Լրահոս
Օրվա լրահոսը

Դիզայներները կրթությունը կիրառելու տեղ չունեն

Մայիս 12,2009 00:00

Հայկական դիզայնի կենտրոն չունենք

«Հայաստանում դիզայները պետական ուշադրության պակաս ունի»,- ասում է Հայաստանի դիզայներների միության նախագահ Մարտին Կակոսյանը: Գեղեցիկ արվեստների ազգային ակադեմիայի ռեկտոր Էդուարդ Սեդրակյանն էլ նշեց. «Հայաստանը կարիք ունի ստեղծելու դիզայնի կենտրոն: Մենք մտքի, տաղանդի, ստեղծագործողի խնդիր չունենք: Ունենք հովանավորության եւ աջակցության խնդիր, քանի որ երիտասարդ դիզայներները պարբերաբար մասնակցում են միջազգային մրցաշարերի»:

Վերջերս Գեղեցիկ արվեստների ազգային ակադեմիայի ուսանողները հագուստի դիզայնի միջազգային մրցաշարերից վերադարձել են երկու մեծ հաղթանակով: Է. Սեդրակյանի փոխանցմամբ. «Առաջինը հայտնի դիզայներական բուհի՝ Ստրոգոնովի ինստիտուտի կողմից նախաձեռնած մրցույթն էր, որը կայացավ 2008 թ. դեկտեմբերին՝ Մոսկվայում եւ 2009-ի ապրիլին՝ Մոսկվայում. Ազգային տարազների բարձր նորաձեւության միջազգային մրցույթն էր՝ «Էթնո-Էրատո 2009»: Դեկտեմբերին կայացած մրցույթին մասնակցեցինք 8 աշխատանքով: Մասնակցում էր 22 բուհ, որոնց միջից Գրան պրին բաժին հասավ մեր ակադեմիային: Երկրորդ մրցույթն ուսանողական չէր: Մասնակցում էին 25-ից ավելի երկիր, նորաձեւության տներ, անհատ դիզայներներ, դիզայներական կենտրոններ: Պայքարն անհավասար էր՝ 60 հավաքածու՝ մոտ 500 աշխատանքով: Հայաստանը մասնակցում էր երկու հավաքածուով՝ ակադեմիայի 4-րդ կուրսի ուսանողների «Լեռների լեգենդը» եւ նանայական ժողովուրդների վերաբերյալ՝ «Նանայական հեքիաթներ»: Մրցույթը, հոբելյանական լինելով, կայանալու էր անցյալ տարիների մրցույթի հաղթողների միջեւ: Նախկինում մենք մասնակցել ենք 2004-ին, 2005-ին, 2007-ին եւ այս տարի, որոնցից վերադարձել ենք 5 մրցանակով: Երկու անգամ բերել ենք առաջին կարգի, երեք անգամ էլ՝ 3-րդ կարգի դիպլոմներ: Այս տարի մրցույթում առաջինից երրորդ տեղեր գոյություն չունեին, ինչպես միշտ է լինում: Կազմկոմիտեն ընտրեց լավագույն տասնյակ, որը բաժանվեց երկու մասի՝ առաջին հնգյակ, երկրորդ հնգյակ: Մենք հայտնվեցինք առաջին հնգյակում, որը կոչվեց գլխավոր մրցանակ, ինչի հիման վրա հրավեր ստացանք մասնակցելու Ուլան-Բատորում հուլիսին կայանալիք մեծ շոու-ցուցադրությանը եւ Ռոտերդամում սեպտեմբերին կայանալիք ցուցադրությանը»: Է. Սեդրակյանի խոսքով, հայ դիզայներները հրավերների պակաս չունեն. «Ոլորտը շատ խնդիրներ ունի: Ունենք բազմաթիվ հրավերներ միջազգային մրցույթներից, բայց չկան հնարավորություններ դրանց մասնակցելու համար: Մասնագետի պակաս նույնպես չունենք: Կան բազմաթիվ տաղանդավոր երիտասարդներ, որոնք օրիգինալ մտածելակերպ ունեն: Դպրոց կա, աշակերտներ՝ նույնպես, բայց ոլորտը դոփում է նույն տեղում: Ուշադրություն չի դարձվում դիզայնի, նորաձեւության ոլորտին: Դիզայնը արդյունաբերություն է, իսկ արդյունաբերությունը պետությանը օգուտներ է բերում, երբ այն շրջանառության մեջ է, վաճառվում է: Ցավալին այն է, որ դիզայներ-շրջանավարտները իրենց ձեռք բերած կրթությունը կիրառելու, օգտագործելու տեղ չունեն: Լավագույն դեպքում խանութում են աշխատում»:

Դիզայներական ոլորտի խնդիրների, պետության համար վերջինի կարեւորության մասին խոսեց նաեւ Մարտին Կակոսյանը. «Ունենք դիզայներական բավականին բարձր ճաշակի ներուժ: Հայաստանում չկա հայկական դիզայնի կենտրոն, որում ներառված կլինեն ինտերիերի, հագուստի, կոշիկի, մեքենայի դիզայնները: Այսօր Հայաստանը անդադար ներմուծողի դերում է. մենք չենք կարող միշտ ներմուծողի դերում լինել: Պետք է նաեւ արտահանել, չէ՞: Արտահանման խնդիրը շատ դժվար է»: Ըստ Մ. Կակոսյանի. «Եթե ունենանք պետական հովանավորություն, ուսումնական լավ բազա, ապա Հայաստանը կունենա այնպիսի հագուստի մշակումներ, բրենդներ, որոնք կհավասարվեն համաշխարհային հայտնի բրենդներին: Հայաստանի դիզայներական միտքը ամբողջովին պատրաստ է համաշխարհային շուկա դուրս գալու համար, միջոցներ են պետք, միջոցներ… Ժամանակն է հասկանալ, որ բավ է թուրքական էժանագին հագուստներով խաբենք ինքներս մեզ: Փոքր միջոցներով դիզայներները փորձում են նմուշներ ստեղծել, որոնց ինքնարժեքը բավական թանկ է եւ ոչ հարմար հայի գրպանին, դրա համար էլ հայերը տուրք են տալիս թուրքական միօրինակ արտադրանքին»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել