Լրահոս
Օրվա լրահոսը

ՊՈՌՆՈՖԻԼՄԵՐԻ ԴԻՏՈՒՄԸ ԲԱՎԱՐԱՐՄԱՆ ԱՂԲՅՈՒՐ ԴԱՐՁՆԵԼԸ ՎՏԱՆԳԱՎՈՐ Է

Մայիս 12,2009 00:00

Նրանցում գերիշխում է ագրեսիան, իսկ սեռական ակտը միայն ֆիզիկական շարժում չէ

Աշխարհում չկա մի առողջ տղամարդ, որը երբեւէ էրոտիկ ֆիլմերով հետաքրքրված չլինի, դրանք ծնողներից, քույր-եղբայրներից գաղտնի պարբերաբար կամ երբեմն չդիտի, կամ չկարդա էրոտիկ բովանդակությամբ ամսագրեր: Բոլոր նորմալ կողմնորոշում ունեցող արական սեռի ներկայացուցիչների համար, անկախ նրանից՝ դեռահաս են, թե չափահաս, հաճելի է տեսնել կանացի գեղեցիկ ու մերկ մարմիններ, համբուրվող ու սեքսով զբաղվող զույգեր: Ինչպես մասնագետներն են ասում՝ ամեն ինչ իր ժամանակն ունի: Օրինակ, եթե դեռահասն է չափից ավելի տարվում էրոտիկ նյութերով, ֆիլմերով, դա բացասաբար է ազդում նրա առողջության վրա: Սակայն դա չի նշանակում, որ էրոտիկ ֆիլմեր դիտելով տարված հասուն տղամարդկանց ոչինչ չի սպառնում:

Ինչո՞ւ են տղամարդիկ սիրում դիտել պոռնոֆիլմեր: Ի՞նչ են «տալիս» էրոտիկ ֆիլմերը: Ճի՞շտ է, արդյոք, դրանց պարբերաբար դիտումը: Եվ ի՞նչ վնասակար հետեւանքներ կարող է այն ունենալ արական սեռի ներկայացուցիչների համար:

Այս հարցերի շուրջ «Առավոտը» զրուցեց բժշկական գիտությունների թեկնածու, ԵՊԲՀ սեքսոլոգիայի ամբիոնի դասախոս, բժիշկ-սեքսոլոգ Վրեժ Շահրամանյանի հետ: Ըստ նրա՝ պոռնոֆիլմերի մոլուցքը տարածված խնդիր է ոչ միայն Հայաստանում, այլեւ ողջ աշխարհում: «Պոռնոֆիլմերի հակումը, իր տեսակով, կոմպենսատոր մեխանիզմ է: Այսինքն՝ այն տղամարդիկ կամ երիտասարդները, որոնք դեռեւս չունեն ռեալ սեռական կյանքով ապրելու հնարավորություն, իրենց սեռական հակումները, ցանկությունները կոմպենսացնում են այդ տարբերակով. դիտում են էրոտիկ, պոռնոֆիլմեր եւ գրգռման ֆոնի վրա լիցքաթափվում»,- մեկնաբանում է Վ. Շահրամանյանը: Սեքսոլոգը փաստում է, որ էրոտիկ ֆիլմերի դիտումը չի կարելի սովորույթ դարձնել. «Դրա երկարատեւ ընթացքը՝ կպչուն ձեւով, որով անձը ապրում է, չի կարելի համարել ֆիզիոլոգիական նորմա, որովհետեւ անձը պետք է հասունանա, անցնի հոգեսեռական զարգացման բոլոր փուլերով եւ նոր ունենա ռեալ սեռական հարաբերություններ»: Վ. Շահրամանյանի փոխանցմամբ, եթե մարդն ունի սեռական կյանքով ապրելու հնարավորություն, բայց նախընտրում է պոռնոֆիլմերը, վերջինս դարձնելով կյանքի հիմնական զբաղմունք, ուրեմն սեքսոլոգիական լուրջ հետազոտության կարիք ունի. «Երեւույթը տարածված է, եւ դրա նպաստող գործոններից են նաեւ պոռնոֆիլմերի անվերահսկելի արտադրությունը, ինտերնետը, որը տալիս է բոլոր հնարավորությունները դրանք դիտելու»:

Սեքսոլոգը երիտասարդ տղաներին խորհուրդ չի տալիս տուրք տալ պոռնոֆիլմերի դիտմանը. «Այն կարող է վատ ազդեցություն թողնել տղամարդու սեռական կյանքի վրա: Շատ դեպքերում երիտասարդը դիտում է, իրեն թվում է՝ դա սեքսուալ նորմա է, եւ հետո փնտրում է այդ տեսակով ապրելու միջոցներ: Այսինքն՝ ինչ ինքը տեսնում է էկրանին, նույնը փորձում է իրական կյանքում յուրացնել, ռեալիզացնել»: Պարբերաբար պոռնոֆիլմեր դիտելուց առաջացած հետեւանքների մասին էլ բժիշկը նշում է. «Նման կյանքով ապրողների համար էկրանին ցուցադրվող պոռնոգրաֆիան դառնալով նորմա, նրանց մեջ ձեւավորում է կարծիք, թե հենց դա է ընդունված սեռական հարաբերությունների ձեւը: Իրականում, էկրանին ցուցադրվող ֆիլմերում գերիշխում է ագրեսիան, կոպտությունը, այնտեղ չկա սեր, քնքշանք, հարգանք կողակցի նկատմամբ: Նման ֆիլմերի դիտումը կարող է հանգեցնել սիրո զգացումի վերացմանը, անհետացմանը եւ ծնունդ տալ ագրեսիային, ինչը կին եւ տղամարդ սեռական հարաբերություններում նախընտրելի չէ: Իսկ անձի՝ տվյալ դեպքում տղամարդու մոտ սիրո զգացումի, քնքշանքի վերականգնումը լուրջ հոգեբանական խնդիր է: Սեքսոլոգների համար էլ հետագայում դժվար է անձին վերահամոզել, բացատրել, որ այն, ինչ իրենք տեսնում են էկրանին, մեղմ ասած՝ աղբ է: Երբեմն ուսանողները գալիս եւ հարցնում են՝ ճի՞շտ է, արդյոք, որ այսպես է, ճի՞շտ է այս դիրքը… Պարզ հասկանում ես, որ այն, ինչ խոսում են՝ պոռնոֆիլմերի դիտումների արդյունքներն են»:

Այնուամենայնիվ, Վ. Շահրամանյանը գտնում է, որ պոռնոֆիլմերի դիտումը սխալ չէ. «Կարելի է մեկ, երկու անգամ դիտել՝ զուտ հետաքրքրությունից ելնելով: Բայց տարվել դրանով եւ այն դարձնել բավարարման աղբյուր՝ վտանգավոր է»: Իրական եւ էկրանային ազդեցությունների մասին էլ սեքսոլոգը պարզաբանեց. «Բնականաբար, էկրանից դիտվող ագրեսիայով պարուրված սեռական հարաբերությունները չեն կարող մարդուն տալ նույն զգացումները, լիարժեք բավարարումը, ինչ՝ իրական սեռական հարաբերությունները: Երկու սեռերի շփմանը ոչ մի այլ միջոց չի կարող փոխարինել: Սեռական ակտը միայն ֆիզիկական շարժում չէ: Դա հոգեբանական եւ ֆիզիկական գործոնների ամբողջություն է: Բացառված է, որ պոռնոֆիլմերի կամ ինչ-որ այլ խթան հանդիսացող գործոնների միջոցով անձը լիարժեք բավարարում ստանա: Պարզապես դեռահաս տարիքում ընդունելի է էրոտիկ ֆիլմերի ձգտումը, դիտումը, ինֆորմացիայի ձեռքբերումը, որովհետեւ դեռահասի մոտ բուռն կերպով զարգանում են նյարդային, էնդոկրին՝ հոգեսեռական համակարգերը, եւ հորմոնների քանակն է ստիպում, որ նա փնտրի նման ֆիլմեր, պատկերներ»: Վտանգների մասին էլ ասաց. «Բացի սեռական խախտումներից, դեռահասների համար վտանգավոր է նաեւ համասեռամոլների հարաբերություններին ականատես լինելը, քանի որ նման ֆիլմերում շատ հաճախ ներկայացվում են համասեռամոլների սեռական հարաբերություններ: Իսկ դեռահասի հոգեբանությունը շատ անկայուն է: Նրան հետաքրքիր է տեսնել ամեն ինչ: Իսկ ցանկացած ազդակ, որը երկարատեւ է՝ ձեւավորում է ռեֆլեքս: Եվ նա կարող է մի օր որոշել՝ իսկ ինչո՞ւ սա էլ չփորձեմ: Ու այդպես պոռնոֆիլմերը կարող են ծնունդ տալ համասեռամոլ կապերի հաստատմանը»:

Սեքսոլոգը վկայում է, որ պոռնոֆիլմերի հակումն անցողիկ է, բայց. «Եթե երիտասարդն ամուսնանում է եւ միեւնույն ժամանակ տուրք տալիս պոռնոֆիլմերին, նախընտրելով էկրանայինը, ապա անհապաղ պետք է դիմել սեքսոլոգի միջամտությանը»: Հարցին, թե հանդիպե՞լ են դեպքեր, երբ ամուսնացած, ռեալ սեռական հարաբերությունների հնարավորություն ունեցող երիտասարդը չբավարարվի կնոջ հետ սեռական հարաբերություններով եւ շարունակի պոռնոֆիլմերի դիտումն ու դրանցով լիցքաթափվի, բժիշկը պատասխանեց. «Մեր իրականությունում, ցավոք, այդ խնդիրը կա: Այս պարագայում էրոտիկ ֆիլմերի դիտումը զուտ ֆիլմի դիտում չէ, սա արդեն հիվանդություն է, սեռական խախտում: Մասնավորապես՝ նոր ամուսնացած երիտասարդների մոտ է նկատվում խնդիրը: Շատ դեպքերում կանայք գալիս եւ դժգոհում են, որ ամուսիններն անհրաժեշտ ուշադրություն չեն հատկացնում իրենց, սեռական հարաբերությունները լիարժեք չեն եւ հանգուցակետին չեն հասնում: Նույնիսկ կան դեպքեր, որ ստիպում են իրենց կանանց նույնպես դիտել այդ ֆիլմերը եւ անել այն, ինչ ցուցադրվում է էկրանին: Իսկ ընդհանրապես ես չէի ցանկանա, որ պոռնոֆիլմերը դառնային ուղեցույց: Ավելի լավ է խորհուրդ հարցնել մասնագետներից՝ զերծ մնալով սեռական խախտումներից, քան սովորել էկրանից»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել