Լրահոս
Օրվա լրահոսը

«Փյունիկի» 4-րդ գավաթային բարձունքը

Մայիս 12,2009 00:00

\"\"Ֆուտբոլի Հայաստանի գավաթի եզրափակիչ հանդիպումն ավանդաբար կազմակերպվում է մայիսի 9-ին՝ Հաղթանակի օրը:

Հայկական ֆուտբոլում իր նշանակությամբ երկրորդ տիտղոսի համար այս անգամ պայքարեցին Երեւանը ներկայացնող մեր երկու ճանաչված ակումբները՝ «Փյունիկն» ու «Բանանցը»: Խաղը, որ կրկին, ավանդույթի համաձայն, կայացավ Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական ստադիոնում, մեծ հետաքրքրություն էր առաջացրել ֆուտբոլասերների շրջանում: Այդ պատճառով էլ տրիբունաներում մի քանի հազար մարզասերներ էին հետեւում դրա ընթացքին: Հետաքրքրասիրության պատճառներից մեկն էլ, անշուշտ, այն էր, որ ՀՖՖ-ի հրավերով հանդիպումը սպասարկելու նպատակով Հայաստան էր ժամանել Իտալիայի մրցավարների բրիգադը՝ ՖԻՖԱ-ի մրցավար Պաոլո Դոնդարինիի գլխավորությամբ: Որ խաղն անցնելու էր անզիջում պայքարում՝ կասկած չկար: Բայց որ ֆուտբոլիստների գլխավերեւում կհայտնվի վեց դեղին եւ երկու կարմիր քարտ՝ ոչ ոք չէր սպասում: Գլխավոր մրցավարը նախ երկրորդ դեղին քարտն ստանալու պատճառով 64-րդ րոպեին խաղադաշտից հեռացրեց «Փյունիկի» խաղացող Էդգար Մալաքյանին, ապա 81-րդին նույն ճակատագրին արժանացրեց «Բանանցի» կիսապաշտպան Նոա Կասուլեին:

Հանդիպման հիմնական ժամանակի 90 րոպեներին կողմերը կարողացան անառիկ պահել սեփական դարպասը: Ամեն բան տանում էր լրացուցիչ ժամանակին: Սակայն մրցավարի ավելացրած լրացուցիչ ժամանակի հենց առաջին րոպեին փյունիկցի Հենրիխ Մխիթարյանը հասավ հաջողության եւ այդ միակ գոլով հաղթանակ պարգեւեց իր թիմին:

Հանրապետության բազմակի չեմպիոն Երեւանի «Փյունիկը» իր կենսագրության մեջ չորրորդ անգամ նվաճեց Հայաստանի գավաթը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել