Օրերս «Արարատ» ակումբի ղեկավարությունը հերթական մամուլի ասուլիսն էր հրավիրել, որի ընթացքում կրկին քննադատվեց ֆուտբոլի ֆեդերացիան, մասնավորապես, ֆեդերացիայի նախագահը:
Ակումբի համասեփականատերերը՝ գլխավոր սեփականատեր, արտասահմանում բնակվող բիզնեսմեն Հրաչ Կապրիելյանը եւ վերջերս նրա հետ միասին փայիատեր դարձած Արկադի Անդրեասյանը, երդվելու աստիճան հավաստիացնում էին, որ իրենք «մայր հայրենիքում» ֆուտբոլը զարգացնելու համար ոչինչ չեն խնայել, սակայն ֆեդերացիան ամեն բան արել եւ շարունակում է անել այդ «հայրենանվեր» գործում իրենց ներդրումները փոշիացնելու համար: Ու կրկին երդվելու աստիճան խոստացան, որ որոշել են այսուհետեւ ակումբը սիմվոլիկ ֆինանսավորել:
Նշանակություն չունի, թե ով է ղեկավարում հայկական ֆուտբոլը: Կարեւորը մարզաձեւի զարգացումն է, կատարվող կոնկրետ քայլերը եւ մեր ֆուտբոլի միջազգային հեղինակության բարձրացումը:
Երեկ որոշ լրացուցիչ պարզաբանումներ տալու եւ լրագրողների` խնդրո առարկային առնչվող բոլոր հարցերին պատասխանելու նպատակով ասուլիս էր հրավիրել նաեւ ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը:
– «Արարատի» ղեկավարությունը հայտարարեց, որ Դուք խոստացել եք եվրագավաթների խաղարկությանը մասնակցելու իրավունք ստացած ակումբին աջակցել թիմում լրացուցիչ ֆուտբոլիստներ հայտավորելով, սակայն հետագայում հրաժարվել եք:
– Եթե հետեւել եք իմ հարցազրույցներին եւ ասուլիսներին, պիտի հիշեք, որ միշտ էլ ասել եմ, որ որպես ֆեդերացիայի նախագահ՝ պարտավոր եմ աջակցել բոլոր ակումբներին: Դա միայն իմ ցանկությունը չէ, այլ ի պաշտոնե՝ պարտականություն, որը հավասարապես տարածվում է բոլոր ակումբների վրա: Բայց դա չի նշանակում, որ պետք է գործեմ օրենքից դուրս եւ անօրինական քայլեր կատարեմ: Օրեր առաջ էլ «Արարատի» ղեկավարները հայտարարել են, իբր, ես հովանավորում եմ «Գանձասարին»: Ձեզանից որեւէ մեկը իմ շուրթերից երբեւէ նման բան լսե՞լ է: Կրկնում եմ, որ պարտավոր եմ օրենքի՝ ինձ վրա դրված պարտավորությունների սահմաններում աջակցել բոլոր ակումբներին, այդ թվում նաեւ՝ «Գանձասարին»: Ինչ վերաբերում է ֆուտբոլիստների հայտավորմանը, հիշեցնեմ, որ հենց անցած տարի նույն «Արարատի» եւ այլ ակումբների հետ նման բան եղել է առաջնությունն ուժեղացնելու նպատակով: Այս մրցաշրջանում մինչեւ առաջնության մեկնարկը, երբ հավաքել էի բոլոր ակումբների ղեկավարներին, մրցավարներին ու տեսուչներին, բոլորը միաբերան առաջարկեցին, որ առաջնության ընթացքում նման բաներ չարվեն: Ես գտնում եմ, որ դա իրոք ճիշտ է: Որքանո՞վ է նպատակահարմար, որ ֆուտբոլիստը երկրի առաջնությունն սկսի մի ակումբում, հետո հանդես գա մեկ ուրիշում: Դրա համար կարգ կա: Տրանսֆերների պատուհանի մասին հստակ որոշումներ կան, եւ դրանք մեզ հստակ ներկայացրել են փորձագետ-մասնագետները: Այնպես որ, խնդրում եմ, ուշադիր վերաբերվեք «Արարատ» ակումբի տերերի հայտարարություններին: Ինչ կատարվում է նրանց օգտին, շատ նորմալ է, իսկ երբ նույն բանը արվում է մեկ այլ ակումբի համար, շատ վատ է: Օրինակ, երբ զիջում ենք նրանց որակազրկված ֆուտբոլիստին, լավ է, իսկ այլ ակումբի ֆուտբոլիստի դեպքում աղմուկ են բարձրացնում:
– Ձեր կարծիքով՝ ո՞րն է «Արարատ» ակումբի այս պայքարի տրամաբանությունը:
– Մշտական ինտրիգը: Նրանց այլ բան պետք էլ չի: Ինքներդ դատեք: Եթե այսօր ակումբը խայտառակ վատ է հանդես գալիս, մեղադրում են ֆեդերացիայի նախագահին: Ես ինչո՞վ եւ ինչպե՞ս պետք է նրանց օգնեմ: Անդրեասյանն ստանձնում է գլխավոր մարզչի պարտականությունը: Բայց հենց թիմը ձախողվում է, ասում է, թե ինքը մարզիչ չի, այլ՝ համասեփականատեր: Ո՞վ է տեսել, որ մեկ թիմում այդքան մարզիչ փոխեն: Յուրաքանչյուր հաջորդ խաղին նոր գլխավոր մարզչի անուն են հաղորդում, հետո էլ հայտարարում են, թե նա գլխավոր մարզիչ չի: Ու իրենց այս անգրագետ վիճակն ու անգործությունը ուզում են բարդել ֆեդերացիայի ու մրցավարության վրա:
– Բայց հայտարարում են, թե ՀՀ-ում ֆուտբոլի զարգացման համար մեծ ներդրումներ են արել:
– Եթե գիտեք, ասացեք, թե «Արարատ» ակումբի ղեկավարներն ի՞նչ են արել ֆուտբոլի զարգացման համար: Ցույց տվեք նրանց հիմնած, թեկուզ մեկ մանկապատանեկան դպրոց, ակումբներ, տվե՞լ են գոնե մեկ որակյալ մարզիչ: Տասը տարում Հայաստանում որտե՞ղ է Հրաչ Կապրիելյանը ֆուտբոլի դպրոց կառուցել: Ձեզանից որեւէ մեկը հետաքրքրվե՞լ է, թե ինչ է արվել Ձորաղբյուրի հոյակապ բազայում: Չեմ ասում ՖԻՖԱ-ի եւ ՈՒԵՖԱ-ի՝ ակումբներին ներկայացվող պարտադիր պահանջների մասին: Ձորաղբյուրի խաղադաշտերից գեթ մեկը բարեկարգե՞լ են, որպեսզի իրենց իսկ վարպետների թիմը կամ պատանի ֆուտբոլիստները մարզվելու հնարավորություն ունենան: Հայաստանը դարձրել են լվացքատուն, «Արարատ» ակումբը՝ սպեկուլյացիայի առարկա եւ միջոց ու այդ անունն օգտագործելով՝ ուզում են ինչ-ինչ հաջողությունների հասնել: Ո՞վ կարող է հասկանալ եւ ընդունել նրանց այն միտքը, թե «Արարատը» թող իջնի առաջին լիգա եւ այնտեղ չեմպիոն դառնա: Լսել եմ, որ նրանց ասուլիսի ժամանակ լրագրողներից մեկն առաջարկել է վաճառել ակումբը, ինչին ակումբի տերը պատասխանել է, թե ընտանիքից ինչպե՞ս կարելի է հրաժարվել: Բա մեկը չգտնվե՞ց, որ հարցներ, թե քեզ ընտանիքի տիրոջ կարգավիճակում տեսնող ինչպե՞ս ես որոշել քո նույն ընտանիքը, երեխաներին գիտակցաբար սովի մատնել, հայտարարելով, որ սիմվոլիկ գումարներ ես տրամադրելու: Անգամ՝ ֆեդերացիայի նախագահի հետ ինչ-ինչ խնդիրներ ունենալու պարագայում: Այդպես ընտանիք չեն պահում:
– Մրցավարական լիգայի գաղափարի մասին ի՞նչ կասեք:
– Եթե դժգոհ են մեր մրցավարներից, առաջարկում եմ. թող իրենց խաղերի համար դրսից մրցավարներ հրավիրեն, ու իրենք էլ վարձատրեն: Համաձայն եմ անգամ, որ մրցավարներից երկուսը լինեն Հրաչ Կապրիելյանի եւ Արկադի Անդրեասյանի ծննդավայրերից: Ասել եմ ու, տեղն եկել է, էլի կրկնում եմ: Անդրեասյանը որպես ֆուտբոլիստ շատ բարձր է եղել, տաղանդավոր: Բայց նրա մարդկային որակներն այն չեն, ու որպես մարզիչ նա այդպես էլ չկայացավ:
– «Արարատն» այսօրվա խաղամակարդակով ինչպե՞ս է Հայաստանը ներկայացնելու եվրագավաթների մրցաշարում: Անունը եւ ժողովուրդը խայտառակ կլինեն:
– Նրանց նպատակն էլ հենց դա է:
– Ի վերջո, ելք կա՞ այս անվերջ թվացող վիճակից:
– Ելքեր, կարծում եմ, կարելի է գտնել: Բայց դրանում դուք էլ շատ անելիքներ ունեք՝ իրավիճակը մանրազնին ուսումնասիրելով եւ իսկական ճշմարտությունը ներկայացնելով:
Հ. Գ. Ըստ tert.am-ի՝ պարոն Հայրապետյանը, խոսելով Կապրիելյանի մասին նաեւ ասել է. «Անհայտ ծագումով այդ քաղաքացին եկել է այստեղ ու ասում է. «Հանելու ենք… Նախագահի հետ ենք խոսել, վարչապետի հետ ենք խոսել։ Հեսա ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահին հանելու ենք»։ Անկեղծ եմ ասում, ինքնասպան կլինեմ, որ Կապրիելյանի նման մարդիկ կարանան ուղղակի կրնկիս կողքերով ման գան։ Այսօր իրանք անցել են չափերն անձնականի։ Դեռ համբերում եմ, բայց մոտ օրերս Կապրիելյանի գլուխը կարող ա սվաղեմ ասֆալտի վրա։ Որովհետեւ իրանք օրենքի, բարոյականության բոլոր սահմանները անցնում են ու անձնական վիրավորանքներ են հասցնում իմ հասցեին։ Ես էն մարդը չեմ, որ կարող ա իմ մասին մեկը որեւէ բան խոսա ու մարսի։ Ես հասկանում եմ՝ ինչ ա ուզում անի։ Առայժմ համբերում եմ»: