Երեկ, ուշ երեկոյան, «Զվարթնոց» կինոթատրոնի մոտ գտնվող ՀՀԿ նախընտրական շտաբի դիմաց էին կուտակվել 3-4 ոստիկանական մեքենաներ, նաեւ՝ գեներալ Հայկազ Բաղմանյանի ավտոմեքենան: Թաղամասի բնակիչներից ստացած լուրերի համաձայն՝ ընդհարում էր եղել ԲՀԿ-ականների եւ հանրապետականների միջեւ, որի հետեւանքով մասնավորապես տուժել էին Քանաքեռ-Զեյթունի թաղապետ Արայիկ Քոթանջյանը եւ համատիրության մի հանրապետական ղեկավար՝ «Չաղ Արմեն» անունով: Կատարվածի վերաբերյալ պարզաբանումներ ստանալու մեր թղթակցի փորձերն ապարդյուն էին՝ ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի պետ Գագիկ Վարդանյանը պատասխանեց, թե խիստ զբաղված է եւ չի կարող հարցերին պատասխանել: Իսկ ՀՀԿ շտաբում գտնվող Արայիկ Քոթանջյանը, որը մեր թղթակցի դիտարկումներով՝ կաղում էր, հրաժարվեց պատասխանել հարցերին: Նրա անունից փոխանցեցին, թե ի վիճակի չէ հիմա ընդունել թղթակցին: