-Թուրքիա հարաբերությունների ներկա զարգացումներին՝ 1915 թ. դեպքերի լույսի ներքո: Դիմելով Բատուին՝ հաղորդավարն ասել է, որ թուրքական կողմը գործածում է «ցեղասպանության պնդումներ» արտահայտությունը, իսկ հաղորդման մասնակից, պատմաբան Էրհան Աֆեոնջուն ավելի խիստ է արտահայտվել: Բատուն, ի պաշտպանություն իր խոսքերի, նշել է, որ եղել է Հայաստանում եւ հանդիպումներ է ունեցել հոգեւորականների ու գիտնականների հետ, եւ Թուրքիայում ոչ թե քարոզչությամբ է զբաղվում, այլ հայտնում է իր անձնական կարծիքը: Պատասխանելով հեռուստադիտողների զայրալից բողոքներին ու սպառնալիքներին՝ իր կրած նռան խորհրդանիշով վզնոցի կապակցությամբ, երիտասարդ արվեստագետը նախ հաստատել է, որ այն Հայաստանից է գնել, որովհետեւ նուռը իր ամենասիրած պտուղն է, ապա իր վրդովմունքն է հայտնել՝ ասելով. «Խոսում ենք երկու ժողովուրդների բարեկամության ու հարաբերությունները բնականոն ընթացքի մեջ դնելու մասին, իսկ մարդիկ աղմուկ են բարձրացնում նռան համար»: Իսկ երբ հաղորդավարը հիշեցրել է «Ասալա»-ի կողմից սպանված թուրք դիվանագետների մասին, Բատուն նշել է, որ լինելով դիվանագետի դուստր, ինքը բոլորից ավելի սուր է զգացել այդ սարսափելի շրջանը: «Հայրս դիվանագետ էր, եւ ես փոքր տարիքից, ամեն օր ապրում էի նրան կորցնելու վախը: Հայրիկիս ամենամտերիմ ընկերները սպանվել են «Ասալա»-ի կողմից, սակայն դա չի նշանակում, որ ես պետք է թշնամությամբ լցվեմ հայերի հանդեպ»,- ասել է նա:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել