Լրահոս
«Իբր պետություն»
Օրվա լրահոսը

«ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ» ՏԵՂԵՐԸ ՎԱՃԱՌՎԵԼ ԵՆ

Մայիս 13,2009 00:00

33 տեղամասերում ընդդիմությունը հանձնաժողովի անդամներ չի ունենա

Մայրաքաղաքի 8-րդ ընտրատարածքային ընտրական հանձնաժողովում «Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչ Սերյոժա Հարությունյանը, ըստ նույն կուսակցության ներկայացուցիչների, «ծախել» է կուսակցությանը պատկանող հանձնաժողովի անդամների տեղերը: Այդ ընտրատարածքը ներառում է Մալաթիա-Սեբաստիա համայնքը եւ Շենգավիթ համայնքի մի մասը եւ ընդգրկում է 33 ընտրական տեղամասեր: (Մայրաքաղաքում ընտրատեղամասերի ընդհանուր թիվը 439-ն է): Ի դեպ, 2008-ի նախագահական ընտրությունների ժամանակ էլ Սերյոժա Հարությունյանը համանման կեցվածք էր որդեգրել: Մեր ունեցած տեղեկություններով, դեռ երկու ամիս առաջ ՀԱԿ-ից դիմել էին «Ժառանգությանը»՝ խնդրելով Սերյոժա Հարությունյանին փոխարինել մեկ այլ անձով: Թե ինչո՞ւ դա տեղի չի ունեցել՝ «Առավոտի» հարցին պարզաբանում տվեց ԿԸՀ-ում «Ժառանգության» ներկայացուցիչ Զոյա Թադեւոսյանը. «Մենք ավելի ուշ ենք տեղեկացել, որ այդ մարդը նույնատիպ կեղծիքներ է իրականացնում, սակայն «Ընտրական օրենսգիրքը» մեզ այլ կերպ գործելու հնարավորություններ չի տալիս: Եթե չենք կարողանում այդ տեղերը լրացնել, ապա դրանք անցնում են ԸԸՀ նախագահի տրամադրության տակ: Ընտրական հանձնաժողովներում անդամների լիազորությունների վաղաժամկետ դադարեցման համար էլ պետք է լինեն համապատասխան պայմաններ՝ իր դիմումի համաձայն, մահանալու, զորակոչվելու եւ այլն: Դրանցից որեւէ մեկը տեղի չի ունեցել, որպեսզի մենք կարողանայինք ազատվել այդ մարդուց: Նա ինքնաբացարկի դիմում պիտի գրեր, որը չարեց, իսկ մենք մեխանիզմ չունեինք նրան ստիպելու, որպեսզի դիմում գրեր»: Կուսակցությունում կտրականապես հրաժարվել են հաստատել Ս. Հարությունյանի ներկայացրած անձանց ցուցակը: «Մենք զանգահարեցինք այն մարդկանց, ում անունները Սերյոժա Հարությունյանը՝ 8-րդ տեղամասում մեր ներկայացուցիչը, ցուցակով ներկայացրել էր։ Պարզվեց, որ այդ մարդիկ ԲՀԿ-ից են, նաեւ՝ ՀՀԿ-ից։ Երբ մենք Սերյոժային ասացինք՝ դու այս անդամների ցուցակները չես կարող տանել 8-րդ ընտրատարածք, պետք է տանես երաշխավորած մարդկանց ցուցակը, նա հիվանդացավ։ Դիագնոզում գրված է. «Իշեմիկ սրտանոթային նոպա»։ Մենք նույնիսկ երեկոյան իրենց տուն գնացինք, որպեսզի մարդավարի խոսենք, բայց ասացին, որ շատ վատ է։ Իսկ հաջորդ օրը պարզվեց, որ տարել են հիվանդանոց, եւ բժիշկը թույլ չի տալիս նրան տեսնել»,- երեկ այդ առիթով հրավիրված մամուլի ասուլիսում հայտարարեց կուսակցության վարչության նախագահ Անահիտ Բախշյանը:

«Առավոտի» տեղեկություններով, այդ ընթացքում ՀԱԿ-ի ու «Ժառանգության» բանակցությունների արդյունքում կազմվում է մի ընդհանուր ցուցակ, որտեղ ընդգրկված էին եւ «Ժառանգության» ներկայացուցիչները, եւ ՀԱԿ-ի ակտիվիստները, բայց Սերյոժա Հարությունյանը կտրականապես մերժում է ստորագրել իր կուսակցական ղեկավարների ներկայացրած ցուցակը, ինչպես նաեւ գրել իր ազատման մասին դիմումը: Ս. Հարությունյանի հիվանդանալու եւ Մալաթիայի հիվանդանոցում երեք օր մեկուսացած մնալու առաջին իսկ օրը, օգտագործելով օրենքով, իրեն վերապահված իրավունքը՝ թիվ 8 ԸԸՀ նախագահ Օլեգ Գրիգորյանը 33 տեղամասերում նշանակում է հանձնաժողովի անդամներ՝ մերժելով «Ժառանգության» եւ ՀԱԿ-ի միասնական ցուցակը եւ իրենց ներկայացուցչի վատառողջ լինելու մասին բժշկի տեղեկանքը, ավելին՝ դեռ հայտարարում է՝ «ես իմ մարդկանց եմ նշանակելու»:

«Առավոտի» ունեցած տեղեկություններով, որոնք հաստատեցին նաեւ Սերյոժա Հարությունյանի հարեւանները, սույն իրադարձություններից մի քանի օր առաջ ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանը եւ Մալաթիա-Սեբաստիա համայնքի թաղապետ Դավիթ Օհանյանը այցելել են Սերյոժայենց տուն եւ երկարատեւ «բանակցություններ» են վարել նրա հետ: Հենց նույն օրը երեկոյան նրան տեղափոխել են «Մալաթիա» բժշկական կենտրոն եւ տարօրինակ զուգադիպությամբ արգելել են շփվել արտաքին աշխարհի հետ ճիշտ երեք օր՝ դա այն ժամկետն է, որի ընթացքում պետք է հաստատվեին հանձնաժողովների անդամների թեկնածությունները: Սերյոժա Հարությունյանի կողմից նման քայլի գնալու դրդապատճառներից մեկն էլ, ըստ շրջանառվող լուրերի, նրա որդին է: Վերջինս մի քանի ամիս է, ինչ վերադարձել է ՌԴ-ից, եւ ըստ մեր աղբյուրի՝ արդեն մեկ ամիս է՝ կալանավորված է թմրանյութերի օգտագործման եւ տարածման մեղադրանքով: Ենթադրություններ կան, որ սա նախօրոք ծրագրավորված քայլ է, եւ այս գործարքի արդյունքում Ս. Հարությունյանի որդին ազատ կարձակվի:

Արդյունքում, երեկ «Ժառանգության» ներկայացուցիչները հայտարարեցին, որ նրանք պատասխանատու չեն նշյալ 33 տեղամասերում հանձնաժողովի՝ իրենց պատկանող տեղերը զբաղեցնող անձանց համար: Ամենայն հավանականությամբ, Սերյոժա Հարությունյանը կհեռացվի կուսակցությունից: Երեկվա ասուլիսում «Ժառանգության» ներկայացուցիչները դատապարտեցին բռնություններով ընթացող քարոզարշավը. «Այս երկրում անպատժելիությունն անցել է բոլոր չափ ու սահմանները, ինչի հետեւանքով արդեն իսկ կասկածի տակ են ազատ եւ արդար ընտրություններ անցկացնելու իշխանությունների հայտարարությունները»: Ամեն դեպքում՝ նրանք վստահեցրեցին, որ առաջիկա ընտրություններում թե դիտորդական, թե վստահված անձանց եւ թե հանձնաժողովների անդամների մակարդակով լուրջ վերահսկողություն են իրականացնելու:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել